
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դիմել է պատկան մարմիններին՝ շահագործելու Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի պղնձի հանքավայրը։ Նախօրեին մեղրեցիները բողոքի ակցիա էին կազմակերպվել՝ ձախողելով հանրային առաջին լսումը։ Համայնքի բնակիչների մյուս մասն էլ կողմ է հանքի շահագործմանը։ Սյունիքի մարզի մեր թղթակից Արմեն Դավթյանն է ի մի բերել մոտեցումները։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրը շահագործելու հայտ է ներկայացրել։ Նախօրեին մեղրեցիները ձախողել են հանրային լսումը՝ փակելով Մեղրիի համայնքապետարանի մուտքը և թույլ չտալով, որ մասնակիցները ներս մտնեն։
Լիճքի հանքավայրը Մեղրի և Այրիջուր գետերի միջև շուրջ 58 հա տարածք է զբաղեցնում։ Համանուն գյուղից ուղիղ գծով հեռու է 200, Բողաքար արգելավայրից՝ 100 , իսկ Արևիկ ազգային պարկից՝ 800 մ: Բողոքի ակցիային մասնակցող մեղրեցիների կարծիքով՝ Լիճքը զբոսաշրջության, հյուրատնային բիզնեսի, գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման բնակավայր է։ Համոզված են, որ հենց այս ուղղությունների վրա պիտի հիմնված լինի համայնքի զարգացման տեսլականը։
«Ամբողջ Մեղրին միայն իր էկոլոգիայով կարող է 3 անգամ ավելի շատ եկամուտ ապահովել, քան կոմբինատները բերում են։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք»։
Տարիներ առաջ Լիճքի պղնձի հանքը շահագործել է «Թաթսթոուն» ընկերությունը։ 2021թ․ապրիլին կառավարությունը թույլ տրված խախտումների հիմքով հարուցել է վարչական վարույթ։ Նույն թվականի մայիսին ընդերքօգտագործման իրավունքը կասեցվել է։ Մեղրիի «Կանանց ռեսուրս կենտրոնի» համահիմնադիր, ընտանեկան բժիշկ-մանկաբույժ Նվարդ Խաչատրյանը հիշում է՝ երբ 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ Մեղրի, նրան մեղրեցիները 3500 ստորագրությամբ դիմում փոխանցեցին, որ դեմ են հանքի շահագործմանը։ Նվարդ Խաչատրյան
«Ագարակն ու Քաջարանը ստեղծվել են հանքարդյունաբերության շուրջ, իսկ Մեղրին եղել է իր մրգերով, բնությունով դրախտավայր։ Ու էսօր Մեղրին մեծ հանքավայրի վերածելը ոչ մեկի սրտով չի։ Եվ ընդհանրապես, որևէ հայի սրտով չի կարող լինել Մեղրին դատարկվելը»։
Հանքի շահագործմանը դեմ է նաև Մեղրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանը։ Նա նույնպես միացել է հանրային լսումը չեղարկելու պահանջին։ Մեղրու բնակիչներն օգտվում են հանքավայրի մոտ գտնվող գետերի ջրերից, ու Արմեն Հայրապետյանի անհանգստությունը նաեւ ջրային պաշարներին է առնչվում։
«Ես չեմ պատկերացնում, որ հանքի օգտագործումը վնասակար ձևով չի չազդի ջրի վրա։ Խմելու և ոռոգման ջրերի ռիսկերը չեն զրոյացվելու։ Նաև ամբողջ աշխարհից եկող տուրիստների հոսքն է շատանում Լիճք։ Բացառվում է՝ մի տեղ հանք շահագործվի, ու դրա կողքին տուրիզմը զարգանա»։
Այլ տեսակետ ունի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արարատ Թումանյանը։ Նրա խոսքով՝ մոտ երկու տասնյակ մարդ է մասնակցել բողոքի ցույցին, ու նրանք չեն արտահայտում մեղրեցիների մեծամասնության տեսակետը։ Մտադիր է տեղական հանրաքվե անցկացնելու նախագիծ ներկայացնել ավագանու քննարկմանը։ Թումանյանը կարծում է, որ հանքը շահագործող ընկերությունը տեխնոլոգիական ժամանակակից լուծումներով նվազագույնի կհասցնի բնապահպանական ռիսկերը։ Արարատ Թումանյան․
«Դա բոլոր մեղրեցիների, Մեղրի համայնքի բնակիչների կարծիքը չէ։ Մոտ 20-25 մարդ էր մասնակցում։ Ինչո՞ւ է ձեռնտու հանքի շահագործումը․ Մեղրի համայնքում ունենք աշխատատեղերի լուրջ խնդիր։ Վստահ եմ, որ լիճքեցիներն ուրախ են, որ իրենց գյուղի մոտ աշխատեղեր են ունենալու»։
Լիճքի վարչական ղեկավար Հայկ Հովհաննիսյանը Պղնձամոլիբդենայինի տնօրինության հետ դեռ չի քննարկել, թե ընկերությունը սոցիալական ինչ ծրագրեր է նախատեսում գյուղում և համայնքում։ Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ համայնքում ամենակարևորը զբաղվածության խնդիրն է։
«Գյուղի 70 տոկոսը դեմ չէ։ Ես այսօր նորից զրուցել եմ գյուղացիների հետ։ Շահագրգռված են, որ, այո, բացվի, առաջին հերթին՝ աշխատանք ունենան, որպեսզի չլքեն գյուղը, աշխատելու հետ էլ գյուղում հարցեր կան, որ ԶՊՄԿ-ն կարող է օգնել»։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից «Ռադիոլուրին» տեղեկացրին, որ այս պահին որևէ հայտարարություն անելու կարիք չեն տեսնում։ Կոմբինատի ներկայացուցիչները լսել են բողոքող մեղրեցիների տեսակետները, դրանք կվերլուծեն ու նոր առաջարկներով կներկայանան հանրային հաջորդ լսմանը։




