
Պաշտոնական Երևանը չի բացատրել, թե ինչու է Հայաստանը հանվել Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցանկից, որում ներառվել էր մինչ այդ: Բայց նշել է, որ Հայաստանն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ զորավարժությունների: Խառնաշփոթը սկսվել էր դեռ նախորդ օրվանից, երբ Պենտագոնի պաշտոնական կայքում ՆԱՏՕ–ի երկասմյա զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանը նախ ընդգրկվել էր, ապա՝ հեռացվել ցանկից։
Երբեմն խմբագրվում է նաև Պենտագոնի պաշտոնական կայքում արդեն հրապարակված տեղեկությունը։ Հայաստանը հանվել է ԱՄՆ նախաձեռնած «Defender 23» զորավարժության մասնակիցների ցանկից։ Երևանն ավելի վաղ չէր մեկնաբանել Միացյալ նահանգների կազմակերպած զորավարժություններին մասնակցության մասին Պենտագոնի հաղորդումը։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով կատարվածի համար կա երկու բացատրություն՝ կազմակերպչական և քաղաքական։
«Իմ կարծիքով՝ վերջնական հաստատումը չի եղել։ Ոչ թե միգուցե, այլ ակնհայտորեն կան քաղաքական ենթատեքստեր, արդեն որոշակի արձագանքներ գալիս են Ռուսաստանից դեռևս լրագրողական մակարդակում։ Չեմ կասկածում, որ շատ շուտով փորձագիտական մակարդակով արձագանքներն էլ կլինեն, որոնք Հայաստանը նորից կանվանեն «լրտես» և այլն, ինչպես որ վերջերս անում են։ Նույնիսկ, եթե չմասնակցի, արդեն այն, որ Հայաստանի անունը եղել է այդ ցուցակում, դժգոհությունները է առաջացնելու։ Այո, քաղաքական երանգներ կան, այո լինելու են և լինելու են նույնիսկ որոշակի ճնշումներ Հայաստանի վրա, բայց Հայաստանը պետք է հասկանա, որ այդ ճնշումներին տեղի տալով և քաղաքական ճնշումներից վախենալով՝ որևէ տեղ չենք հասնելու․ առանց ռիսկի դիմելու որևէ մեկը որևէ հարցում հաջողել չի կարողանում»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին՝ հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ չանդրադառնալով «Defender 2023»–ի մասնակից–երկրների ցանկի խնդիրներին։
Նախօրեին ԱՄՆ–ի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական 10 երկրներում մեկնարկող «Defender 23» զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությոններին մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը, սակայն ժամեր անց հաղորդագրության թարմացված տարբերակում Հայաստանի անունը հեռացվել է մասնակից երկրների շարքից:
Պենտագոնի հաղորդմամբ՝ բացի Միացյալ Նահանգներից զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի 24 դաշնակից ու գործընկեր երկիր։ Հարավային Կովկասի տարածաշրջանից զորավարժություններին կմասնակցի Վրաստանը։
Ուշագրավ է, որ Հայաստանը նաև ՀԱՊԿ–ի շրջանակում է մի քանի զորավարժություն բաց թողել։ 2022–ի սեպտեմբերի 26–ից հոկտեմբերի 8-ը Հայաստանը չի մասնակցել Ղազախստանում «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 2022» զորավարժություններին։ Դրանց չմասնակցելը հայկական կողմը հիմնավորել էր հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումով։
Այս տարի արդեն Հայաստանը հրաժարվեց իր տարածքում ՀԱՊԿ–ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունների անցկացումից ու նաև չմասնակցեց դրանց։ Հունվարի 10-ի մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանում նման զորավարժություն անցկացնելը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեն համարում, համենայնդեպս, այս տարի»։
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը համոզված է, որ ՆԱՏՕ–ի զորավարժության դեպքում Հայաստանի անունը նախապես հրապարակված ցանկում հայտնվել է թյուրիմացաբար։ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանը երբեք չի մասնակցել ՆԱՏՕ–ի «Defender» զորավարժություններին։ Այլ հարց է մյուս երկու զորավարժությունները, որոնք առնչվում են խաղաղապահ առաքելություններին։ Դրանց Հայաստանը տարբեր տարիներին մասնակցել է։ «Defender–23»–ին Հայաստանի մասնակցության հավանականությունը նախկին փոխնախարարը վտանգավոր է համարում։
«Պարզ է, չէ՞, որ զորավարժություններն ունենում են որոշակի սցենար, հավանական թշնամի, հակառակորդ, որի վրա պետք է հարձակվեն։ Այդ սցենարի պարագայում Հարավային Կովկասում որևէ զորավարժություն կամ Հայաստանի մասնակցությունը իմաստավորվում է նաև անվտանգային միջավայրով։ Դետալներ գոյություն ունեն, եթե, իհարկե, խաղաղապահ առաքելության մեջ չես։ Հիմա ՆԱՏՕ–ի զորավարժությունների սցենարները որո՞նք են լինելու, կարելի է գլխի ընկնել, չէ՞։ Պետք է ընդհանրապես հասկանալ, որովհետև մեր դաշնակիցը նաև վերլուծում և գնահատում է բոլոր այն իրավիճակները, որում Հայաստանը հայտնվում է թեկուզ նաև տեսական, թեկուզ նաև վարժանքային գործողություններով»։
Անվտանգային համակարգում հատվածական մոտեցումներով, ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի, առկա խնդիրները չեն կարող լուծվել։
«Առաջին հերթին պետք է սահմանվի նպատակ։ Ես կարծում եմ՝ այս ոլորտում մեր նպատակն անվտանգության մակարդակի բարձրացումն է և Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության վերականգնումը։ Այս նպատակների իրականացման համար այն համակարգը, որը գոյություն է ունեցել այսքան տարի, այլևս որևէ կերպ արդյունավետ լինել չի կարող։ Ամենացավալի կետը Հայաստանի անվտանգային համակարգում այն է, որ հիմնովին փոփոխություն տեղի չի ունենում, քայլերը հատվածային են, և դա կապված է նրա հետ, որ չկա Ազգային անվտանգության հայեցակարգի բարեփոխման վճռականություն։ Նոր մոտեցումներ, քայլեր, այո, առանձին–առանձին բարեփոխումներին վերաբերող գործողություններ կան, բայց դա պետք է լինի համակարգված»։
Արդյո՞ք ՀՀ ԶՈՒ բարեփոխումները 44–օրյա պատերազմից հետո համակարգված են․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ շատ փոփոխությունների մասին բանակում հնարավոր չէ բարձրաձայնել, բայց հակիրճ ձևակերպում է՝ բանակի հայեցակարգը նոր տիպի բանակն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում Հովհաննիսյանը հայտարարել է, որ այդ ուղղությամբ Հայաստանը մեծ թափով առաջ է գնում և նկարագրել է, թե ինչ են պատկերացնում անել։
«Հայաստանին պետք է համակապարփակ անվտանգային համակարգ, որի իդեալական տարբերակները գոյություն ունեն Շվեյրցարիայում, Ֆինլանդիայում, Թայվանում, որտեղ գերակա ողնաշարային խնդիրը արդիական ռազմական գիտությունն է և փոքր քանակով տեխնոլոգիական բանակը։ Այսինքն՝ գերհագեցած, ռոբոտացված համակարգեր, ճշգրիտ զենքեր, մոբիլ ուժեր, մինչև 30% կազմող հատուկ նշանակության զորքեր, տեղեկատվական զորքեր։ Սա արդիական բանակի հայեցակարգն է։ Այս հայեցակարգը փոքր պետությունների համար ամենալավն է։ Ճկուն համակարգ է, որտեղ հիմքը դրված է պաշտպանության վրա՝ ոտնձգություն ունեցող պետք է մտածի, որ այդ տարածքում ամեն միլիմետրը մահ է՝ ամեն մի քաղաքացի, ամեն մի քար, ամեն մի թուփ, ամեն մի ձորակ կրակելու է։ Երկրորդը՝ այդ տարածքը, համապարփակ համակարգը ի վիճակի է ցավոտ հակահարված տալու ագրեսորի ամենահեռու խորքերը»։
Նկարագրածի ճանապարհին ամենամեծ խնդիրը, ըստ Հովհաննիսյանի՝ զինվորական հեղափոխական մտածողությամբ սերնդափոխության խնդիրն է։ Կադրերի փոփոխության առումով առանձնացնում է վերջին 6 ամիսը։
Կա նաև սպառազինության փոփոխության հարց։ 44–օրյա պատերազմի առաջին իսկ վերլուծությունով, որի հեղինակը Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի հիմնադիր, ռազմագետ Ռուսլան Պուխովն է իր «Փոթորի Կովկասում» գրքով, հայկական բանակին բնորոշել է ենթավերնագրերից մեկով՝ «մետաղաջարդոնների բանակ»։
Արծրուն Հովհաննիսյանը ափսոսանքով է արձանագրում, որ այժմ հնդկական մամուլը հերթական արտահոսքն է թույլ տվել Հայաստանի ձեռքբերումների մասին։ Ձեռք բերվող զենքերից մեկի տեխնիկական պարամետրերը հուշում են, որ Հայաստանը նախընտրում է այն զինատեսակները, որոնք այժմ կիրառվում են արևմտյան տիպի բանակներում։




