
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Այսօր խորհրդարանը շարունակել է երեկվանից կիսատ մնացած հարցի քննարկումը: Խոսքը Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկի մասին է: Օրվա մեծ մասը հատկացվել է ելույթներին: Շատ էին նաեւ սկանդալային դրվագներն, միմյանց հանդեպ հնչող մեղադրանքներն ու սպառնալիքները:
2008-ին, երբ հայտարարվում էր Երեւանում արտակարգ դրություն մտցնելու մասին, այդ որոշումն ընթերցում էր այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այսօր ԲՀԿ-ից պատգամավոր Վարդան Օսկանյանը հերթագրվել էր ելույթի համար: Հետաքրքրությունը նրա ելույթի հանդեպ հատկապես մեծացավ, երբ մինչ այդ ամբիոնից խոսեց Ալեքսանդր Արզումանյանը:
Երբ Օսկանյանի ելույթի ժամը եկավ` նա նախ դահլիճում չէր, հետո հայտատարվեց ընդմիջում: Ընդմիջումից հետո էլ Օսկանյանը չցանկացավ մոտենալ ամբիոնին:
Հնչած մեղադրանքներին` նաեւ այն առումով, որ մարտի մեկյան դեպքերին մասնակցել են որոշ օլիգարխների սափրագլուխներ, օրվա երկրորդ կեսին պատասխանեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մինչ այդ հայտարարելով, որ ԲՀԿ-ն կողմ է նման հանձնաժողով ստեղծելու հնարավորություն տալուն:
15 ամիս շարունակ Աժ-ում աշխատած Մարտի 1-ի հարցով խորհրդարանական նախորդ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը այսօր հիշեցրեց, որ ընդդիմադիրներն այն ժամանակ չցանկացան համագործակցել:
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովն ամեն դեպքում մի շարք հարցերի պատասխաններ այդպես էլ չպարզեց, ինչպես օրինակ` հանրությանը հետաքրքրող ամենակարեւոր հարցը. Ում գործողությունների հետեւանքով է վրա հասել 10 զոհվածների մահը: Աժ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր տեղեկացրեց, որ Մարտի 1-ի հարցը քննարկելուց առաջ խոսել է Գլխավոր Դատախազի հետ:
Բազմաթիվ պատգամավորներ այսօր աննպատակ էին համարում մարտիմեկյան հարցերով զբաղվող նոր հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի ստեղծումն անիմաստ է համարում Ժառանգությունից Ալեքսանդր Արզումանյանը:
Ի դեպ` Ալեքսանդր Արզումանյանի մասնակցությամբ այսօր խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ միջադեպերից մեկը: Երբ նա մարտիմեկյան դեպքերից անցավ հոկտեմբերի 27-ի ողբերգությանը դահլիճից նրան սկսեցին խանգարել:
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր այդպես էլ չասաց, թե ինչպես է քվեարկելու խորհրդարանական մեծամասնությունը այս հարցի առչությամբ: Ասաց. «Կորոշեն քվեարկությունից առաջ»: Իսկ քանի որ քառօրյայի աշխատանքներն արդեն ավարտվում են` հանձնաժողովի ստեղծման հարցը կպարզվի հաջորդ քառօրյայի սկզբում:




