ԿարևորՀասարակություն

Պոլիկլինիկաներն ավելի երկար կաշխատեն, կներդրվեն էլեկտրոնային քարտերն ու դեղատոմսերերը

Այս տարի  կվերանորոգվի  մարզային 10 պոլիկլինիկա և  գյուղական 20 ամբուլատորիա։ Գործընթացը շարունակական է՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը և ներկայացրել  ոլորտում սպասվող մի քանի բարեփոխումներ։

Նրա խոսքով՝ հանրապետութունում կսահմանվի որոշ դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրս գրման պարտադիր պահանջ: Այն առաջինը կվերաբերի հակաբիոտիկներին: Փուլային տարբերակով կսկսվի նաև էլեկտրոնային ամբուլատոր քարտերի ներդրումը։ Այս փոփոխությունները, ըստ փոխնախարարի, ավելի արդյունավետ կդարձնեն պոլիկլինիկաների աշխատանքը։  

Արդեն մեկ շաբաթ է  Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայում  ներդրվել է արտաքին դեղատներից էլեկտրոնային դեղատոմսով դեղ ձեռք բերելու պիլոտային ծրագիրը։ Եթե նախկինում սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված  բուժառուները որոշ դեղամիջոցներ ստանում էին պոլիկլինիկայից, ապա այս ծրագրով կարող են ստանալ դեղատնից։ Խոսքը բոլոր դեղատներին չի վերաբերում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայի տնօրեն Հեղինե Պետրոսյանը և մանրամասնում։

«Բուժառուն, ով գնում է տվյալ դեղատուն, դեղատունն էլ պետք է ունենար Արմեդ  էլեկտրոնային համակարգ և տեսնեին, որ անուն–ազգանունով դեղատոմս է դուրս գրվել։ Հիմա քաղաքացին անձնագրով մոտենում է դեղատուն, և այնտեղից կարողանում է ստանալ դեղը»։ 

Պոլիկլինիկայում ներդրված համակարգից  արդեն օգտվել է  շուրջ 400 քաղաքացի։  Դուրս է գրվել շուրջ1000 դեղատոմս։  Ըստ առողջության առաջնային պահպանման օղակի տնօրենի՝  բավականին դժվար ու աշխատատար համակարգն արդեն գործում է լիարժեք։ 

«Այս համակարգի իմաստը գրանցամատյանի ձևավորումն է, որտեղ ամբողջությամբ երևում են պացիենտի անձնական տվյալները,  դեղատոմսի ամբողջ պարունակությունը,  դեղի անունով, զեղչի չափը, որ դեղատնից է բաց թողնվել դեղը»։

Առողջապահության նախարարությունը հետևում է պիլոտային ծրագրի արդյունքներին, նաև հայտարարում, որ հանրապետութունում կսահմանվի որոշ դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրս գրման պարտադիր պահանջ: Այն առաջինը կվերաբերի  հակաբիոտիկներին:   Սա, փոխնախարարի կարծիքով, թույլ կտա ամբողջությամբ վերահսկել գործընթացը:

 «Այստեղ նաև մենք կունանք մի քանի դեղատեսակների պարտադիր էլեկտրոնային դեղատոմոսով դուրս գրելու հնարավորություն և կառավարության որոշմամբ պահանջ կդնենք։  Առաջինը դա հակաբիոտիկներն են, որի շրջանառությունը, ցավոք սրտի,  բաց վիճակում վաճառքը վնասում է քաղաքացիների առողջությանը և պետք է դա լինի վերահսկելի ու բժշկական ցուցումով»։

Այժմ էլ է հակաբիոտիկների վաճառքն իրականացվում դեղատոմսով, բայց՝ թղթային տարբերակով։ Նախարարությանը գործընթացի վերահսկողության գործիքակազմը  բավարար չի համարում։ Փոխնախարարի կարծիքով՝  էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրումն ավելի վերահսկելի է ։ Խախտումները հնարավոր կլինի բացահայտել  մեկ այլ գործիքակազմով, որը նույնպես նախատեսվում է  ներդնել: Խոսքն ամբուլատոր քարտի էլեկոտրոնային տարբերակի մասին է։

«Եթե անգամ էլեկտրոնային ամբուլատոր քարտի մեջ  համապատասխան ախտորոշումը լինի գրանցված, բայց չլինի դեղը նշանակված, այստեղ ևս նույն բաժանմունքի վարիչը, կամ տեղակալը, որոնք որ ժամանակ առ ժամանակ պետք է վերահսկողություն իրականացնեն, թե ինչպես են իրենց բժիշկները բուժում բուժառուներին,  տեսնեն եթե կա ցուցում նշանակելու հակաբիոտիկը և անկետայում նշանակված չէ, ապա այստեղ  հարց է առաջանալու, թե ինչպես եք բուժել հիվանդին։ Կամ գրել եք թղթի վրա, որը բացթողում է, որը կշտկվի և համապատասխան անկետայում լրացվելով  հակաբիոտիկի  նշանակումը , կձևակերպվի դեղատոմս և դրանից հետո ցանկացած դեղատուն դեղատոմսը դուրս կգրի»։ 

Ամբուլատոր էլեկտրոնային քարտի ներդրումը ևս կիրականացվի պիլոտային ծրագրով , մի քանի փուլով։

Փոփոխություններ են սպասվում նաև պոլիկլինիկաների աշխատաժամանակում։ Դրանք, օրվա կտրվածքով,  առաջիկայում ավելի երկար կաշխատեն՝ առավոտյան 8-ից մինչև երեկոյան 7-ը։

 «Մենք գիտենք, որ մեր բուժաշխատողների աշխատանքային ժամը շաբաթական  33 ժամ է, և այդ աշխատանքային ժամը կարող է սահմանվել  5կամ 6 աշխատանքային օրվա մեջ և իրենք այդպես էլ աշխատում են։ Չորս ու կես ժամ պոլիկլինիկայում որպես ընդունելություն, և դրանից հետո եթե լինում են տնային կանչեր, ապա դրանք են անում։ Մենք այստեղ առաջարկում ենք, որ բժշկի ընդունելությունը լինի մինչև 1.30 և 1.30-ից մինչև 19.00»։

Առավոտյան 8–ից կաշխատեն լաբորատորիաները։ Շաբաթական մեկ օր էլ կնախատեսվի նեղ մասնագետի հերթապահություն: Այս գրաֆիկով աշխատանքին, փոխնախարարի խոսքով, պոլիկլինկաները կանցնեն մի քանի ամսից։

Կարդացեք նաև

Back to top button