
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական կրթաթոշակների չափը սահմանելու, պետության համար առաջնային կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին օրենսդրական նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 2023-2024 թվականին ընդունված ուսանողների կրթաթոշակներն ավելացնել շուրջ 14 անգամ՝ 70-77 հազար դրամ։ Գերատեսչությունում վստահ են, որ բարձր կրթաթոշակները լրացուցիչ խթան կհանդիսանան այդ մասնագիտություններն ընտրելու համար։ Դրանով նաև փորձ է արվում հասանելի և մատչելի կրթական ծառայություններ ապահովել օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար։
Գրավիչ մասնագիտությունների ցանկը վերջին տարիներին կարծես չի փոխվում։ Նորաոճ ու պահանջված են մնում իրավագիտությունը, ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան։ Փոխարենը աշխատաշուկայում մեծ է, օրինակ, ագրարային ոլորտի որոշ մասնագետների պահանջարկը։ Սակայն Ագրարային համալսարանը երբեք ամենապահանջվածների շարքում չի եղել։ Օրինակ, անցած ուսումնական տարում բուհն ընդամենը 38 ուսանողով համալրվեց։ Գրեթե 900 տեղ թափուր մնաց։ Մասնագիտական շրջանակներում ոլորտի գրավչության վերաբերյալ մտահոգությունները արդեն տարիների պատմություն ունեն, բայց ԿԳՄՍ նախարարությունում վստահ են, որ նման տխուր պատկեր այլևս չեն ունենա։ Նոր նախագծով Ագրարային համալսարան ընդունված յուրաքանչյուր ուսանող, անկախ առաջադիմությունից, կստանա 70 հազար դրամ կրթաթոշակ։ Առաջադիմությամբ պայմանավորված գումարի չափը ևս կբարձրանա։ Նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը վստահ է՝ այս փոփոխությամբ ոչ միայն կրթաթոշակները զգալի կբարձրանան, այլև բուհ ընդունվելու գրավչությունը կմեծանա․
«Հատկապես Ագրարային համալսարանում, նույնիսկ պետպատվերով տեղերը չէին համալրվել։ Իսկ հիմա արդեն մարզերի ուսանողներն էլ կդիմեն։ Ովքեր կարծում էին, թե չեն կարողանա հոգալ Երևանում իրենց կեցության ծախսերը, այս կրթաթոշակն իրենց թույլ կտա հոգալ այդ ծախսերը։ Մենք չենք առանձնացրել վճարովի, թե անվճար, կրթաթոշակը կտրամադրվի բոլորին։ Ըստ առաջադիմության՝ հետագայում կրթաթոշակը կավելանա ևս 10 տոկոսով»։
Փոփոխությունը, ի դեպ, միայն Ագրարային համալսարան ընդունվողներին չէ, որ վերաբերում է։ Պետության համար առաջնային կարևորության մասնագիտություններով մանկավարժական բուհ ընդունվողներին ևս կտրվեն բարձր կրթաթոշակներ։ Խոսքը ԲՏՃՄ ուղղությունների մասին է։ Փոփոխությունը տարածվում է 2023-2024 ուստարում ընդունվածների վրա:
«Հույս ունենք, որ կրթաթոշակները լրացուցիչ խթան կհանդիսանան այդ մասնագիտություններով դիմելության բարձրացմանը։ Զուգահեռ պետությունը այլ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հետագայում նաև աշխատատեղերը գրավիչ լինեն։ Օրինակ, ուսուցիչների մասով ատեստավորման համակարգն է ներդրված, էկոնոմիկայի նախարարության վերջին նախագծերում անասնաբույժի աշխատավարձն է բարձրացել։ Զուգահեռ քայլեր ենք ձեռնարկում, որ և դիմելությունը բարձրանա, և հետագա աշխատանքը գրավիչ լինի»։
Առաջարկվող փոփոխությունից մեծ են նաև կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի սպասելիքները․ «Սա կնպաստի, որ եթե, օրինակ, մարդ ուզում է ընտրել ֆիզիկոսի մասնագիտույթունը և երկընտրանքի առաջ է կանգնած՝ գնալ պետակա՞ն, թե՞ մանկավարժական համալսարան ու դառնալ մանկավարժ, կրթաթոշակի բարձր լինելը կնպաստի, որ կընտրեն նաև մանկավարժի մասնագիտությունը ֆիզիկոսի մասնագիտության հետ համատեղ։ Այսինքն՝ կդառնան ֆիզիկայի ուսոցիչներ և, ամենայն հավանականությամբ, կհամալրեն մեր ուսուցիչների թափուր հաստիքները»։
Փարձագետը, իհարկե, վստահ չէ, որ բուհն ավարտելուց հետո շրջանավարտը կաշխատի դպրոցում։ Դրա համար, կարծում է, որ բուհը պետք է նաև պայմանագիր կնքի դիմորդի հետ, որ այդ կրթությունն ու բարձր կրթաթոշակը իսկապես նպաստեն աշխատաշուկան համապատասխան մասնագետներով համալրելուն։
«Պայմանագիրը, որն ուսանողը կկնքի տվյալ բուհի հետ, նաև իր շարունակությունը պետք է ունենա։ Օրինակ՝ նվազագույնը մի քանի տարի պարտավորվի բուհն ավարտելուց հետո իր մասնագիտությամբ աշխատի։ Այդ ժամանակ կարող ենք ասել, որ մեր որոշումն ամբողջական է և օգտակար կլինի մեր տնտեսության, հասարակության համար։ Այլապես կստացվի, որ մենք, եթե նախկինում 5000 դրամ էինք «փոշիացնում» պետբյուջեից, հիմա ավելի շատ կփոշիացնենք և արդյունք չենք ստանա»։
1999 թվականից հետո կրթաթոշակների չափը չի փոփոխվել։ Տարիներ շարունակ մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակը տատանվում է 5-6 հազար դրամի սահմաններում։ Առաջարկվող փոփոխությունից միայն ագրարային և մանկավարժական որոշ մասնագիտություններ ընտրողները չէ, որ կշահեն։ Առհասարակ, կրթաթոշակ տրամադրելու սկզբունքներն են փոխվում։ Վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները, «Ռադիոլուրին» հայտնեց Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։
«Այլևս նպաստ հասկացությունը չենք կիրառելու, կիրառելու ենք կրթաթոշակ հասկացությունը՝ ելնելով ուսնողի կարիքից։ Առաջադիմության վրա հիմնված՝ կրթաթոշակը ձևավորվելու է, օրինակ՝ կեցության համար, սննդի համար, փոխադրամիջոցի համար տրամադրվող միջոցներ։ Օրինակ, եթե հեռավոր կամ սահմանամերձ մարզից ուսանողը պետք է ուսանի Երևանում, նրա կարիքից ելնելով, կտրամադրվի աջակցություն, կեցության կամ տրանսպորտի ծախսերը հոգալու համար։ Իսկ օրինակ, Կոտայքի մարզից եկող ուսանողին միջոցներ կհատկացվի փոխադրամիջոցի ծախսերը հոգալու համար»։
Նախագիծը չի շրջանցել նաև սոցիալական խմբերին։ Հաշմանդամություն ունեցող կամ առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին, ըստ առաջադիմության, կհատկացվի 50 հազար դրամ: Ակնկալվում է, որ կրթաթոշակ տրամադրելու նոր կարգը կնպաստի տնտեսությունն ու աշխատաշուկան նոր ու որակյալ կադրերով համալրելուն, ինչպես նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը:




