ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ–ն միայն Մինսկի խումբը չէ․ կառույցի ղեկավարն այլ գործիքներ է առաջարկում

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի տարածաշրջանային վերջին կանգառը Երևանն էր։ Նրա այցը սկսվել է ապրիլի 10–ից։ Բույար Օսմանին նախ այցելել էր Վրաստան, հետո՝ Ադրբեջան, և Հայաստանում եզրափակել է այցը։ Թեև Ադրբեջանի նախագահը բազմիցս կասկածի տակ է դրել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը և ձևաչափի ապագան, սակայն Երևանում և Բաքվում ԵԱՀԿ նախագահը կառույցի անունից հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումներին աջակցելու առաջարկով:

 «Խաղաղության պայմանագրում» պաշտոնական Երևանի համար կարևոր կետի գաղտնիքը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բացահայտել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ըստ Միրզոյանի՝ խոսքը Հայաստան–Ադրբեջան սահմանագծում ԶՈւ սահմանապահներով փոխարինելու մասին է։

«Սա կարևոր է մի քանի առումներով՝ գործիքակազմն է տարբեր, ընդհուպ զենքերը, զինատեսակներն են տաբեր և այլն: Եվ վստահ եմ, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը: Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ, մենք նախկինում էլ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը, այս պահին էլ դա քննարկվում է: Եվ կարող եմ նաև փոքր ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով: Մենք կարևոր ենք համարում այս մեխանիզմի ներդրումը»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար որպես փորձ կարող է օգտագործվել Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը․ այդ ակնկալիքով  է տարածաշրջան եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։ Ըստ պաշտոնյայի՝ Հյուսիսային Մակեդոնիայի փորձն ապացուցել է, որ բոլոր պատերազմները կարելի է լուծել երկխոսության միջոցով։ Նա մանրամասնել է, թե ինչ առաքելությամբ է գնացել Բաքու և եկել Երևան։

«Մի շարք մարդասիրական խնդիրներ բարձրացրեցի Բաքվում, այդ հարցերը բարձրացնելու եմ այստեղ ևս՝ հասկանալու, թե արդյո՞ք կա «կամուրջների» կառուցման հնարավորություն այս երկու երկրների միջև։ Սա է մեր նպատակը իբրև ԵԱՀԿ։ Մենք ներգրավված եղել ենք և շարունակելու ենք ներգրավված լինել, քանի որ սա է մեր համանախագահության թեման՝ կենտրոնանալ ժողովրդի վրա, կարիքների վրա հենց տեղում, մասնավորապես՝ մարդասիրական թեմաներով»։

Հայտնի է, որ ԵԱՀԿ նախագահը նախօրեին Բաքվում քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրը, այն քննարկվել է նաև Երևանում։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում «սառեցված» համարելով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը՝ Օսմանին ամեն դեպքում առաջարկում է ԵԱՀԿ աջակցությունը՝ կառույցի այլ գործիքակազմերի և նոր գաղափարների միջոցով։

ԵԱՀԿ նախագահը Երևանում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին հակադրվող տեսակետ է ներկայացնում։ Խոսքը Ալիևի այն պնդումների մասին է, համաձայն որոնց միջնորդ կառույցը արդեն  «մահացած» է։

«Մենք տեղյակ ենք, որ կան հակադիր գնահատումներ։ ԵԱՀԿ–ն միայն ՄԽ–ն չէ։ ԵԱՀԿ–ն ունի մի շարք այլ գործիքներ և մեխանիզմներ, որոնք կարող են սատարել խաղաղության գործընթացը։ Քաջալերում եմ անդրադառնալու այնպիսի հույժ կարևոր թեմաներին, ինչպիսիք են սահմանագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև բացելու հաղորդակցության ուղիները։ Թույլ տվեք բացեիբաց ու հստակորեն ասել՝ մենք պատրաստ ենք կիսելու փորձառությունները և աջակցելու բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը և ոչ թե մարտի դաշտը՝ վեճերի լուծման նպատակով։

Պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հակամարտության հարցում բանակցությունների համար տասնամյակներ պատասխանատու ձևաչափը դեռևս անելիք ունի։ Հայաստանում հավատում են, որ ԵԱՀԿ–ն՝ որպես կազմակերպություն, որը զբաղվում է ԼՂ հակամարտությամբ 1990–ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը, այդ թվում՝ կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում։

«Եթե մենք առաջնորդվենք ադրբեջանական պնդումներով, կատարյալ շփոթի մեջ կհայտնվենք։ Ավելին ասեմ՝ Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մխ–ն այլևս գոյություն չունի, այլևս ԼՂ–ն գոյություն չունի, ԼՂ հակամարտությունը գոյություն չունի, ընդհանրապես այդ կոնտեքստում չկա որևէ հարց, որը ենթակա է հասցեագրման, միջազգային քննարկման, լուծման և այլն։ Փաստն այն է, որ ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որը հիմնադրվել է, ըստ էության, բոլոր անդամ երկրների կողմից»։

Բույար Օսմանին Երևանում ավարտում է իր տարածաշրջանային եռաօրյա այցը, որը սկսվել էր ապրիլի 10–ից։ Նա սկզբում այցելել է Վրաստան, ապա՝ Ադրբեջան։ Երևան է եկել Բաքվից։ Հակամարտության գոտիներից այցելել է միայն Հարավային Օսիայի հետ շփման գծում տեղակայված Օձիսի անցակետ՝ ծանոթանալու փշալարարերով բաժանված տեղանքում տիրող իրավիճակին։

Կարդացեք նաև

Back to top button