
Երևանի փողոցներից գրեթե անհետացել են ճանապարհային գծանշումները։ Դրանց մաշվածությունը, հաճախ նաև բացակայությունը երթևեկության կանոնների խախտումների, անգամ վթարների պատճառ են դառնում։ Քաղաքապետարանից «Ռադիոլուրին» վստահեցնում են, որ մոտ երկու շաբաթից արդեն կսկսեն գծանշումները թարմացնել։ Ի դեպ՝ վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետները պնդում են՝ չկա գծանշում, չկա նաև իրավախախտում։
Աշոտ Հովսեփյանը, որ ավելի քան 4 տասնամյակ Երևանում ավտոմեքենա է վարում, պատմում է՝ այն ինչ վերջերս պատահել է իր հետ, աննախադեպ է իր վարորդական պրակտիկայում․
«Նար–Դոս փողոցի վրա էի, ալրաղաց կոմբինատի մոտ դուրս էի եկել հանդիպակաց երթևեկելի գոտի․ գծերը շատ մաշված են, գրեթե չեն երևում, դիմացից մի տղա լույսերը թարթելով, ազդանշան տալով գալիս էր։ Իջա, նայեցի, պարզվեց` իսկապես, հանդիպակաց եմ դուրս եկել։ Ախր գծերը գրեթե չեն երևում։ Իհարկե ներողություն խնդրեցի, գնացի»։
Զրուցակիցս պատմում է՝ եթե այս անգամ կարողացել է ներողությունով պրծնել, հաջորդ անգամ նման դեպքը կարող է ծանր, գուցե և ողբերգական վթարի պատճառ դառնալ։ Երևանում սա միակ փողոցն ու միակ խաչմերուկը չէ, որտեղ ճանապարհային գծանշումները գրեթե անտեսանելի են։
Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը դրա հետ կապված սեփական ուսումնասիրությունն ունի։
«Պատմության մեջ առաջին անգամ համարձակորեն կարելի է ասել, որ Երևանում գծանշումների 90%-ը ուղղակի չկա։ Գիտեք, նախորդ տարիներին էլ էր լինում, որ գծանշումները մաշվում, մաքրվում էին, բայց գոնե մի քանի ամիս հետո․․․ Այս անգամ ամռանն արված գծանշումները հենց ամռանն էլ անհետացան»,– ասում է երթևեկության փորձագետը։
Գծանշումներն առաջին հերթին երթևեկությունը կանոնակարգելու, վարորդների տեսողական կողմնորոշման համար են։ Դրանց տրվող պահանջները սահմանվում են Կառավարության համապատասխան որոշմամբ։ Ըստ այդմ՝ ներկով արված գծանշման մաշվածքը չպետք է գերազանցի 50%–ը, իսկ ջերմապլաստիկի կամ երկարակյաց այլ նյութերի դեպքում` 25%-ը:
Ավելին, ըստ սահմանված պահանջների, նոր գծապատկերով գծանշում կատարելու դեպքում հինը չպետք է տեսանելի լինի: Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը պնդում է՝ քաղաքի այս կամ այն հատվածում գծանշումները հաճախ ոչ թե կարգավորում, այլ շփոթություն են առաջացնում։
«Բազմաթիվ դեպքեր եղել են, երբ նախորդ գծանշումից հետո ներկա գծանշումները այլ կերպ են անում ու ժամանակի ընթացքում, երբ նոր գծանշումը մաշվում դառնում է երկու մաշված, իրար հակասող գծանշում, ու այդ պարագայում արդեն բազմաթիվ են թե՛ տուգանքներն ու բողոքարկումները, թե՛ նաև վթարները։ Հեռուստաաշտարակից ներքև ընկած մի խաչմերուկ կա, որտեղ տարիներ շարունակ առհասարակ գծանշումներ չկային արված։ Մենք շուրջ երկու տարի կռվով, ստիպելով հասանք նրան, որ գծանշումները ճիշտ արվեցին, ու վստահաբար, այդ հատվածում վթարներն էլ քչացան։ Սակայն անհետևողականության արդյունքում այդ գծանշումների կյանքն էլ շատ կարճ տևեց»,– ասում է Արտակ Խաչատրյանը։
Այս ամենին հաճախ գումարվում են նաև փողոցների թերի լուսավորվածությունն ու անբարենպաստ եղանակը, և վարորդները ստիպված են լինում գուշակելով, միայն մտովի ճանապարհը երթևեկելի գոտիների բաժանելով վարել։
Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները վիճարկում են երթևեկության խախտման վերաբերյալ ակտերը և կարողանում են ապացուցել, որ խախտումն արել են ճանապարհային գծանշումների մաշվածության կամ դրանց բացակայության պատճառով։ Մհեր Հակոբյանը նման դեպքերով է զբաղվում։ Իրավաբանը նշում է, որ նման դեպքերում շատ դժվար է ապացուցել՝ գծանշումը մաշված է, թե ոչ։
«Այստեղ առաջ է գալիս չարաբաստիկ 50%-ի հարցը, այսինքն՝ դա մնում է մարդու սուբեկտիվ ընկալման վրա․ մեկի համար մաշվածությունը 30% է, մեկի համար 50%, մյուսի համար 60%։ Օրինակ՝ ոստիկանությանը, որ ամենամաշված գծանշումն էլ ցույց ենք տալիս, ասում են՝ երևում է, ինչի մասին է խոսքը։ Վարորդներն էլ երթևեկության դինամիկության, ճանապարհների կեղտի, փոշու, ձյան մեջ դա տեսնել պարզապես չեն կարող»։
Իրավաբանը նկատում է՝ վերջին տարիներին գծանշումներն ավելի ու ավելի վատ ու անորակ են արվում, հետևաբար նաև ավելացել են վիճելի դեպքերը։ Մհեր Հակոբյանն ասում է՝ հաճախ հոծ գիծը, որը ոչ մի դեպքում հատել չի կարելի, այնքան է մաշվում, որ վերածվում է հատել թույլատրվող ընդհատվող գծի։
«Օրինակ՝ այդ չարաբաստիկ «Կանգ գիծ» նշանը խաչմերուկ մտնելիս․ գաղտնիք չի, որ վարորդները հաճախ են տուգանվում, քանի որ կարմիր լույսի տակ, թեկուզ դիմացի ակերով, մի քանի սանտիմետրով տրորել են կանգ գիծը։ Բայց շատ հաճախ, նույնիսկ տեսագրությունը նայելիս, շատ դժվար է լինում հասկանալ՝ որտեղ է այդ կանգ գիծը, իսկ իրավապահները մտովի մայթեզրի մոտիկ այդ գիծը շարունակում են ու այդ վարորդին տուգանելու որոշում կայացնում»,– ասում է իրավաբան Մհեր Հակոբյանը։
Նախորդ տարվա ապրիլից Երևանի փողոցները գծանշելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ պատրաստվում են հաջորդ շաբաթվա վերջում միայն սկսել գծանշումները թարմացնել։ Ուշացման պատճառը վատ եղանակն է՝ ասում են։









