
Նախկինում աշխատանքը բաժանվում էր 2 խմբի՝ ֆիզիկական ուժ պահանջող և չպահանջող։ Այսպես էին տարանջատվել կնոջ և տղամարդու պարտականությունները։ Ժամանակակից աշխարհում գործը ամուր մկանի փոխարեն մտքի ճկունություն է պահանջում։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարծում է՝ վաղուց ժամանակն է կանանց հուշել, որ նրանք նորարարական ու տեխնոլոգիական զարգացման ոլորտում մեծ անելիք ունեն․
«Ոչ միայն հայերին, այլ, ընդհանրապես, բոլոր կանանց բնորոշ մի հատկություն կա․ նրանք բազմախնդիր միջավայրում ավելի լավ են կողմնորոշվում քան տղամարդիկ։ Նոր գյուտ չեմ անում, հայտնի բան է։ Եվ դա հատկապես նորարարության ոլորտում բացառիկ հատկություն է, հատապես՝ ղեկավար պաշտոնում, երբ դու կարողանում ես զուգահեռ մի քանի խնդիր տեսնել և նրանց համադրման արդյունքում փորձել ստանալ նոր արդյունք»։
Սա հաշվի առնելով է նախաձեռնվել «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնված ընկերությունների համար» ծրագիրը, որին մասնակցել են միայն այն ընկերությունները, որոնց հիմնադիրը, տնօրենը, աշխատակազմի մեծ մասը կամ բաժնետերերից մեկը կին է։
«Նրանց նորարար մտածելու հնարավորություն ենք տալիս։ Նորարարություն չի նշանակում մի հետաքրքիր բան անել․ նշանակում է գտնել մի պրոդուկտ, որը կկարողանաս հետագայում տարածես նաև աշխարհում։ Եվ տոխնոլոգիա չի նշանակում միայն տեխնոլոգիական լուծում․ նշանակում է քո բիզնեսի մեջ տեխնոլոգիական նորարարությունների կամ բիզնես մտածելակերպի նորարար օգտագործում։ Այսինքն՝ ոչ միայն տեխնոլոգիական բիզնես, այլ բիզնես, որը կարող է առօրյա լինել, բայց փորձում ես այնտեղ նորարարություն կիրառել»։
Նախագծի կազմակերպիչները 100 կնոջ հետ են աշխատել, երկրորդ փուլում 50 մասնակից դասընթացներ են անցել, աշխատել են մենթորների հետ։ Դիտարկվել են նրանց հնարավորությունները, զարգացման ուղիները։ Այդ կանանցից 23-ն արդեն պատրաստ են ներկայացնելու իրենց արտադրանքը։
Նարինե Մինասյանն, օրինակ, Գյումրիից եկել է՝ ձեռագործ ինտերիերային տիկնիկների մասին պատմելու․
«Դիմել ենք այս ծրագրին, որ հնարավորություն ունենանք զարգացնելու մեր բիզնեսը ու նաև տեսնեք՝ հնարավո՞ր է ներգրավել ներդրողների, որ գործին զարկ տանք։ Մեր նպատակն է ստեղծել Գյումրիում տիկնիկների տուն, գողտրիկ անկյուն, որտեղ տիկնիկները ցուցադրված կլինեն հատուկ ինտերիերների մեջ»։
Ցողիկ Ոսկանյանի սիրտն էլ թաղիքն է գրավել։ Մի օր բացահայտել է, որ բրդից կարելի է գեղեցիկ իրեր ստանալ․ ավանդական ու մոռացված արհեստից արվեստի նմուշներ է պատրաստում ու վաճառում․
«Դասընթացների եմ գնացել որոշ ժամանակ, հետո ինքնակրթությամբ եմ զբաղվել, շատ փորձեր եմ արել։ Կենտրոն ենք բացել ու երեխաների միջոցով թաղիքագործությունը ուզում ենք տարածել։ Նաև ապրանքների տեսքով տեսականի ենք ներկայացնում շուկային»։
Եթե Ցողիկ Ոսկանյանը հիմնականում մարքեթինգին վերաբերող հարցեր է ունեցել, ապա նկարիչ-դիզայներ Հասմիկ Մովսիսյանը ներդումային հնարավորություններ էր փնտրում․
«Բիզնեսը հիմնվել է ընտանեկան, անձնական բյուջեի ներդրումներով, առայժմ դեռ չունենք ներդրողներ, բայց ենթադրում եմ՝ այս գիտելիքներն ու հմտությունները, որ ինձ տրվեցին, կօգնեն չվախենալ ու դիմել արդեն նոր ներդրումների ու ավելի մեծ քայլեր անելու համար, հնարավորություններ ստեղծել։ Համագործակցությունը սկսվել է Սարյան թանգարանի հետ, այնուհետև շարունակել ենք մյուս թանգարանների հետ ստեղծել հավաքածուներ»։
Այսպես՝ թանգարանային նմուշների օրինակով Հասմիկը հագուստ ու աքսեսուարներ է պատրաստում։ 6 տարեկան բիզնեսը զարգացնելու համար միշտ նորությունների կարիք է զգում։ «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնված ընկերությունների համար» ծրագրի հիմնական ուղերձը հենց սա է․ ներդրողների համար առաջնային է գործարարի՝ միշտ սովորելու պատրաստակամությունը։






