
Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մասնակից հավաքականները կարողանան անթերի մարզումներ անցկացնել ու մասնակցել առաջնությանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ Ֆլորիան Սպերլը։
«Շատ զգացված եմ հայաստանցիների ջերմ վերաբերմունքից, դուք շատ բաց և բարի ազգ եք։ Ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում»,- ասել է Ֆլորիան Սպերլը՝ հավելելով, որ արդեն մտածում է Հայաստան երկրորդ այցի մասին՝ ոչ միայն աշխատանքի, այլև հանգստի համար։
Նա բարձր է գնահատել միջոցառման «տպավորիչ» կազմակերպումը Հայաստանում, ներառյալ մարքեթինգը։ «Հայաստանը սպորտային երկիր է, այստեղ բոլորը տեղյակ են այս մարզաձեւից։ Ես խոսում եմ ոչ միայն իմ սեփական զգացումների, այլ ներկայացնում եմ մեր հավաքականի կարծիքն էլ․ սկսած ուղևորափոխադրումից՝ մինչև հարթակ բարձրանալը մեր հավաքականը ոչ մի խնդիր չի ունեցել։ Ամեն ինչ արվել է, որ հավաքականները կարողանան անթերի մարզվեն և մասնակցեն մրցումներին։»,- ասել է Գերմանիայի ֆեդերացիայի ղեկավարը։
«Ի դեպ, այստեղ շատ են նաև անվտանգության աշխատակիցները։ Ես դեռ որևէ միջոցառման ժամանակ նման քանակի անվտանգության աշխատակից չէի տեսել։ Դա շատ լավ է, խոսում է այն մասին, որ այստեղ հաշվի են առնված բոլոր տեսակի ռիսկերը, որ հանկարծ որևէ խնդիր չառաջանա։ Ինչպես արդեն նշեցի՝ մեր հավաքականը իրեն շատ լավ է զգում Հայաստանում և որևէ խնդիր չունի։»,- հավելել է Սպերլը։
«Այն, ինչ տեսա այստեղ, վկայում է, որ Հայաստանը կարող է ավելի մեծ միջոցառումներ կազմակերպել։ Դրական ազդանշաններ եմ ստանում նաև Գերմանիայի իմ գործընկերներից, ովքեր հետևում են միջոցառմանը։ Գիտեք, միշտ չէ, որ Եվրոպայի առաջնությունները նման պայմաններում են անցկացվում»,- նշել է նա։
Ֆլորիան Սպերլը հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին ոչ միայն այս միջոցառման, այլ նաև Օլիմպիական խաղերի ժամանակ, նաև շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին և բոլոր այն անձանց, ում ջանքերով մրցաշարն իրականություն է դարձել։




