Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է սահմանային զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով գտնվել է հանրապետության արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, բանակային զորամիավորման, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմը: Հենակետերում Սեյրան Օհանյանը ծանոթացել է դիրքերի կահավորմանը, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հրահանգներ:

Նույն օրը պաշտպանության նախարարը եղել է նաև Սիսիանում տեղակայված զինվորական կլինիկական հոսպիտալում: Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Սեյրան Օհանյանը ծանոթացել է հոսպիտալային իրավիճակին, հիվանդների բուժման և սնվելու կարգին, զրուցել հոսպիտալում ստացիոնար բուժման ենթարկվող զինծառայողների հետ, բուժանձնակազմին տվել ամապատասխան ցուցումներ: Այցի ընթացում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շենքի որոշ հատվածի վերանորոգման վերաբերյալ:

Փետրվարի 22-ին 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, զորամիավորումների և զորամասերի հրամանատարներ:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների ու զորամասերի հրամանատարներ, պատասխանատու սպաներ: Նշվել է, որ զինվորական իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ աշխատանք է տարվել զորամասերում կարգապահության ամրապնդման, բռնարարքների, ինքնախեղումների, հիվանդությունների, դժբախտ պատահարների և միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ:

Միջոցառումներ են իրականացվել նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության և իրավագիտակցության բարձրացման, զորամասերում սանիտարահիգիենիկ պայմանների, բուժսպասարկման, սննդի որակի բարելավման ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զեկուցողներին տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ իրականացվող աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով:

Back to top button