ԿարևորՀասարակություն

Ծառայողական քննություններ կլինեն ԱԱԾ-ում և ՊՆ-ում․ խորհրդարանում քննարկել են Տեղի միջադեպը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստի շրջանակում Ղազախստանի Սենատի նախագահի հետ հանդիպման ժամանակ մանրամասներ է ներկայացրել ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասին։ Սիմոնյան ասել է, որ ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են հայ զինծառայողներին, վեճ են հրահրել, տարբեր տրամաչաիփ հրազենից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը նաև ասել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները պատասխան գործողություններով պաշտպանել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։

Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքերը դեռ քննարկվում են նաև Աժ-ում։ Պատգամավորների և ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ Հայաստանի անվտանգային խնդիրներին վերաբերող փակ քննարկում է տեղի ունեցել ԱԺ-ում։ Քննարկումը տևել է 3 ժամից ավելի, մասնակցել են նաև ընդդիմադիր պատգամավորները։ Այսօրվա խորհրդարանական ճեպազրույցների զգալի հատվածը նույնպես այդ թեմայով էր։

Տեղ գյուղում արյունալի միջադեպով ուժային կառույցներում ծառայողական քննություն կանցկացվի։ Արդյո՞ք ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի պաշտոնանկությունը կապ ունի այդ գործի հետ՝ դեռ հստակեցում չկա, բայց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանում է, որ Մարալչյանին պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին: Քոչարյանը պնդում է՝ Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղաղցումից առաջ վարչապետը համապատասխան հանձնարարականներ տվել է․

 «Եթե խոսում ենք թերացումների մասին, որպեսզի ավելի շեշտադրված և ճիշտ առարկայական մոտեցում ունենա, անպայման մասնագիտական քննության արդյունքում պետք է գանք որոշակի եզրահանգումների։ ԱԱԾ-ում անպայման կլինի, անհրաժեշտության դեպքում ԶՈՒ-ում կլինեն ծառայողական քննություններ, որովհետև այստեղ և՛ սահմանապահ զորքերը ունեցել են գործառույթ, և ԶՈՒ-ն է ունեցել, այստեղ ներդաշնակման խնդիր կա, նաև այն խնդիրը, որ հարց ու պատասխանի ժամանակ, երբ ՀՀ վարչապետն ասում էր՝ կոնկրետ հանձնարարականներ են եղել, մնում է՝ այդ հանձնարարականները ուսումնասիրվեն ծառայողական քննության ընթացքում, ինչ մակարդակով են կատարվել կամ չեն կատարվել։ Եթե չեն կատարվել, ապա պատճառները որտեղ են»։

ԶՈՒ ղեկավար կազմի և պատգամավորների մասնակցությամբ նախօրեին խորհրդարանում 3 ժամից ավելի տևած փակ քննարկումից հետո ընդդիմադիր պատգամավորների մոտ անպատասխան հարցեր են մնացել։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը բարձրաձայնում է դրանցից մեկը․

«Ես մի պարզ հարց ունեմ․ կամ եղել է բանակցություն։ Եթե այդպես է եղել, ապա ո՞վ է եղել այդ բանակցության պատասխանտուն, որ այսպես է ավարտվել։ Եթե չի եղել բանակցություն՝ հստակ ադրբեջանական դիրքից հայկական դիրքի ուղղությամբ շարժվում է մեքենա։ Ինչո՞ւ կրակ չի բացվել։ Այդ հարցը մինչև այսօր անպատասխան է մնացել»։

Այս բնույթի հարցերը կամ կասկածները Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը անհիմն է համարում․

 «Իրենք խախտել էին ընդունված սահմանագծերը, որը հաստատված սահմանագծեր էին այդ տեղանքի համար։ Խախտման հետ կապված ուսումնասիրությունները շատ բան ցույց կտան, և կարծում եմ, որ հանրությանը ինչ-որ չափով հասանելի կլինի ոչ թե արտահոսքերի, այլ այսպիսի հանդիպումների ընթացքում։ Երեկ էլ քննարկվեց՝ ոնց սկսվեց, ոնց կրակեցին, ինչո՞ւ էր կորպուսի հրամանատարը այնտեղ, դա էլ է շահարկվում։ Բանակցողը ինչո՞ւ էր կորպուսի հրամանատարը։ Կորպուսի հրամանատարը այնտեղ էր, որպեսզի նման երևույթները առանց կրակելու լուծվեին։ Նման ազդեցիկ պաշտոնյա զինվորականը պարտադիր է և՛ իրենց կողմից, և՛ մեր կողմից։ Կապել սահմանագծման, սահմանազատման հետ, կարծում եմ, որ դա տեղին չէ»։

Անգամ փակ քննարկումից հետո ընդդիմադիրների համար հասկանալի չէ՝ ինչու ԶՈՒ կամ սահմանապահ զորքերի վերադասավորում չեղավ նախապես՝ մինչև Հայաստանը Արցախի հետ կապող երթուղու փոփոխությունը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյան․

 «Մեկ տարի առաջ՝ 2022-ի օգոստոսին, Բերձորի և Աղավնոյի հանձնումից հետո ճանապարհի այդ խնդրի ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանը ժամանակ է խնդրել Տեղ-Կոռնիձոր ճանապարհը ամբողջացնելու մինչև ապրիլի 1-ը։

Չեմ ուզում մտնել մասնագիտական հարցերի մեջ, բայց դա ենթադրում էր մեկ տարի առաջ համապարփակ ծրագրավորում, պլանավորում տարբեր ստորաբաժանումների, որովհետև գործ ունենք և՛ ԶՈՒ, և սահմանապահ զորքերի հետ»։

Անդրանիկ Քոչարյանի ներկայացմամբ՝ խորհրդարանում զինվորականների հետ փակ քննարկման ժամանակ պարզ դարձավ կարևոր հարցերից մեկը՝ հայկական զինուժը ադրբեջանական կողմին արժանի հակահարված է տվել․

«Ես չեմ ուզում արդարացնեմ, մխիթարվենք, որ նրանց զոհերը ավելի շատ են եղել, մերը՝ ավելի քիչ։ Այնուամենայնիվ, եթե մեր ԶՈՒ նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին։ կարծում եմ, որ հետագայում ԶՈՒ և՛ կարողությունները, և՛ ուժը, և՛ բովանդակությունը պետք է լինի այն բովանդակության վրա, որը պետք է լուծի իր առջև դրված խնդիրը՝ այն, ինչը մերն է՝ մերն է։ Դրանից ավելի, եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ինքը պետք է իմանա, որ հարվածը ստանալու է։ Եվ այդտեղ ԶՈՒ իրենց առջև դրված խնդիրը առանց հանձնարարականի էլ պետք է իրականություն դարձնեն»։  

Տեղ գյուղում Ադրբեջանի սադրանքը, ըստ էության, առիթ էր նորից հիշելու ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի մասին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը պնդում է, որ ոչ թե այդ առաքելությանն է դեմ, այլ՝ համապատասխան արդյունքը չի երևում։ Պատգամավորը ԵՄ քաղաքականության փոփոխություն է ակնկալում Հայաստանում տեղակայված դիտորդների զեկույցների արդյունքում։

«Նախորդ երկու ամսվա դիտորդական առաքելության ժամանակ եղել է 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտում, որի արտացոլումը կամ արձանագրումը մենք չենք տեսել։ Եթե  հրապարակային չեն այդ զեկույցները, ապա առնվազն մենք պետք է տեսնենք, որ տիկին ֆոն դեր Լայենը այլևս չի գովաբանի Ադրբեջանի իշխանություններին։ ԵՄ որոշում կայացնողները և քաղաքական պաշտոնյաները առնվազն իրենց բանավոր խոսքի և քաղաքականության մշակման մեջ կարտացոլեն այն փաստը, որ իրենց իսկ դիտորդական առաքելության արձանագրմամբ ադրբեջանական կողմը հանդիսանում է ագրեսոր»։

Իսկ որպեսզի սա իրականություն դառնա, Մամիջանյանը ասում է՝ վերջերս տեղի ունեցած ՀՀ ԱԺ և Եվրախորհրդարանի միջխորհրդարանական ձևաչափի ընդունած հայտարարության մեջ իր առաջարկով ներառվել է հետևյալ կետը, որ ԵՄ քաղաքականության որոշումը պիտի իրագործվի դիտորդական առաքելության տրված զեկույցների հիման վրա։

Կարդացեք նաև

Back to top button