
Սյունյաց հայտնի ազգանունը միջազգային ասպարեզ տանող ապրանքանիշը մատչելի հումքի փոխարեն ոչ մատչելին է ընտրում։ Թուրքականից չօգտվելն, ասում են, սկզբունքի հարց է։
Ընկերության համահիմնադիր Լուսինե Դավթյանի խոսքով՝ փոքրերի համար հագուստ կարելը նույնպես հստակ դիրքորոշում է:
«Լավ հիշում եմ, որ մենք նվեր էինք փնտրում մեր բարեկամ փոքրիկի համար, և պարտադիր ուզում էինք, որ լիներ հայկական։ Ուսումնասիրելով շուկան՝ հասկացանք, որ շատ մեծ բաց կա։ Իհարկե, շատ լավ արտադրողներ ունեինք հենց էն ժամանակ, բայց դրանց սեգմենտավորումն ավելի դեպի տնային հագուստն ու ներքնաշորերն էր»:



Երեխաների և նորաձևության հանդեպ սերը Լուսինեին, ամուսնուն և Կանադայից հայրենադարձած հորեղբորը միավորեց նույն գաղափարի շուրջ։
«Լալունց» տոհմական անունը 1 տառի տարբերությամբ ձևափոխվեց նորաձևության շուկայի համար առավել հնչեղ «Լալունզ» –ի։
Հին քարե դարից մեր օրեր հասած եղջերուի ժայռապատկերը, բազմելով դեղին ֆոնին, դարձավ լոգոտիպ։ Քարահունջից և Ուխտասարից այլ ինքնատիպ պատկերներներ, ժամանակակից նկարազարդումներով հայտնվեցին հագուստի նմուշների վրա:
«Ժայռապատկերները ձևափոխեցինք էնպես, որ առաջին հայացքից կարծես թե երեխաների կողմից նկարված մարդուկներ լինեն, բայց իրականում դրանք 7500 տարվա պատմամշակությային մեծ ժառանգություն են»։
2019 թ.-ին հիմնադրված մանկական հագուստի ապրանքանիշի արտադրական ծավալն այս պահին ամսական 10 հազար կտոր է:


Դերձակների 30 սեղանով կարի արտադրամասից մանկական հագուստը հասնում է սեփական 4 խանութ-սրահներ, վաճառքը նաև առցանց են իրականացնում։
Համահիմնադիր Լևոն Դավթյանը պատմում է՝ սպառման ծավալների ավելացումը պարտադրում է նոր ներդրումներ։
«Այս պահին նորից ունենք սարքավորումների հագեցվածության և համալրման կարիք։ Դրա արդյունքում պետք է դիմենք լրացուցիչ ֆինանսավորման՝ կա՛մ վարկային միջոցներ պետք է ներգրավենք, կա՛մ լիզինգային ընկերությունների հետ աշխատենք, որպեսզի կարողանանք ավելի մեծ ծավալներ թողարկել»։
Մանկական հագուստի արտադրությունը Դավթյան ընտանիքին մեկ այլ բիզնես գաղափար էլ թելադրեց։ Հիմնվեց կարուձևի վարպետության ուսումնական կենտրոնը, որի սաներից մի քանիսն արդեն ընկերության աշխատակիցներ են։
«Ես Մարինե Մնացականյանն եմ, այստեղ աշխատում եմ որպես ձևարար։ Միշտ մեր հագուստները կարում ենք մեծ սիրով։ Նորածնային հագուստներ կարելուց միշտ աշխատակիցները ինչ որ բարեմաղթանքներ են ասում, որ առողջ հագնեն, երջանիկ լինեն։Այս պահին փոքրիկների համար բոդի ենք ուզում ստանալ ամառային»։



«Իմ անունը Նազիկ է։ Հիմա կարում ենք գեղեցիկ ժակետներ՝ ժայռապատկերներով /արևի գույնի, քա՞նի հատ եք այսօր հասցրել կարել՝ հեղ․/ այսօր 30 հատ կարել եմ»։
«Ես Շուշանն եմ, եկել եմ Գյումրիից։ Թիմին նոր եմ միացել։ Որպես տեխնոլոգ եմ աշխատում։ Այս պահին փորձարկում ենք նոր լեկալը /ձևվածք՝ հեղ․/աղջկա ամառային շորիկ է։Ես հիմա կարում եմ, հավաքում, եմ, փորձում ենք մոդելի հետ, եթե ամեն ինչ լավ է լինում, արտադրում ենք և գնում է խանութներ»։
Հայաստանում արտադրվող մանկական հագուստի ապրանքանիշը նախընտրում է չօգտագործել թուրքական հումք: Բացի բարոյական կողմից, հարցն առնչվում է նաև որակին։
«Բացառապես բարձրորակ կտորներ ենք օգտագործում։ Տրիկոտաժը հմնականում ուզբեկական արտադրության է լինում, իսկ գործվածքները՝ չինական։ Սակայն, եթե հրաժարվում ես թուրքական կտորներից, շատ մեծ բարդություններ են առաջանում։ Ռուս -ուկրաինական պատերազմից հետո, երբ Ռուսաստանը սանկցիաների տակ ընկավ, շատ ավելի բարդացավ այդ պրոցեսը՝ սկսած վճարումներից, վերջացած լոգիստիկայի թանկացմամբ»։
Այժմ 0-14 տարեկանների համար ստեղծվող արտադրանքի ամբողջ հումքը՝ կոճակներից մինչև պիտակ, պատվիրվում է դրսից։
Հագուստ արտադրողը կարծում է, որ կտորի տեղական արտադրությունը կարող է դրական տեղաշարժ ապահովել իրենց գործում։
Կառավարությունն այս տարվա փետրվարին հաստատել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը: Գործադիրը ոլորտը դիտարկում է զբաղվածության ապահովման լուրջ հնարավորություն ՝ հատկապես կանանց համար և այստեղ արտահանման մեծ ներուժ է տեսնում։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2020 թ.-ին ոլորտում աշխատել է 7400 մարդ, գործել է 153 ընկերություն, որոնց մեծ մասը փոքր և միջին ձեռնարկություններ են ։




