
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Օրակարգում ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ հարցեր են: Արտահերթ ընթացակարգով քառօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվել միանգամից երեք հարց, երեքն էլ ՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագծեր: Առաջարկներից մեկի հեղինակը ԱԺ մեծամասնությունն է, մյուս երկուսինը՝ ոչ կոալիցիոն ուժերը: Մեծամասնության առաջարկով խորհրդարանն այսօր սկսել է քննարկել քննարկել գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու հարցը, իսկ ոչ իշխանական ուժերը արտահերթ են համարել 2008-ի մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը: Այս երկու նախաձեռնություններն այսօր քառօրյայի օրակարգ են ընդգրկվել պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ: Իսկ ահա ՀՅԴ-ն, օգտվելով ԱԺ կանոնակարգի ընձեռած մեկ այլ հնարավորությունից, արտահերթ է համարել Նաիրիտի խնդրով հանձնաժողովի ձևավորումը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական չէ, բայց նախագիծը, որպես խմբակցության կողմից արտահերթ համարված հարց, կքննարկվի քառօրյայի երկրորդ օրը, երկրորդ նիստի ընթացքում:
Մինչ քննարկումների մեկնարկը, օրակարգի հաստատման ընթացքում ԱԺ նիստերի դահլիճում թեմաների պակաս չկար՝ արդարադատության նախարարի վերջերս թույլ տված արտահայտությունից, ԱԺ-ում տեղադրված տեսախցիկներից մինչև ուկրաինական իրադարձություններ: Վերջին թեմային ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ:
«Ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք ուկրաինական իրադարձությունների զոհերի հիշատակը»:
«Ես դեմ չեմ, բայց բոլոր զոհերի, այդ թվում նաև ոստիկանների հիշատակը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մտահոգությունները ոչ թե Ուկրաինայիում, այլ հենց խորհրդարանում են:
«Մի շաբաթից ավելի է մեր աշխատասենյակներում լարեր են քաշվում, ԱԺ միջանցքներում տեսախցիկներ են տեղադրվում»:
Ինչի՞ համար է այս համատարած տեսախցիկաֆիկացիան ՝ ԱԺ նախագահից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը: Ոչ թե վերահսկողության, այլ անվտանգության ՝ վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը: « Այլ նպատակների համար մենք այդքան միջոցներ չունենք»:
Իսկ օրվա հիմնական քննարկումը կրկին գազամատակարարման ոլորտից էր, նորից առաջարկվում էր ոլորտի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ի տարբերություն նախորդ քառօրյայի՝ այս անգամ նախաձեռնության հեղինակը խորհրդարանական մեծամասնությունն է: Հարցն օրակարգ է ընդգրկվել արտահերթ ընթացակարգով, պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, նախորդ քառօրյայի ընթացքում խորհրդարանը քննարկեց որոշման մեկ այլ նախագիծ, որով կրկին գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում էր առաջարկվում և որի հեղինակը ոչ կոալիցիոն ուժերն էին: Նախագիծը քվեարկությամբ մերժվեց: Դավիթ Հաությույունյանն այսօր նոր նախագծի ներկայացումը սկսեց հենց այդ պարզաբանումով, թե ինչու մեծամասնությունը մերժեց փոքրամասնության համանման առաջարկը:
«Մենք մերժեցինք ոչ այն պատճառով, որ այդ հարցերը արդիական չեն: Իսկապես կարևոր հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տրվեին: Պարզապես գաղտնիք չէ, որ այդ հարցերը ունեն նաև քաղաքական ենթատեքստ, ահա ինչու անհրաժեշտ էր հավասարակշռություն, որ իսկապես քննարկեինք խնդիրը, ոչ թե քաղաքական ենթատեքստով հարցերը բարձրացվեին»:
Ըստ Հարությունյանի՝ նոր նախագիծն ավելի հավասարակշռված է, ավելի կոռեկտ և գործունեության ավելի լայն դաշտով: Հանձնաժողովի խնդիրը լինելու է ոչ միայն 2011-ից 2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձեւավորման օրինականության եւ չափի հիմնավորվածության, «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալում հայաստանյան բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունը, այլ նաև ոլորտում սպառողների շահերի պաշտպանության վիճակն ընդհանրապես:
Ըստ նախագծի ՝ հանձնաժողովն ունենալու է 10 անդամ, դրա կազմում ընդգրկվելու են 4 պատգամավոր «Հանրապետական» խմբակցությունից, 2-ը ԲՀԿ-ից եւ մեկական պատագամավոր՝ մյուս խմբակցություններից:
Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողովին է ներկայացնելու մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 8-ը, իսկ նիստերն անցկացնելու է դռնփակ: Հանձնաժողովի փակ աշխատանքին դեմ է Հայ ազգային կոնգրեսը: Արամ Մանուկյանն այսօր Դավիթ Հրաությունյանին առաջարկեց ՝ նախագծում ամրագրել, որ հանձնաժողովը բաց նիստեր է հրավիրելու, իսկ անհարժեշտության դեպքում կարող է որոշում կայացնել ՝ դռնփակ նիստ անցկացնելու մասին: Առաջարկությունն ընդունելի չէ:
Բաց նիստերն, ըստ Հարությունյանի, խնդիրը կտանեն ոչ թե իրական ուսումնասիրության, այլ քաղաքական շահարկումների դաշտ: Մեծամասնության համար ընդունելի է հանձնաժողովի եզրակացության ներկայացման ժամկետի փոփոխության փոփոխության առաջարկը: Ոչ իշխանականները կարծում են, որ մինչև նոյեմբերը ձգված ժամկետ է ուսումնասիրության համար: Դավիթ Հարությունյանն առաջարկն ընդունելի համարեց՝ համաձայնելով, որ նախագիծը որպես եզրակացության ներկայացման վերջնաժամկետ կնշի 2014-ի առաջին նստաշրջանի ավարտը:
Թե քննարկման ընթացքում հնչած առաջարկությունների որքանով ու ինչպես կարտացոլվեն նախագծում, պարզ կդառնա վաղը: Իսկ ոչ իշխանական խմբակցություններն իրենց քվեարկությունն ու մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքերին պայմանավորում են հենց սկզբունքային առաջարկների ընդունմամբ:




