ԿարևորՀասարակություն

«Դեսպանատնային բիզնես»․ ինչո՞ւ հնարավոր չէ վիզայի համար օր ամրագրել

Երևանից դեպի եվրոպական տարբեր քաղաքներ ուղիղ չվերթերն օր օրի ավելանում են, փոխարենը նվազում են շենգենյան վիզա ստանալու պոտենցիալ հնարավորությունները։ Եթե, օրինակ, ցանկանում եք Գերմանիա գնալ,  ապա լավագույն դեպքում այդ երկրի դեսպանատուն կարող եք այցելել 24 շաբաթ՝ գրեթե կես տարի հետո։ Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ առհասարակ ժամկետներ ասել չի կարող։ Կայքի համապատասխան բաժնում պարզապես նշված է, որ այս պահին ազատ տեղեր չկան։

«Ես փորձել եմ դիմել Իսպանիայի վիզայի համար, երբ կայքով նայում էի, հերթագրվելու համար ազատ տեղեր չկային։ Ինձ ասացին, որ ամեն ուրբաթ հաջորդ շաբաթվա համար ազատ տեղերը բացվում են, բայց ուրբաթ նույնիսկ ուղիղ կեսգիշերին նայում էի, ազատ տեղեր չկային»։

«Ռադիոլուրի» զրուցակիցը պատմում է՝ հենց այդ ժամանակ է ծանոթներից ու ընկերներից լսել, որ կարող է դիմել տուրիստական ընկերությունների ու հենց նրանց միջոցով դեսպանատանն օր ամրագրել։

«Ասում են, որ տուրիստականներն ինչ–որ ավտոմատ ծրագրերով անընդհատ էջը թարմացնում են, ու հենց հնարավորությունը բացվում է, միանգամից տարբեր անուններով գրանցումներ են անում, իսկ հետո չեղարկում ու վերագրանցում արդեն իրենց դիմած հաճախորդների անուններով։ Ես էլ դիմեցի, սկսեցի ուսումնասիրել «շուկան»։ Իսպանիայի դեպքում հնարավոր էր 15000 դրամով գրանցվել։ Օրինակ՝ մի տուրիստական էլ Գերմանիայի դեսպանատան համար առաջարկում էր 40000 դրամով հերթագրում»,– պատմում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

Տուրիստական ընկերությունները, սակայն, միակ «ելքը» չեն։ Համացանցում, հատկապես սոցիալական ցանցերում անհատները ևս «դեսպանատնային բիզնեսով» են զբաղվում։ Այն պարագայում, որ Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական կայքում առաջիկա ամիսների համար հերթագրվել պարզապես հնարավոր չէ, ֆեյսբուքյան խմբերից մեկում 30000 դրամով հունիսի 14-ին ամրագրում անելու առաջարկ ստացանք։

Սակայն միշտ չէ, որ նույնիսկ այս եղանակով հնարավոր է ամրագրում անել։ Միջազգայնագետ Արմինե Բալայանը պատմում է՝ 2022–ի տարեվերջին 3 ընկերներով միջազգային փոխանակման ծրագրին մասնակցելու համար պետք է մեկնեին Բելգիա, վիզայի «փնտրտուքը» սկսել են ամիսներ առաջ, սակայն ծրագրին մասնակցել այդպես էլ չի ստացվել։

«Հերթագրման պատուհանը գիշերը ժամը 2-ին էր բացվում, ամեն գիշեր մեզանից մեկը արթուն էր մնում, փորձում գրանցվել, բայց դեռ չբացված պատուհանը արդեն փակվում էր։ Իմացանք, որ գործակալություններ կան, որ գումարի դիմաց տեղ են առաջարկում, դիմեցինք իրենց, յուրաքանչյուրս 20-30000 պետք է վճարեինք, բայց մի քանի օր հետո գործակալությունից ասեցին, որ կներեք չի ստացվում»։

Արմինեն ընկերների հետ նամակով նաև դեսպանին է դիմել, ներկայացրել ծրագրի պաշտոնական հրավերը, կազմակերպիչների նամակը, սակայն ոչինչ փոխել չի ստացվել, արդյունքում Հայաստանը հրաժարվել է իր մասնակցությունից:

«Հիմա, հավատացեք, ավելի խայտարակ վիճակ է․ գործընկերուհիս ամուսնու հետ պիտի գնա Ֆրանսիա, ու մի ամսից ավելի է փորձում են դեսպանատանը տեղ ամրագրել, իսկ տուրիստական ընկերությունները հիմա արդեն իրենցից յուրաքանչյուրի համար 70000 դրամ են ուզել, տեղ ամրագրելու համար»։

Դեսպանատներից առաջինն իրավիճակին հայտարարությամբ արձագանքել է Գերմանիայի դեսպանատունը ՝ վստահեցնելով, որ տուրիստական գործակալությունների հետ չեն համագործակցում և որ յուրաքանչյուրը կարող է անվճար տեղ ամրագրել դեսպանության կայքի միջոցով, իսկ պայմանավորվորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։

Դեսպանատնային խնդիրը հատկապես սրվեց հետքովիդյան շրջանում, վերջին 1-2 տարիների ընթացքում՝ նկատում է տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը։ «Ռադիոլուրի» զրուցակիցը պատմում է՝ հիմա եվրոպական ուղղություններով տուրեր առաջարկելիս վիզաներ ստանում են միայն դեսպանատների արտահերթ մեխանիզմով, բայց այստեղ էլ ամեն ինչ չէ, որ պարզ ու հասկանալի է։

«Հարց է առաջանում, եթե հնարավոր է ավելի շատ գումար վճարել ու արտահերթ հերթագրումից օգտվել, այսինքն արտահերթ գրանցվելու համար տեղեր կան, ինչո՞ւ չկան այդ նույն տեղերը սովորական գրանցումների դեպքում։ Օրինակ՝ Հունաստանի, Իտալիայի դեսպանատները ազատ տեղեր տրամադրում են արտահերթի համար և մեր հաճախորդներին, որոնք պատրաստ են ավելի շատ գումար վճարել, այդ առաջարկն ենք անում»,– ասում է տուրիստական ընկերության տնօրենը։

Տուրիստական հայտնի ընկերություններից մեկի ներկայացուցիչն էլ, ձայնագրությունից հրաժարվելով,  պատմեց, որ այս խնդրի պատճառով արդեն մի քանի ամիս առհասարակ դադարեցրել են եվրոպական ուղղություններով տուրերի կազմակերպումը։

Բյուջետային ավիաընկերությունների կողմից Երևան–Լառնակա ուղղությունն առաջարկելուց հետո պահանջարկը մեծացել է նաև Կիպրոսի դեսպանատանը։ Բայց եթե ցանկանում եք այդ երկիր գնալ, ամենամոտ ամսաթիվը, որ դեսպանատունն այսօր առաջարկում է, օգոստոսի վերջն է։

«Ամեն ինչում դիսբալանս կա․ Հայաստանում ավելացել են եվրոպական ուղղություններով թռիչքները, և գրեթե ամեն օրվա կտրվածքով թռիչքներ կան։ Օրինակ՝ դեպի Իտալիա մենք ունենք Հռոմ, Միլան, Վենետիկ ուղղությունները, նույն պատկերն է նաև Լեհաստանի դեպքում։ Եվ հարց է առաջանում՝ ինչպես են այդքան տոմսերը վաճառվում, եթե դեսպանատներ մտնել ու վիզա ստանալ գրեթե անհնար է»։

Մուտքի արտոնագրերի տրամադրման դիմումների համար ամրագրումներ կատարելու հարցում առաջացած բարդությունները Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը քանիցս քննարկվել է թե´ ԵՄ կողմի, թե´ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ՝ «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Քննարկումներ կան, բայց լուծումներն առայժմ հստակ չեն։ Վստահեցնում են, որ ԵՄ անդամ երկրների դեսպանությունների աշխատակիցների համար հարցը նույնպես մտահոգության առարկա է։

Կարդացեք նաև

Back to top button