ԿարևորՀասարակություն

Հաց և հագուստ է հայթայթել, հայերեն չի խոսել․ մանրամասներ` ադրբեջանցու ձերբակալությունից

Այսօր կեսօրից հետո պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Ըստ Նախարարության՝ ձերբակալվածի խոսքով՝ նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ավելի վաղ Բաքուն էր հաղորդել, որ Նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայողներ են մոլորվել՝ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։

Ադրբեջանցիների անակնկալ այցի մասին որոշ մանրամասներ պատմել են նաև Բնունիս գյուղի բնակիչները։

Քաղաքացիները սեփական ուժերով են վնասազերծել և բռնել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աշոտավան բնակավայր մտած ադրբեջանցուն։ Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում դեպքից շատ մանրամասներ չի ներկայացնում՝ հիմնավորելով, որ այդ հարցերով զբաղվում են համապատասխան մարմինները։

-Բռնել են Աշոտավան գյուղում, գյուղի տղաներն են բռնել, հիմա իրավապահների մոտ է այդ ադրբեջանցին։ Այդքան բան։ Մնացած, թե հայերեն է խոսել, եսիմ ինչ է արել, խնդրում եմ, մի՛ աղավաղեք։ Ձեզ չի ուղղված խոսքս, ձեր կոլեգաներին։ Մի՛ արեք նման բան։ Չի խոսել ինքը հայերեն։ Ինքը հայերեն չգիտի։
— Ագրեսիվություն չի՞ դրսևորել։
— Բացարձակ, սոված է եղել, մտել է տուն, որ հաց հայթայթի ուտի, շոր է հայթայթել։ Ընդամենը դա է եղել։ Մի տուն մտել է, երկրորդ տունը մտնելուց բռնել են։ Մեկն է մնացել, դրան էլ ման են գալիս, կբռնեն շատ շուտով։
— Իսկ գյուղում իրավիճա՞կը ․․․
— Ես հիմա գյուղում եմ, ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է։

Համացանցում արդեն տարածվել է տեսագրությունը, թե ինչպես են բնակիչներից մեկի տանը հայտնաբերել 2 ադրբեջանցի զինվորականներից մեկը։ Տեսագրության մեջ երևում է, որ սեփական տանը կից կառույց է, լսվում է ադրբեջաներեն խոսակցություն։

Տեսանյութում ադրբեջանցին ասում է, որ արդեն 3 օր Հայաստանի տարածքում է, ստիպված է եղել թաքնվել անտառում։ Խոսակցությունից պարզ է դարձել նաև, որ ադրբեջանցու ձեռքում եղել է դանակ։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել ու հաստատվել, որ ադրբեջանցիներ են մտել նաև Աշոտավանի մոտակա գյուղը՝ Բնունիս։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բնունիս բնակավայր մտած անծանոթ անձինք փորձել են մուտք գործել Արցախից տեղափոխված մի ընտանիքի տուն։ Սա արդեն «24News»-ին ասել է Բնունիսի նախկին ղեկավար Ալիկ Մկրտչյանը՝ ներկայացնելով իրեն հասած տեղեկությունները։

Հստակ տեղեկություն չունի՝ նրանք ադրբեջանցի՞ են եղել, թե՞ ոչ։ Գյուղի նախկին ղեկավարը պատմել է․ «Տունը գյուղի սկզբնամասում է։ Այնտեղ բնակվում է Արցախից տեղափոխված մի ընտանիք։ Անծանոթ անձինք դուռը թակել են, բնակիչը բացել է դուռը։ Հետո որ ընտանիքի անդամները տեսել են անծանոթ մարդիկ են, զենքով բրդել, հետ են շպրտել»։
Բնունիսի բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանն ասել է, որ դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ, լուսադեմին ժամը 5։00-ին։
Ըստ ադրբեջանական ՊՆ-ի՝ Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով և սահմանափակ տեսանելիության պայմաններում մոլորվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայող։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դեպքին անդրադառնալով սոցցանցում գրել է․ «Ուշագրավ է, որ Աշոտավանը, ուղիղ գծով հեռու է Նախիջևանի հետ սահմանագծից 19-20 կմ, իսկ ճանապարհով, բնականաբար, ավելի շատ, Բնունիսը՝ մոտ 15-16 կմ: Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում, խնդրի միայն մի մասն է, թե ինչպես դա չի ֆիքսվել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու մյուս կառույցների կողմից 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում, դա էլ լրիվ այլ հարթության խնդիր է»:

Արցախի նախագահի նախկին խորհրդական, պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, սակայն, որպես մասնագետ չի շտապում մեկնաբանություններ անել, քանի որ, նշում է, միջադեպի բոլոր մանրամասներն առայժմ հայտնի չեն: Իսկ ոչ պաշտոնական խողովակներով ստացվող տեղեկություններն, ըստ պատգամավորի, լրացուցիչ ճշգրտումների կարիք ունեն:

Կարդացեք նաև

Back to top button