ԿարևորՔաղաքական

Ադրբեջանցի «բնապահպանների» «էվոլյուցիան». Լաչինի միջանցքում պահանջները փոխվում են

Մի քանի օրից կլրանա Արցախի շրջափակման 4-րդ ամիսը։ Այս ընթացքում կեղծ բնապահպանական լոզունգներով սկսված շարժման  ծրագիրն ու պահանջները տրամագծորեն փոխվել են։ Դրմբոնի և Կաշենի հանքերը վաղուց արդեն մոռացվել են, իսկ Արցախի բնակիչներին իրենց տներ թույլ չի տրվում  հասնել բոլորովին այլ հիմնավորումներով։

Լաչինի միջանցքով երկկողմանի անխափան տեղաշարժը վերականգնելու մասին Միջազգային արդարադատության դատարանի վճռից և դրա անտեսումից  մեկ ամիս անց ադրբեջանցիները նոր պահանջներ են ներկայացնում Արցախի քաղաքացիներին, ինչ էթնիկ զտման նոր  տարրեր է պարունակում։

Պաշտոնական բացատրություն է ներկայացվել Տեղ-Կոռնիձոր հատվածում դեռ մարտի վերջից Ադրբեջանի հետ դիրքային խնդիրների առնչությամբ։ Ապրիլի 1-ին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Հայաստանը Արցախի հետ կապող նոր ճանապարհային երթուղու գործարկմամբ պայմանավորված՝ ադրբեջանական առաջխաղացումների շուրջ ընթացած բանակցությունների արդյունքում իրավիճակը «էականորեն բարելավվել» է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում այդ ձևակերպումը։

«Երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում, ըստ մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ Հայաստանի տարածքում։ Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Մասնավորապես, 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»։

Ոչ պաշտոնական տեսակետն  այս խնդրի առնչությամբ սկսվում է ոչ թե ապրիլի 1-ից կամ մարտի 29-ից, այլ՝ ավելի վաղ շրջանից։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ճիշտ է համարում խնդիրը դիտարկել այն կետից, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ապրիլի 1-ից Հայաստանը Արցախին կապող նոր երթուղու շահագործման մասին։

«Այդ երթուղու փոփոխության հետևանքով կա հատված, որը որպես նոր բնագիծ պետք էր կահավորել։ Հայաստանի իշխանությունը՝ իմանալով, որ ապրիլի 1-ից տեղի է ունենալու փոփոխություն, թույլ է տվել, որ Ադրբեջանը մեկնարկային առավելություն ստանա և 1-2 օր շուտ գա իր համար ցանկալի բարձունքներում տեղակայվի և դիրքավորվի։ Եթե նույնիսկ ադրբեջանական զորքերը չմխրճվեին դեպի ՀՀ տարածք, կանգնեին ուղղակի սահմանի գծով, բնական է, որ հայկական զորքերը պետք է գային և նրանցից որոշակի հետ կանգնեին։ Այդ դրվագով արդեն իսկ նշանակում է, որ ՀՀ հաշվին ձևավորվում է չեզոք գոտի։ Եթե առաջինը հայկական զորքերը գնային և տեղակայումը ապահովեին, ՀՀ հաշվին այդ չեզոք գոտին չէր ձևավորվի»։    

Հայաստանի վարչապետի խոսքում, ըստ էության, կա հաստատում, որ մինչև մարտի վերջին օրերը Տեղ-Կոռնիձոր հատվածում որևէ կողմից վերահսկողություն չի եղել։ Բայց չկա այն հարցի պատասխանը չկա, թե ինչու հայկական կողմն առաջինը չի  տեղակայվել այդ դիրքերում։ Փոխարենը  վարչապետը նշում է առաջիկա անելիքները։  

«Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից»։

Թեև նոր երթուղու շահագործմամբ պայմանավորված խնդիրները քննարկվում են, բայց երթուղին փաստացի չի գործում։ Ապացույցներից վերջինը ապրիլի 4-ին  խաղաղապահների ուղեկցությամբ իրենց տներ վերադարձող 23 արցախցների մուտքը Ստեփանակերտ կեղծ «բնապահպանների» կողմից արգելափակելն էր։

«Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ Միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»։   

Ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի միասնական ջանքերն է անհրաժեշտ համարում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումն ուժեղացնելու համար։ Ներսիսյանը ուշադրություն է հրավիրում, որ Ադրբեջանը խճճվել է ճանապարհը փակելու հիմնավորումների, ինչպես նաև Լաչինի փակ և բաց լինելու հարցերում։ Միջազգային հանրությանը ներկայացվող ադրբեջանական սուտը, ըստ Արցախի պետնախարարի, հեշտությամբ հնարավոր է բացահայտել  միայն հումանիտար բեռնափոխադրումների պատկերով։

«Մեր մատակարարումը և բնակչության կարիքները հոգալու մեր հնարավորությունները սահմանափակված են ռուս խաղաղապահների մի քանի բեռնատարներով իրականացվող բեռնափոխադրումներով և Կարմիր Խաչի կողմից հազվադեպ իրականացվող բեռնափոխադրումների հաշվին։ Նույնիսկ Կարմիր Խաչը, որը ըստ երևույթին ոչ մի խնդիր չպետք է ունենա հումանիտար բեռ Արցախ տեղափոխելու համար, բայց օրեր շարունակ գտնվում է բանակցությունների մեջ, որպեսզի կարողանա շաբաթական մեկ կամ առավելագույնը երկու անգամ բեռնափոխադրում կատարելու իրավունք ստանա։ Եվ այս պայմաններում Ադրբեջանը ի լուր աշխարհի անընդհատ հայտարարում է, որ ճանապարհը բաց է։ Թեև, կրկնում եմ, մենք օրեր շարունակ սպասում ենք, որպեսզի Կարմիր Խաչը ստանա մեկ անգամ բեռնափոխադրում կատարելու հնարավորություն»։

Հանրային հեռուստաընկերության եթերում Ներսիսյանը փաստեր է ներկայացրել, թե «բնապահպանական» կոչվող ադրբեջանական բողոքը ինչպես է վերափոխվել այլ պահանջների։ Եթե նախկինում ադրբեջանական կողմը խոսում էր այսպես կոչված Արցախի «վերաինտեգրման» մասին, այսօր արդեն արցախցիներին ներկայացվում են այլ պահանջներ։ Փաստն արձանագրվել է արցախցիների մուտքը Արցախ արգելելու վերջին դեպքի ժամանակ։

«Կանգնեցրել են մեքենաները և սկսել հավելյալ պահանջներ ներկայացնել, որ մեր քաղաքացիները Արցախ կարող են  մուտք գործել միայն այն դեպքում, եթե ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, ինչ-որ ինտեգրման համաձայնություն տան և այլն»։

Վերջին միջադեպի ժամանակ ռուս խաղաղապահները ադրբեջանցիների հետ բանակցել են շուրջ 5 ժամ։ Բայց առաջնորդվելով անվտանգային խնդիրներով՝  նրան վերադարձել են Գորիս։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանն արձանագրում է․

«Սա Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորումն է, որը էթնիկ զտման տարրեր է պարունակում առնվազն ԼՂ հայության նկատմամբ, և մենք այդ հարցը բարձրացնում ենք մեր բոլոր միջազգային շփումներում և բոլոր գործընկերների հետ։ Բնականաբար, կոմունիկացիան կա նաև Ռուսաստանի հետ, և նրանք ևս արձանագրում են այս իրավիճակները»։

Որևէ միջազգային կառույց այս միջադեպին պաշտոնապես դեռ չի արձագանքել։

Վերջին խնդիրների և համաշխարհային անկայուն և անորոշ միջավայրի համատեքստում Հայաստանը վարչապետն ընդգծում է ամուր նյարդեր և զսպվածություն ունենալու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար:

Առաջացող խնդիրներին զուգահեռ պաշտոնական Երևանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Կարդացեք նաև

Back to top button