ԿարևորՄիջազգային

Իրանի հերթական բողոքի նոտան Ադրբեջանին. Թեհրան-Բաքու առճակատումը սրվում է

Թեհրանը բողոքի նոր նոտա է հղել Բաքվին։ Այս անգամ հաշիվ պահանջելու առիթն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներն են։ Իրանն Ադրբեջանին զգուշացնում է անհարգալից գործողությունների վնասակար հետևանքների մասին։ Մինչ այդ էլ Թեհրանը Բաքվից հաշիվ էր պահանջել՝ Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի առնչությամբ։ Դավադրություն, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում՝ պաշտոնական Թեհրանն այսպես էր արձագանքել հակաիրանական ծրագրին։ Այս զարգացումներին զուգահեռ իրանցի փորձագետները սկսել են խոսել Իրան-Հայաստան ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման հնարավորության մասին։

Իրան-Ադրբեջան առանց այդ էլ սրված հարաբերությունները պրկվում են վերջին օրերի, նույնիսկ՝ ժամերի հայտարարություններին զուգահեռ, որոնց հաջորդում են Բաքվից հաշիվ պահանջելու իրանական բողոքի հերթական նոտաները։ Նոր լարվածության ֆոնին իրանցի փորձագետները քննարկում Հայաստան-Իրան ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու հնարավորությունները։

Հայ վերլուծաբանները նկատում են, որ այդ  քննարկումներն Իրանում ակտիվացան հատկապես Սյունիքում ադրբեջանական զինուժի առաջխաղացման ֆոնին։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյան. «Մենք ևս պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ Իրանի հետ զարգացնենք մեր հարաբերությունները, այդ թվում՝ նաև ռազմատեխնիկական, համատեղ զորավարժությունների և այլ գործողություների տեսքով, պատրաստ լինենք ցանկացած պահի դիմակայել և դիմագրավել այն վտանգին ու արհավիրքին, որ աստիճանաբար մոտենում է մեր սահմաններին։ Իրանի հետ միասին պետք է իրականացվի այդ արհավիրքի դեմ պայքարը»։  

Փորձագետի խոսքով՝ զուգահեռաբար պետք է ամրապնդել Հայաստանի պաշտպանունակության մակարդակը՝ զարգացնելով հարաբերությունները ռազմաքաղաքական դաշնակիցների հետ, մեծացնելով Հայաստանի անվտանգության հնարավորություններն ու լրացուցիչ անվտանգային բարձիկներ ստեղծելով մեր պետության համար։  

Իրան-Հայաստան ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու իրանական քննարկումները պատասխան են նաև  Իսրայել-Ադրբեջան հակաիրանական դաշինքի ստեղծման ծրագրին։    

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Իսրայելի արտգործնախարարության ղեկավար Էլի Քոհենը, ամփոփելով Իսրայելում իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համատեղ ջանքերով դիմակայեն Իրանին։

«Մենք պետք է գործենք միասին, որպեսզի կանխենք Իրանի կողմից (ռազմական) միջուկային ներուժի ստացումը: Դա կարելի է անել՝ օգտագործելով քաղաքական և տնտեսական միջոցներ, միաժամանակ ստեղծելով հուսալի և շոշափելի ռազմական սպառնալիք», — հայտարարել էր Քոհենը:

Այդ համագործակցությունը «դավադրություն» է, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում՝ ի պատասխան հայտարարել էր Իրանի Իսլամական Հանրապետության արտգործախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին և Բաքվից պարզաբանումներ պահանջել «միասնական հակաիրանական ճակատի» ատեղծման առնչությամբ։

Ավելի ուշ Իրանի արտգործնախարարության խոսնակը Թվիթերի իր էջում գրել էր՝ Ադրբեջանը խուսափում է պատասխանից, իսկ լռությունը համաձայնության նշան է։ Քանանին նաև նկատել էր, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն, պատասխանից խուսափելուց զատ, նոր մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ Բաքուն  խիզախություն չունի ուղիղ պատասխանելու Թեհրանի  հարցերին։  

«Պարզ է, որ Բաքվում ամեն կերպ փորձելու են խուսափել այդ հարցին պատասխանելուց, բայց Իսրայել-Ադրբեջան դաշինքն իրականում գոյություն ունի, և իրանցիները հավաստիանալու լրացուցիչ որևէ տեղեկատվության կարիք չունեն»։  

Բաքվի ռազմական կաբինետներից նույնպես հայտարարություններ են հնչել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե ոչ ոք իր երկրի հետ սպառնալիքներով խոսելու իրավունք չունի։ Խոսքը, բնականաբար, Իրանին է ուղղված, և սա փաստել են իրանական լրատվամիջոցները։  

Փորձագետները Բաքվում խուճապ են նկատում․ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատարի՝ Ադրբեջանի հետ սահման այցից հետո է Զաքիր Հասանովը խորհրդակցություն հրավիրել։ Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հենց սահմանից հայտարարել էր, որ Իրանը որևէ հավաստի տեղեկատվություն չունի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջան բերված սիրիացի վարձկան ահաբեկիչների դուրս բերման մասին։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նկատում է Իրանից Բաքու պարբերաբար հղվող մեսիջների կարևորությունը.

«Այն ոգևորությունը, որ կա Ադրբեջանում, թե նրանք կարող են օգտվել Իսրայելի աջակցությունից և պատերազմ սկսել անգամ Իրանի դեմ, այդ ոգևորությունը անտեղի է, որովհետև Իսրայելի աջակցությունը ոչինչ չի տալու Ադրբեջանին և, Աստված մի արասցե, տարածաշրջանային մեծ պատերազմի դեպքում, դիցուք՝ իրանաադրբեջանական ռազմական բախման դեպքում, Իրանը կարողանալու է չեզոքացնել Իսրայելից ստացված աջակցությունը, և Ադրբեջանը դրա համար բավական թանկ գին է վճարելու»։

Իրանը քայլեր է անում  տարածաշրջանային գերտերություն դառնալու, միաժամանակ հնարավոր պատերազմին պատրաստվելու ուղղությամբ՝ ասում  է վերլուծաբանը և ընդգծում Ծոցի արաբական երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ 

Կարդացեք նաև

Back to top button