
Իսրայելցի ակտիվիստ, Կովկասի երկրների փորձագետ Յարոն Վայսը սկսում է հնգօրյա ճանապարհորդություն Գալիլեայում՝ նվիրված արցախցիներին։
«Գալիլեայի լանդշաֆտը, այն տարածաշրջանը, որտեղ ես ապրում եմ, ինձ միշտ հիշեցնում է Արցախի բնապատկերը: Տարածքի չափը նույնպես նույնն է»,- ասել է Վայսը ֆեյսբուքյան գրառման մեջ՝ հայտարարելով ճամփորդության մասին:


«Վերջին ամիսներին Արցախի ժողովուրդը հայտնվել է ծանր վիճակում, շրջափակման մեջ է։ Բացի այդ, տասնյակ հազարավոր փախստականներ չեն կարող վերադառնալ իրենց տները։ Իրավիճակի հիմնական պատճառներից մեկը նաև իսրայելական արտադրության զենքի կիրառումն է, որը փոխեց ուժերի հավասարակշռությունը հակամարտությունում»,- գրել է նա։
«Արցախի ժողովրդին կարեկցելու, Իսրայելում և ողջ աշխարհում նրանց ծանր վիճակի մասին իրազեկությունը բարձրացնելու համար ես որոշեցի անցնել Գալիլեան Միջերկրական ծովի արևմտյան կողմից դեպի Հորդանանի հովտի արևելյան կողմը», -գրել է Յարոն Վայսը:
Նա նախատեսում է մի քանի օր արշավել՝ ձեռքին Արցախի դրոշը՝ հիշեցնելու մարդկանց, որ «ճանապարհորդությունը նվիրված է այն հերոսներին, ովքեր ապրում են իրենց հինավուրց հայրենիքում՝ չնայած բոլոր դժվարություններին։ Հայրենիք, որը շատ նման է Գալիլեային»։
«Ես շատ կգնահատեմ, եթե հետևեք ճանապարհորդությանը սոցիալական ցանցերում և կիսվեք: Դուք կարող եք միանալ ինձ արահետում»,- եզրափակել է Վայսը:




