ԿարևորՀասարակություն

Սահմանափակումներ հնարավոր են նաև այլ ոլորտներում․ կաթնամթերքի արտահանման ռուսական արգելքի  «հետևանքները»

Ապրիլի 5-ից Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրության կաթնամթերքի մատակարարումը կդադարեցվի։ Մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան ծառայությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել են մարտի 20-ից 24-ը Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգման արդյունքները։ Դրանք հիմք ընդունելով՝ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թ․ ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։ Ի՞նչ հետևանքներ կունենա այս որոշումը Հայաստանի ու հայ արտադրողների համար։  

«Ռոսսելխոզնադզորի» խնդրանքով հայկական արտադրության կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստանի Դաշնություն կդադարեն։ Ըստ ռուսական գերատեսչության հայտարարության՝ պատճառը  արտահանվող կաթնամթերքում հայտնաբերված խախտումներն են։ Մասնավորապես՝ կաթնամթերքի արտադրության մեջ կիրառվել է իրանական այնպիսի հումք, որը ԵԱՏՄ չափորոշիչներով արգելված է։ Ռուսական գերատեսչության պնդմամբ՝ հայտնաբերված խախտումները վկայում են նաև անասնաբուժական պետական ​​ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ընկերությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին։

Ռուսական գերատեսչությունը խնդրել է դադարեցնել հայկական կաթնամթերքի մատակարարումները՝ խոստանալով  հայտնաբերված խախտումների վերացնելուց  հետո քննարկել դրանց վերսկսման հնարավորությունը։ Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաստատել էր, որ հայկական կաթնամթերքի մեջ կիրառվում է իրանական հումք, որի պատճառով էլ «Ռոսսելխոզնադորը» անդրադարձել է խնդրին։ Որակը, սակայն, դրանից, նախարարի կարծիքով, չի տուժում։ Քերոբյանը նաև համոզմունք էր հայտնել, որ ռուսական  հնարավոր արգելքը քաղաքական ենթատեքստ չունի, ուստի հույս էր հայտնել, որ քննարկումները դրական արդյունք կունենան։

Ակնկալված արդյունքը չարձանագրվեց․ էկոնոմիկայի նախարարությունն այս փուլում  ձեռնպահ է մնում մեկնաբանություններից։ Տեսչական մարմինը նույնպես չի մեկնաբանում ռուսական գերատեսչության քայլերը։ Նշում են, որ արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը, այն է՝ սննդարտադրության գործընթացում առողջությանը վտանգ ներկայացնող խնդիրներ չկան։ Տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյան․

«Սննդամթերքի արտադրության ողջ շղթան տեսչական մարմնի կողմից պատշաճ վերահսկվում է։ Իրականում որևէ անհանգստացնող բան չի  հայտնաբերվել»։

«Ռոսսելխոզնադոր» –ից առաջ կաթնամթերքի շուկայում  խախտումներ էր բացահայտել նաև «Հետքի» ՝ վերջերս իրականացրած հետազոտությունը։ Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանն ավելի հակված է կարծել, որ անվստահությունը հենց լրագրողական հետաքննությունից հետո է առաջացել։

««Հետքի» արած այդ ոչ ճիշտ հետազոտության, ինչպես նաև «Ստանդարտ դիալոգի» կողմից տրված ոչ հավաստի արդյունքների հիման վրա ՌԴ համապատասխան գերատեսչությունը սահմանափակում դրեց արտահանման վրա։ Սա թշնամություն է մեր տեղական արտադրողների դեմ, և եթե այսօր մի նոր արտադրող հայտնվի և փորձի արտահանել, միևնույն է չեն թողնելու»։

Խաչատուր Պողոսյանի փոխանցմամբ՝  կաթնամթերքի արտահանմամբ հիմնականում զբաղվում է 2 խոշոր ընկերություն։ Վնասը, որ կրելու են այս սահմանափակումներով,  ոչ այնքան ֆինանսական է, որքան բարոյական։ Իսկ իրանական հումքի գործոնը, ըստ Պողոսյանի, ավելի շատ քաղաքական է, քան որակական։

«Այո, իրանական հումք է կիրառվել, կաթի սեր, բավական որակով։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչն է արգելելու պատճառը, եթե ոչ քաղաքականությունը։ Ուրիշ բան, եթե պատրաստի արտադրությունը մտներ Հայաստան, այստեղ կատարվեր վերափաթեթավորում, վաճառվեր Ռուսաստանին։ Բնական է, որ կարող էին սահմանափակումներ կիրառել։ Բայց այստեղ հումքն է գալիս, դառնում կարագ, և պատրաստի արտադրությունը վաճառվում է ՌԴ։ Ինձ համար անհասկանալի է այս արգելքը»։

Ի տարբերություն Կաթնամթերք արտադրողների միության նախագահի՝ սպառողների իրավապաշտպան Բաբկեն Պիպոյանը հասկանում է արգելքի տրամաբանությունը։ 

«Իրանում կա հումք, որը ՌԴ–ն թույլ տալիս է, այսինքն համապատասխանում է ռուսական կողմի չափորոշիչներին և կա հումք, որը չի համապատասխանում իր չափորոշիչներին։ Եվ ռուսական կողմը հայկական կողմին դրա մասին հայտնել է։ Դրանից հետո զանգում, ասում է՝ գալիս եմ ստուգելու և զգուշացնելուց հետո խնդիր է տեսնում, բնականաբար թերահավատորեն է վերաբերվում մեր բոլոր տվյալներին։  Ես մի բան չեմ հասկանում, ինչպես է ստացվում, որ մեր հանրային դաշտում իրականացվում է վերահսկողություն, հայտաբերվում են խնդիրներ, վառ ապացույցը «Հետքի» վերջին հետազոտությունն է։ 10 արտադրողից 8-ի մոտ խնդիր է գտնում։ Ինչու ռուսական կողմը չպետք է գտնի, «Հետքի» չափ ստուգել չգիտի՞»։

Այս ամենին բնականաբար  նպաստել է նաև քաղաքական լարվածությունը, բայց ամեն ինչի մեջ քաղաքականություն պետք չէ փնտրել՝ ասում է զրուցակիցս ու շեշտում՝ խնդիրներ կան նաև կաթնամթերքի արտադրությունում ։

«Եթե հիմա խելքներս գլուխներս չհավաքենք ու չորոշենք, որ սննդամթերքի անվտանությունն ու որակը պետք է լինի առաջին պլանում, և միայն գումար աշխատելով չէ, շարունակական էֆեկտով սահմանափակումներ նաև այլ ոլորտներում կլինեն»։

Քանի դեռ ներքին անվտանգային խնդիրները չեն լուծվել, Պիպոյանն ավելորդ է համարում խոսել արտահանման հեռանկարների մասին։ Ի դեպ՝  2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ 2023-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի ծավալներն ավելացել են։ Հիմնականում արտահանվել է կարագ և պանիր։ Ի դեպ, «Ռոսսելխոզնադզորի» ստուգումները թեև  իրականացվել են 2 ընկերություններում, բայց արտահանման կասեցումը վերաբերում է բոլոր ձեռնարկություններին։ 

Կարդացեք նաև

Back to top button