
Հայաստանի կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ։
Ինչպես նշված է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցում, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը տեղի է ունեցել հետևյալ հիմնական ուղղություններով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանազատում և անվտանգություն, հումանիտար հարցեր:
Այս հարցերի քննարկման համար ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 3 եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ (2022 թվականի ապրիլի 6-ին, մայիսի 22-ին և օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում), 2 քառակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ (որոնցից մեկը՝ հեռավար, մյուսը՝ Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին) և 1 եռակողմ հանդիպում ՌԴ նախագահի միջնորդությամբ (2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում)։ 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենում ևս 1 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ՝ ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ և ԵՄ միջնորդությամբ հանդիպել են 4 անգամ, ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները ՌԴ միջնորդությամբ հանդիպել են երկու անգամ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ՌԴ, ԱՄՆ և այլ գործընկերների միջնորդությամբ հանդիպել են 6 անգամ:
Տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023 թվականի փետրվարի 14-ին: ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:
«Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում ՀՀ կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթերցումների և վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձևավորումը»,- ասված է զեկույցում:
Նշվում է, որ 2022 թվականին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը, որից հետո տարվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երեք համատեղ հանդիպում: 2023 թվականի փետրվարի 17-ին ՀՀ-ն դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի հերթական նախագիծը: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների ուժով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի դրույթների համաձայն։ Սոչիի հայտարարությամբ կողմերը հստակ պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը՝ բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով։
2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի երկու նիստ (ստեղծման օրվանից ի վեր տեղի է ունեցել 11 նիստ): Ապաշրջափակման թեման պարբերաբար քննարկվել է նաև այլ ձևաչափերում:
Զեկույցում արձանագրվում է, որ չհասցեագրված են մնում նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ:
Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: ՀՀ-ն բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների և նրանց վերադարձի խնդիրը: 2022 թվականի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով: ՀՀ-ն միջազգային դատական և դիվանագիտական ատյաններում հետևողականորեն բարձրացնում է բռնի անհետացումների, ինչպես նաև գերիների խոշտանգման և զոհված զինծառայողների դիակների խոշտանգման և անարգման հարցերը:
2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ: 2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝
- 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ,
- գերեվարված անձանց նկատմամբ տեղի ունեցած ապօրինի դատավարությունների հետևանքով իրավունքների խախտումների, ներառյալ ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ,
- Լեռնային Ղարաբաղում՝ Փարուխի և Քարագլխի դեպքերի և Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։
2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր դրսևորումներին՝ ատելության և հակահայկականության քարոզ, ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հարց, պատմության կեղծում, կրթական հաստատություններում հակահայկականության հետևողական քարոզ, էթնիկ զտում, էթնիկ ատելության հիմքով խոշտանգումներ և վատ վերաբերմունքի դեպքեր, էթնիկ ատելության հիմքով սպանություններ, գլխատումներ և շատ այլ խախտումներ, որոնց կատարման մոտիվն էթնիկ հայերի նկատմամբ ատելությունն է։ Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարի 23-ին: Դատական ատյաններում բոլոր միջպետական գանգատներով Հայաստանի կողմից բարձրացվել են և բարձրացվելու են գույքային և ոչ գույքային վնասների հատուցման պահանջներ։
Զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիային։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի 36 բնակավայր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 գոմ: Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են ՀՀ ինքնիշխան տարածք:
2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ ՀՀ ինքնիշխան տարածքի ևս 75 քառակուսի կիլոմետր հատված ադրբեջանական օկուպացիայի ներքո է 1990-ականներից:
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (այսուհետ՝ ՀԱՊԿ)՝ ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման նպատակով «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ին համապատասխան աջակցություն (այդ թվում՝ ռազմական) տրամադրելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հատուկ նիստում ՀՀ-ի հանդեպ իրականացված ագրեսիայի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Ագրեսիայի առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի որոշմամբ սեպտեմբերի 15-ին մոնիթորինգային առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը։
2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում հայկական կողմն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների կապակցությամբ ՀԱՊԿ-ից համարժեք արձագանք չի ստացվել։ Հայկական կողմն արձանագրել է, որ նիստի ընթացքում ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի» և «Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագծերը չեն պարունակում ՀՀ-ի դեմ ագրեսիայի վերաբերյալ քաղաքական հստակ գնահատական և ագրեսիայի հետևանքները վերացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործողությունների պլան:
Բացի դրանից, ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների կողմից արտահայտված անորոշ դիրքորոշումների բերումով ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել: Առանց նշված հարցերի ճշգրտման՝ ՀՀ-ն նպատակահարմար չի համարել հիշատակված փաստաթղթերի ստորագրումը, ինչի պատճառով որոշումները չեն ընդունվել:
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ, ՀՀ-ի դիմումի հիման վրա, սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության (այսուհետ՝ Ֆրանսիա) նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններն արձանագրել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, կարևորել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը՝ շեշտելով նաև ՀՀ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը։
2022 թվականի հոկտեմբերի 21-27-ը ՀՀ է ժամանել ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը՝ սեպտեմբերի 13-ին սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնության արդյունքում հոկտեմբերի 17-ին Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) խորհուրդն ընդունել է որոշում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ դիտորդ-փորձագետներ տեղակայելու մասին: Առաքելության մանդատը ներառում էր իրավիճակի դիտորդություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով՝ երկու երկրների միջև վստահության կառուցմանն աջակցելու և սահմանային հանձնաժողովներին ԵՄ առավել առարկայական աջակցությունն ապահովելու նպատակով։ ԵՄ դիտորդական առաքելությունը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ավարտել է իր մանդատը։ ԵՄ խորհուրդը 2023 թվականի հունվարի 23-ին համաձայնություն է տվել ՀՀ տարածքում երկու տարի ժամկետով քաղաքացիական նոր առաքելություն (EUMA) ստեղծելու առաջարկին։ 2023 թվականի փետրվարի 20-ին առաքելությունն սկսել է իր աշխատանքը ՀՀ-ում:




