
Ապրիլի 13-ին Ֆրանսիայի հեղինակավոր Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Արցախի ներկայացուցչության հետ համագործակցաբար, կազմակերպել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախ) շրջափակում. Արդյո՞ք ուժը գերակա է իրավունքի նկատմամբ» խորագիրը կրող համաժողով։
Համաժողովին որպես բանախոսներ հանդես են եկել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, «Le Figaro Magazine» պարբերականի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ-Բյուիսոնը (Jean-Christophe Buisson), Ֆրանսիական հետախուզական հետազոտությունների կենտրոնի հետազոտող և լրագրող Տիգրան Եգավյանը, «Défis humanitaires» պարբերականի նախագահ, «Միջազգային համերաշխություն» մարդասիրական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Ալեն Բուանեն (Alain Boinet), միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, Փարիզի փաստաբանական պալատի անդամ Ֆրեդերիկ Ֆորգը (Frédéric Forgues)։ Համաժողովը վարել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պատմաբան, Փարիզ 1 Պանթեոն Սորբոն համալսարանի դասախոս Արամ Մարտիրոսյանը։






Բանախոսները համաժողովի մասնակիցներին ներկայացրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, մարդասիրական և իրավական ասպեկտներով դիտարկել են Ադրբեջանի կողմից պետական մակարդակվող վարվող հայատյացության և Արցախի հայերի նկատմամբ տարվող էթնիկ զտման քաղաքականությունը, քննարկել են աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի ուղղակի և անուղղակի ազդեցությունը Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վրա, ընդգծել են միջազգային հանրության հստակ և հասցեական գործողությունների կարևորությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու և արցախահայությանը էթնիկ զտման վտանգից պաշտպանելու նպատակով։
Համաժողովին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչներ, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի դասախոսներ և ուսանողներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։




