
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքի հետևանքով ապրիլի 11-ին զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հրամանագիրը ստորագրվել է ապրիլի 13-ին.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել.
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Մկրտիչ Արմենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր
Արիության մեդալով՝
Արթուր Ավետիսի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ
Հենրիկ Վաչագանի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, լեյտենանտ
Նարեկ Գագիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ»։




