
Տեղ համայնքում ապրիլի 11-ի ադրբեջանական հերթական սադրանքից հետո խուճապ չկա։ Չնայած լարվածությանը՝ համայքն ապրում է առօրյա հոգսերով։ Համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը «Ռադիոլուրին» պատմել է, որ ամեն ինչ սկսվել է ձեռնամարտից, որից հետո ադրբեջանցիները սկսել են կրակել։ Հայկական կողմը, ըստ պաշտպանական գերատեսչության, ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ապրիլի 11-ին Ադրբեջանի հերթական սադրանքի հետևանքով Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված դիրքերում վիրավորված 6 զինծառայողները տեղափոխվել են Երևան։ Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկը ծանր վիճակում է, մյուս զինվորների վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Նախօրեին ադրբեջանցիները տեղակայման վայրերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող հայկական կողմի զինծառայողներով և տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների և դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների մեջ է բանակային հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որը երեկ վիրահատվել է Գորիսի հիվանդանոցում։ Բացի Գյոզալյանից՝ ևս մեկ զինվորական է վիրահատվել։

Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյան․ «Այս պահին Գորիսի բժշկական հիվանդանոցում վիրավոր չկա, բոլորին տեղափոխել ենք Երևան։ 3 հոգու վիճակը համեմատաբար թեթև է, մեկը միջին ծանրության, մեկը ծանր, մյուսը՝ ծայրահեղ ծանր»։
Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արգամ Հովսեփյանը պատմում է՝ սկզբում հատուկենտ կրակոցներ են լսվել, հետո ադրբեջանցիները ձեռնամարտի են բռնվել մեր զինվորների հետ։
Պատմում է ականատեսը՝ Արգամ Հովսեփյանը․ «Իրենք մեր հողում նստած՝ քշեցին, եկան մեր հողում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր զինվորականների վրա, որպեսզի արգելեն։ Սկզբում հատուկենտ կրակոցներ էր հեռվից լսվում, ես իջա Տեղի տակը։ Տեսա դրանք մոտենում են, հետո իրենց օգնության եկան ու սկսեցին ձեռքով հարվածել մեր զինվորներին, մերոնք էլ նրանց ու դրանք կրակեցին։ Իհարկե, մեր բանակի հետ գործ ունեցողը լուրջ հակահարված կստանա՝ ինչպես և երեկ ստացան»։
Չնայած լարված իրավիճակին՝ Տեղ համայնքում խուճապ չկա։ Բնակիչները «Ռադիոլուրի» հետ զրույցում ափսոսում են, որ գյուղացիներին չեն զինում՝ իրենց հողը պաշտպանելու համար։
Համայնքի բնակիչներ․ «Նորմալ վիճակ է, խուճապ չկա, մեր գյուղն է, իհարկե, պիտի մնանք ու պաշտպանենք»։
«Մարտականը մարտական ենք, բայց զենք չունենք, որ զենք լինի, լավ կլինի»։
«Տեղցիները վախ չունեն ընդհանրապես, դե թուրք ա էլի, ինքը պիտի ցույց տա՝ որ թուրք ա, մենք էլ պարտավոր ենք մեր հողը պաշտպանենք»։
Տեղ համայնքի Արավուս, Կոռնիձոր, Խնածախ, Քարաշեն․ Վաղատուր, Խոզնավար բնակավայրերի դպրոցներն այսօր աշխատել են սովորական ռեժիմով։ Տեղ բնակավայրի 2 դպրոցներում դասեր չեն եղել։ Այս մասին «Ռադիոլուրին» ասաց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
«Նման իրավիճակներում յուրաքանչյուր դպրոց ունի իր պլանը, պլանով նախատեսված միջոցառումները իրականացվեցին, իսկ վաղվանից նորմալ դասապրոցես կիրականացվի»։
Մարզի մյուս սահմանային դիրքերում իրավիճակը, ըստ տեղացիների, հանգիստ է ու վերահսկելի։




