ԿարևորՀասարակություն

 «ՄՏՍ Հայաստան»-ը չի վաճառվի․ հանձնաժողովը թույլ չի տվել

ՀԾԿՀ–ն մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը։ Հանձնաժողովի որոշման հիմքում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դիրքորոշումն է։

Հունվարին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել Ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, ըստ որի՝ «Ֆեդիլքո Գրոպ Լիմիթիդ» ընկերությունը (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ձեռք բերել վերջինիս պատկանող Ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) բաժնետոմսերի 100 տոկոսը:

«Հաշվի առնելով, որ «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ–ն իր հերթին պատկանում է ռուսաստանյան հեռահաղորդակցության օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը, նշված գործարքի կնքման արդյունքում Ընկերությունն այլևս չի հանդիսանա «ՄՏՍ խմբի» մասնակից։

 ՀԾԿՀ Հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի համաձայն, հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն իրականացնող անձինք, երբ ունեն հսկողության նկատմամբ փոխանցման նպատակ, կարող են իրականացնել միայն հանձնաժողովի համաձայնությունը ստանալուց հետո։ Հայտը քննարկվում է, համաձայնեցվում է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։ ԲՏԱ նախարարությունը հարցը քննարկել է շահագրգիռ մարմինների հետ, առարկել գործարքի կնքումը։

Մասնագետի պարզաբանմամբ՝ հայտը ուղարկվում է իրավասու մարմնի համաձայնեցանը, որ այն կարողանա գնահատել դրա ազդեցությունը պետական շահին կամ ազգային անվտանգությանը։ Այդ հիմքով էլ մերժել ենք՝ ասել է Արմեն Հունանյանն ու պարզաբանել, որ «ՄՏՍ Հայաստան»–ը կարող է 30-օրյա ժամկետում հանձնաժողովին բողոքարկել, իսկ երկամսյա ժամկետում էլ դիմել վարչական դատարան։

Բայց բողոքարկումը այդ մասով չի կասեցնի որոշման գործողության կատարումը՝ ընդգծում է ՀԾԿՀ Հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը։ «ՄՏՍ Հայաստան»-ը դիմել էր ՀԾԿՀ՝ վաճառքի գործարքի թույլտվության համար։ Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել էր իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվել էր հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։

Կարդացեք նաև

Back to top button