
Հայաստան ներմուծվող մի շարք ապրանքներ, որոնք այս կամ այն արտադրանքի համար հումք են հանդիսանում, կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկից։ Կառավարության այս առաջարկն այսօր քննարկվել է խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Գործադիրն առաջարկել է ցանկում ներառել նաև եգիպտացորենն ու սոյան։ Ներմուծվող այդ ապրանքները օգտագործվում են հիմնականում թռչնակեր։ Արտադրական այս շղթայում ավելացված արժեքի հարկից ազատումը տնտեսվարողներին որոշակիորեն դրական մրցակցային վիճակ կտա, ինչն էլ հնարավորություն կստեղծի ավելի մրցունակ գին սահմանել։
Հայաստանի կառավարությունը արտահանումը խթանելու քաղաքականություն է որդեգրել։ Ուստի խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանն առաջարկում է ներմուծվող ու հավելյալ արժեք ստեղծող հումքային ապրանքները ընդհանրապես ազատել ԱԱՀ-ից։ Բացատրություն կա՝ հայ արտահանողները մեծ մրցակցության մեջ են դրսի շուկաներում, ուստի մրցունակությունը պետք է խթանել։
«Եթե հարկային վարչարարությունը բարելավված է, ստվերը կրճատված է, հետևաբար չի հասկացվում, ո՞րն է խնդիրը, չի հակսացվում, որ մենք ասում ենք՝ սահմանի վրա ավելի լավ է այստեղ հարկենք, պետությունը իր հարկը վերցնի, ոչինչ թող բիզնեսը մի քիչ լրացուցիչ գործողություն, վարչարարություն անի ու կարողանա հետոյի հնարավորությւոնից օգտվել»,-ասում է պատգամավորը։
Հայաստանի հարկային եկամուտների կառուցվածքում ԱԱՀ-ն իր կշռով առաջին տեղում է՝ այս մասին հիշեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Հարկերի 35 տոկոսը հենց ԱԱՀ-ն է։ Հավաքվող գումարի 75 տոկոսը ներմուծումից է գոյանում։ Ուստի ԱԱՀ-ի հետ կապված որոշումներում պետք է զգուշավոր լինել, ասում է փոխնախարարը․
«Մենք պետք է ազնիվ լինենք ու խոստովանենք, որ սահմանին վարչարարություն իրականացնելը շատ ավելի հեշտ ու արդյունավետ է, քան տարածքում։ Եթե ԵԱՏՄ անդամ ենք, սահմանների վերահսկողությունը օբյեկտիվորեն թուլացվում է, կարող է ստացվել մի վիճակ, որ մի գործառնությամբ կատարվող ներմուծումը հազար գործարքով հետագայում վաճառվի։ մեկ գործառնությունը վերահսկելու փոխարեն, ստիպված ենք լինելու հազարը վերահսկել»։
Հայաստանն ամսական պարբերականությամբ է ԱԱՀ դեբետային մնացորդը վերադարձնում տնտեսվարողին, նշում է Արման Պողոսյանը․
«Եթե անգամ սահմանին ներմուծվեց, հաջորդ ամիս, եթե մնացորդը դեբետային է, մենք դա վերադարձնում ենք։ Շատ հաճախ, եթե խոսքը ոչ ռիսկային տնետսվարողների մասին է, առանց ստուգելու, կարճ ժամկետում վերադարձնում ենք»։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցնում է՝ սահմանին ԱԱՀ-ի գանձումը վերացնելու հարցը քննարկվում է մոտ 15 տարի։ Հասկանում են՝ լավ տարբերակ չէ սահմանին ԱԱՀ գանձելը։ Բայց դրա համար կան մի քանի գործոններ․
«Եթե հիմա որոշենք այսօր սահմանին ԱԱՀ-ն վերացնենք ու հարկենք իրացման փուլում, հարկի վճարումը պետական բյուջե մի քանի ամսով հետաձգվելու է։ Եթե սա էլ հաշվի չառնենք, միևնույնն է, այստեղ կա վարչարարության ռիսկ՝ կորուստ լինելու է։ Բայց միանշանակ է, որ մենք այս ընթացքում ավելի մոտ ենք սահմանին ԱԱՀ վերացնելուն, քան երբևէ։ Մի կողմից հարկային վարչարարությունն է խստացվում, կարգավորումները բարելավվում են, անկանխիկ դրամաշարջանառության մասին օրենքով ներքին դաշտը մաքրվում է, մյուս կողմից էլ ցանկն է ընդլայնվում»։
Կառավարությունն այս փուլում առաջարկում է Հայաստան ներմուծվող կոնկերտ խումբ ապրանքներ ազատել սահմանին վճարվող ԱԱՀ-ից։ Դրանք այն ապրանքներն են, որոնք որպես հումք են օգտագործվում այս կամ այն արտադրության մեջ։
էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը հանձնաժողովին տեղեկացնում է՝ օրենսդրական նախաձեռնության առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում ավելացվել են որոշ ծածկագրեր՝ եգիպտացորեն, սոյայի պտուղներ։ Ներմուծվող այդ ապրանքները հիմնականում կիրառվում են թռչնամսի կերի պատրաստման գործընթացում: Եվ արտադրական այս շղթայում ավելացված արժեքի հարկից ազատելը մեր տնտեսվարողներին որոշակիորեն ավելի դրական մրցակցային վիճակ կտա, ինչն էլ հնարավորություն կստեղծի նրանց ավելի մրցունակ գին սահմանելու։
«Մեր կարծիքով լավ տեմպով առաջ ենք շարժվում։ Կարելի է որոշակիորեն ագրեսիվ լինել, բայց պետք է հաշվի առնենք, որ շատ լավ գործում են դեբետային մնացորդի կարգավորումները»,-նշում է փոխնախարարը։
Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային Ժողովի լիագումար նիստում:




