
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը 3 օր առաջ զգուշացրել էր սպասվող ցրտահարության վտանգի մասին: Նախորդ երկու օրերին հանրապետության շատ մարզերում ձյուն է տեղացել, իսկ գիշերը ջերմաստիճանն իջել մինչև -4 աստիճան: Ցածր ջերմաստիճանը պահպանվել է նաև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Արմավիրի մարզի նախալեռնային շրջաններում ծիրանի ծաղկած ծառերը ցրտահարվել են, իսկ հովտային գոտում վտանգն ավելի փոքր է եղել:
Արմավիրի մարզի նախալեռնային գոտիներում մարտի 31-ին տեղացած ձյան ու ջերմաստիճանի նվազման պատճառով ցրտահարվել են ծիրանի այգիները: Նոր ծաղկած ծառերը մնացել են ձյան տակ, ցրտահարությունը շարունակվել է նաև ապրիլի 1-ի գիշերը: Քարակերտ գյուղի բնակիչ Տարոն Պողոսյանի ծիրանի այգին երկօրյա ցրտահարությունից ամբողջությամբ վնասվել է:
«Երեկ չէ առաջին օրը ցուրտը սկսվեց ու շարունակվեց նաև ապրիլի 1-ի գիշերը: Պարզապես հաջորդ օրը տեղումներ չկային, բայց ջերմաստիճանը ցածր էր, և գետնի վրա ջուրը լավ սառել էր: Ավելի վտանգավոր էր առաջին օրվա ձյունն ու ցուրտը. ձյունը նստեց ծաղիկների վրա, թրջեց: Խոնավ բողբոջներն ավելի արագ են սառչում»:


Թրջված ու սառած բողբոջները կրկնակի են ցրտահարվել նաև հաջորդ գիշերը: Հիդրոօդերևութաբանների դիտարկմամբ՝ Արմավիրի մարզում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդի նվազագույն ջերմաստիճանը եղել է -2.5, իսկ գետնի մակերևույթին՝ -4 աստիճան: Այգեգործները չեն հետևել ջերմաստիճանի սանդղակին, բայց ցրտի աստիճանը որոշելու իրենց մեթոդներն ունեն։
«Սառույցի հաստությամբ ենք մոտավորապես հասկանում, թե ինչքան է իջել ջերմաստիճանը, օրինակ՝ եթե ծխախոտի գլանակի հաստությամբ է լինում, ապա -4-ից մինչև -5 աստիճան ցուրտ է եղել: Այսօր արդեն զգացվում է, որ ծաղիկների գույնը փոխվել է ու սևանում է»:
Ցրտահարությունից այգուն հասցված վնասն ավելի տեսանելի կլինի 4-5 օր հետո. ջերմաստիճանի բարձրացման հետ բողբոջները սևանում ու թափվում են: Տարոն Պողոսյանի այգին անցած տարի եռակի տուժել էր կարկտահարությունից ու լավ բերք չէր ստացել: Չնայած դրան՝ նա այգին այս տարի չի ապահովագրել:

Արմավիրի մարզի հովտային գոտում ցրտահարության վտանգը չեզոքացել է: Տեղումներն անձրևի տեսքով են եղել, իսկ օդում բացասական ջերմաստիճան չի գրանցվել: Արդեն երկու օր այգեգործները հետևում են ծառերին, ստուգում բողբոջները: Հացիկ գյուղից Սարգիս Խամիսյանի կարծիքով՝ ծիրանենիները չեն վնասվել։
«Այգուց մի քանի ժամ առաջ եմ վերադարձել, նորմալ է: Հնարավոր է սառը եղանակի պատճառով բերքի որոշ բեռնաթափում լինի, քանի որ բույսը պասիվանում է. ջրմաստիճանն է նվազում, անձրևներ են լինում, այդ ընթացքում բերքի որոշ մասը ծառը չի պահում, այսինքն՝ եղանակային պայմանների պատճառով բերքի մի մասի կորուստ է լինում»:
Հացիկում ծառերն ավելի շուտ էին ծաղկել ու ծաղկաթերթերն արդեն թափվել էին, տերևաբողբոջներն էին սկսել բացվել: Սարգիս Խամիսյանը պոկում է ծիրանի ու դեղձի ծաղկած ճյուղերն ու մատներով շոշափում՝ առողջ են։
«Պտուղը կանաչ է, ոչինչ չի պատահել, արդեն պտղակալել է ու ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ կսկսի վեգետացիան. տերևակալվում է, միաժամանակ ֆոտոսինթեզ է արվում ու պտուղը սկսում է խոշորանալ»:
Այգիները ցրտահարությունից պաշտպանելու նպատակով գյուղատնտեսներն այգեգործներին առաջարկում են նախապես ձեռնարկել պաշտպանիչ միջոցառումներ՝ ծխահարման միջոցով: Սակայն տեղումների պատճառով այս անգամ չեն կարողացել ծխահարել՝ ասում է Անդրանիկը։
«Միջոցներ ձեռնարկելն օգուտ չէր ունենա, որովհետև առաջին օրն անձրևում էր, իսկ երկրորդ օրը ինչը որ տարել էինք ծուխ տալու, լրիվ թրջվել էր, ջրի մեջ չէր կպնի կրակը: Դրան նախօրոք էինք նախապատրաստվել»:
Բացի ծիրանից Հացիկում շատ են նաև դեղձի ու սալորի ծառերը: Դեղձի ծառերը դեռ լրիվ չեն ծաղկել: Արամի դեղձի այգին 7000 քմ է. դժվարանում է ասել՝ վնասվել է, թե ոչ: Պարզ կլինի մի քանի օրից։
«Ծառերի մոտ 70 տոկոսն է ծաղկել, լրիվ չեն բացվել: Պտուղը պետք է բացենք ու տեսնենք. եթե մեջը չի սևացել, ուրեմն առողջ է, չի ցրտահարվեl: Դաշտում ծիրանի փոքր ծառեր կան, որ նայել եմ, արդեն սևացել են»:
Զրուցակիցներս այս տարի այգիները չէին ապահովագրել. նախորդ տարի բերքի իրացման դժվարություններ են ունեցել: Սարգիս Խամիսյանն անցած տարի ծիրանի այգին ապահովագրել էր կարկուտի ու ցրտի ռիսկից։
«Ես անցած տարի ապահովագրել էի, իսկ այս տարի չեմ ապահովագրել, որովհետև բերքը շատ էր, բայց եկամուտ չստացա: Անցած տարի իրացումը շատ վատ էր, գինը՝ շատ էժան՝ 1կգ–ը 200 դրամ: Ծախսերը հանեցինք ու եկամուտ չունեցանք »:
Անցած տարի այգեգործները ծիրանի վատ իրացման պատճառով չեն կարողացել հոգալ ապահովագրական ծախսերը: Հարցն այժմ վիճարկվում է դատարանում:




