ԿարևորՀասարակություն

Հուշարձան վերականգնողների նոր սերունդ չկա․ մասնագիտական տոնը ոլորտում տագնապով են նշում

Այսօր հուշարձանների պահպանության միջազգային օրն է։ Շուրջ 30 տարի առաջ՝ 1993թ. սեպտեմբերի 5-ին, Հայաստանը վավերացրեց համաշխարհային ժառանգության կոնվենցիան ու միացավ ՅՈւՆԵՍԿՕ–ի հռչակած միջազգային օրվան։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում գրանցված է ավելի քան 25 հազար հուշարձան, որոնցից ավելի քան 550–ը հրատապ վերանորոգման կարիք ունեն։ Ոլորտում, սակայն, անհանգստացած են․ մեր երկրում չկան կամ շատ քիչ են վերականգող ճարտարապետները, քարագործ վարպետները, ձեռագիր մատյաններ վերականգնեղներն ու համապատասխան այլ մասնագետները։

Հուշարձանների պահպանության միջազգային օրը ոլորտի մասնագետները նշում են ահազանգով՝ Հայաստանում վերականգնողի մասնագիտությունը վտանգված է․ չկան երիտասարդ մասնագետներ և, որ ամենակարևորն է, ոլորտային ակադեմիական կրթություն չկա։ «Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի» նախագահ Գայանե Էլիազյանը նկատում է՝ քչերն են թանգարաններում, Մատենադարանում, կամ առհասարակ հուշարձանների տարածքներում շրջելիս մտածում, որ ցուցադրվող նմուշների հետևում հենց վերականգնող մասնագետների աշխատանքն է:

«Պարզվեց, որ մասնագիտությունների ցանկում նույնիսկ չկա վերականգնողի մասնագիտություն, չնայած նրան, որ այդ մասնագիտությունը չափազանց կարևոր է, այդ մասնագետը կարծես հնի և ապագայի միջև կամուրջ է»,– ասում է Գայանե Էլիազյանը։

Հաշվի առնելով Հայաստանի բազմադարյան պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը՝ մեր առաջ մեծ խնդիր կա դրված՝ եղած արժեքները նաև հաջորդ սերնդներին փոխանցել, ասում է Գայանե Էլիազյանը։ Նա ոլորտի խնդիրները լուծելու նպատակով գործընկերների հետ հասարակական կազմակերպություն է հիմնել։ «Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի» անդամները ասում են, որ իրենց ամենակարևոր նպատակներից մեկը հենց երիտասարդ կադրեր պատրաստելն է։

«Այնքան թերի է այս դաշտը Հայաստանում, որ վերականգնեղները հնարավորություն չունեն Հայաստանից նյութեր ու գործիքներ ձեռք բերել։ Ստիպված ենք լինում արտերկրից բերել, ինչը, բնականաբար, նաև ավելի թանկ է։ Հույս ունենք, որ ասոցացիայի շրջանակներում հնարավորություն կունենանք լուծելու տեխնիկական, գիտատեխնիկական ու սոցիալական հարցեր նաև»,– ասում է ասոցացիայի նախագահը։

Հնագիտական գտածոները, քանդակները, նկարները, որմնանկարները, ձեռագիր մատյանները․․․ այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչը պահվում ու պահպանվում է թանգարաններում, պարբերաբար վերականգնելու, վերամշակելու կարիք ունեի, նկատում են մասնագետները։ Այսօր գիտահետազոտական կենտրոնները, ինստիտուտները, թանգարանները, օրինակ՝ Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը սեփական միջոցներով են համապատասխան մասնագետներ կրթում։ Բայց եղած մասնագետներին նաև ոլորտում պահելու խնդիր կա՝ նկատում է ասոցացիայի նախագահը․

«Եկեք Մատենադարան, տեսեք մեր ցուցադրություն․ մեծ մասը երիտասարդների հմուտ ձեռքերով են կատարված։ Բայց մենք կորցնում ենք այդ մասնագետներին, քանի որ լուծված չեն ու չկան սոցիալական երաշխիքներ ու պայմաններ»։

Վերականգնող մասնագետների կարիք ունեն ոչ միայն վերը թվարկած շարժական հուշարձանները, այլև անշարժները՝ եկեղեցիները, վանքերը,  պատմամշակութային այլ կառույցները։ Ավելի քան 2 տարի է պետական մարմինները մրցույթ են հայտարարում Փարպի գյուղի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին վերականգնելու համար, սակայն մրցույթում հաղթող կազմակերպություն կամ վերականգնող վարպետներ գտնել այդպես էլ չի ստացվում։ Վերականգնելու համար ֆինանսավորում ունի նաև Այգաշատի Թարգմանչաց վանքը։ Բայց այս դեպքում էլ առայժմ մասնագետներ չկան՝ ասում է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը․

«Վերականգնողների, հատկապես հենց քարագործ վարպետների խնդիր ունենք, շատ քիչ են, և այդ հմտությունները փոխանցելու կարիք ու անհրաժեշտություն կա․ սրա վերաբերյալ նույնպես փորձում ենք լուծումներ գտնել։ Հենց այդ պատճառով նաև չենք գտնում համապատասխան կազմակերպություններ, որոնք կվերանորոգեն այս բարդագույն եկեղեցիները»,– մանրամասնում է Վանյանը։

Փարպիի Ծիրանավոր եկեղեցին

Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում գրանցված է 25 հազարից ավելի հուշարձան կա։ Դրանցից ավելի քան 550–ը հրատապ վերականգման կարիք ունեն։ Նախորդ տարիների համեմատ, պետությունն այս տարի զգալի ավելացրել է հուշարձանների վերականգմանը հատկացվող միջոցները։ Օրինակ՝ անցած տարվա 300 միլիոնի փոխարեն այս տարի ավելի քան կես միլիարդ դրամ կծախսվի։ Ոլորտի խնդիրները, սակայն, միայն մասնագետների բացով չեն սահմանափակվում՝ ասում է Վանյանը։

«Վերականգման դեպքում հաճախ տեսնում ենք, օրինակ, քարի գույնի ակնհայտ տարբերություններ։ Հանդիպում են դեպքեր, որ այդ հուշարձանի առաջնային հանքը հիմա գործող չէ, և եթե օրինակ, խորհրդային տարիներին պետությունը հատուկ թույլտվություն էր տալիս փակ հանքը բացելու, ապա հիմա մենք այդ հնարավորությունը չունենք»։

Սանահինի վանական համալիրը

Պետք է հասարակությունն ու պետությունը գիտակցեն, որ գոյություն ունի վերականգնողի մասնագիտութուն․ պրոֆեսիոնալներն այսպես են ձևակերպում իրենց համար ոլորտային ամենամեծ խնդիրը։ Նրանք վստահ են, որ այս հարցը լուծելու դեպքում, Հայաստանը հնարավորություն կունենա նաև աշխարհին վերականգնող մասնագետներ տրամադրել։

Կարդացեք նաև

Back to top button