ԿարևորՎերլուծական

Անվտանգություն ապահովելու մտադրություն Ադրբեջանը չունի. փորձագետները՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Վաղ, թե ուշ Ադրբեջանի նախագահը կանգնելու է Հաագայի միջազգային դատարանի առաջ․ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի արձագանքն է Իլհամ Ալիևի հայտարարությանը։ 

Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությանը, թե Արցախի բնակիչները կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ այլ տեղ փնտրեն ապրելու համար, «Ռադիոլուրի» հետ զրույցներում մեկնաբանել են նաև փորձագետները։

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի խոսքով՝ Ալիևը հստակ է ասել, որ Ադրբեջանի կազմում արցախահայերի անտանգությունը չի ապահովելու։ Դա Բաքվի վարած քաղաքականության ցայտուն օրինակ և մարտահրավեր է՝ նկատում է քաղաքագետը․

«Եթե Հայաստանի իշխանությունները չեն համարում, որ այլևս խաղն ավարտված է, Ադրբեջանը ինչպես կուզի այնպես կխոսի, ուրեմն՝ պետք է դրան համարժեք արձագանքեն, համարժեք քայլ անեն, այսինքն՝ ասեն՝ այս ո՞ւմ ենք վստահում մեր քաղաքացու կյանքը»։  

Քաղաքագետի կարծիքով՝ ամենակարևոր քայլը, որ պետք է անի Հայաստանի իշխանությունն այն է, որ փոխի իր մոտեցումը, երբ մի կողմ է դրել կարգավիճակը ու խոսում է անվտանգության մասին։ Միանգամայն հստակ է, որ այդ անվտանգությունն ապահովելու մտադրություն Ադրբեջանն ամնևեին էլ չունի․

«Այսինքն նշանակում է՝ եթե չկա կարգավիճակ, չկա նաև անվտանգություն. չաշխատեց այդ բանաձևը, որ առաջնայինը անվտանգությունն է»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ, անդրադառնալով Ադրբեջանի հերթական պահանջներին, ընդգծում է, որ այն պահից, երբ Հայաստանից հնչեցին հայտարարություններ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, Ալիևը սկսեց միջազգային հարթակներ տեղափոխել գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հիմնահարցը և Հայաստանի ու Արցախի դեմ վարել է՛լ ավելի ագրեսիվ քաղաքականություն։

«Այդ բարբարոսն արդեն բարբաջել է իր հերթական նվաստացուցիչ պահանջի մասին՝ պնդելով, որ արհեստածին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, փաստացիորեն, բավարար չէ, և ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» ասող Հայաստանն այսօր պետք է կրկնի «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» մեր խոսքերը, քանի որ եթե «ա»-ն ասվել է, ապա պետք է «բ»-ն էլ ասել։ Ինչ խոսք, սրա լկտիությանը չափ ու սահման չկա, ուստի յուրաքանչյուր նոր զիջում, ցավալիորեն, դուռ է բացելու հաջորդի համար և այսպես շարունակ»,- գրել է Վարդան Ոսկանյանը։

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը նույնպես նկատում է, որ Ալիևը ավելի կոշտ ու սանձարձակ է դառնում հայկական կողմի փափկությանը զուգահեռ.

«Հայաստանում մենք պետք է առաջին հերթին դիտարկենք ու հասկանանք, որ չի ստացվելու «փափուկ գծով» նրան կանգնեցնել. ագրեսորի ախորժակը զսպելը երբեք չի աշխատել և հիմա էլ չի աշխատելու։ Հակառակը՝ որքան արագ ագրեսորին զսպենք դիվանագիտական և ռազմական ճանապարհով, այդքան ավելի պաշտպանված է լինելու Հայաստանը թե՜ այսօր, թե՜ 100 տարի հետո։ Այսօրվա դրությամբ հարցը, ըստ իս, ճակատագրական է և այս գիտակցումը ես ուզում եմ, որ լինի»։

Նախօրեին Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանն ի պատասխան Ալիևը հայտարարել էր․ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կամ ապրելու համար այլ տեղ գտնեն»։

Ալիևի հայտարարություններից երևում է, որ նրա խորհրդականներն անպիտան են՝ նկատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհուրդ տալով աշխատանքից ազատել նրանց, որովհետև որքան շատ է հնչում նման հռետորաբանություն, որքան ավելի կոշտ ու դաժան է այն դառնում, այնքան մեծանում է հավանականությունը, որ վաղ թե ուշ Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ:

Մեջբերում՝ Ռուբեն Վարդանյանի գրառումից. «Ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ միջոցներով է ադրբեջանական պետությունը 120 հազար հայերին կարողանալու վտարել իրենց հայրենիքից: Ամեն դեպքում, դա կլինի մարդկության դեմ հանցագործություն: Եվ որքան մեծանում է ուժի սպառնալիքի լեզվով ճնշումն արցախցիների վրա, այնքան ավելի են նրանք համախմբվում և կողք կողքի կանգնում: Այս իմաստով սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։ Ես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ միակ ճանապարհը նորմալ բանակցություններն են, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ընտրված առաջնորդներին, և միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ նորմալ բանակցություններ վարի՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում սա ճանապարհ է, որն իրեն ոչ մի տեղ չի տանելու»։

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը համակարծիք է, որ միջազգային հանրությունն ունի անելիք, սակայն, նրա խոսքով, միջազգային հանրության համար պետք է ձևակերպել այդ անելիքը․

«Ալիևի ասածը հնարավորություն է՝ հարցը նոր որակով թարմացնելու, իսկ դա պետք է արվի պաշտոնական մակարդակով»։  

Փորձագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ, սակայն, միջազգային հանրությունն այս պահի դրությամբ այլ տարածաշրջաններով էլ է զբաղված և ցանկություն չունի Հարավային Կովկասով ավելի լուրջ զբաղվելու, հետևաբար՝ այստեղ ուժային բալանսն է սկսում ավելի մեծ դեր խաղալ․

«Ցավոք սրտի, միջազգային խաղացողները ընդամենը փորձում են միջնորդի դերում հանդես գալ, այլ ոչ թե իրենց ուժի հաշվին բալանսը շեղեն դեպի ավելի չեզոք դիրք, որտեղ որ բանակցությունը հնարավոր լիներ ավելի ադեկվատ ձևով անցներ»։

Ըստ փորձագետի՝ այս պահին ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը պատրաստ չեն գալ և այստեղ ուժային բալանս շտկել։ Այստեղ ուժային բալանսի ապահովմամբ շահարգրգիռ է և պատրաստ է միայն Իրանը։ Այդ մասին ակնարկներ բազմիցս արվել են, բայց Հայաստանի կողմից շատ ավելի լուրջ ակտիվության կարիք կա։ Քաղաքագետը կարծում է, որ այդ առումով արդեն ուշացում կա, բայց ինչ-որ բան անելը դեռ հնարավոր է։ 

Կարդացեք նաև

Back to top button