Հասարակություն

Սիրահայերը չեն ուզում ապրել «Նոր Հալեպում»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող պատերազմական իրավիճակի հետևանքով Հայաստանում բնակվող սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով Աշտարակ քաղաքում կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասը շուտով արդեն պատրաստ կլինի: Բայց թե քանի սիրիահայ կհաստատվի այդ թաղամասում, մեծ հարց է: Սիրիահայերին ոչ միայն չի բավարարում բնակարան ստանալու պայմանները, այլև տեղը: Նրանք կցանկանաին բնակվել Երևանում և ոչ թե Երևանից դուրս: Իրենց ոչ այնքան նյութական պայմաններն են հետաքրքրում, որքան ինտեգրումը տեղի հայերին: Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այսօր խոսել են իրականացված ծրագրերի և իրենց խնդիրների մասին: Ըստ այդմ բնակարան ունենալուց բացի իրենց մտահոգում է նաև աշխատանքի հարցը: Մնացած բնագավառներում թերևս իրենց խնդիրները կարող են լուծված համարել:

«Նոր Հալեպ» թաղամասի կառուցման մասին լուրը ստանալուն պես Հայաստանում բնակվող սիրիահայերը բավականին բուռն արձագանքեցին: Ոգևորությունն իսկապես մեծ էր, բայց ժամանակավոր: Ըստ երևույթին թյուր ընկալում կար նրանց կողմից, քանի որ մինչև այժմ թաղամասում բնակարան գնելու համար հայտ ներկայացրած 660 սիրիահայերից դեռևս որևէ մեկը ներդրում չի կատարել, այսօր հայտնեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան Նաիրա Եդիգարյանը:

Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերն այժմ ապրում են ամենատարբեր թաղամասերում, մի մասն էլ մարզերում: Սիրիահայերի մի մասը բնակվում է վարձով, մի մասը բարեկամի տանը, շատերն էլ` առավել կարիքավորները, բնակվում են համապատասխան հանրակացարաններում: Հանրակացարանում է ապրում նաև 3 երեխաների հայր Միքայել Կարապետը, ով մասնագիտությամբ ոսկերիչ է, սակայն արդեն 4 ամիս է աշխատանք չունի:

Օգնություն կա, բայց շատ դեպքերում այնքան է ուշանում, որ արդեն դրա կարիքը չի էլ լինում, նկատեց Միքայել Կարապետը: Ճիշտ է պետությունը փորձում է հնարավորինս աջակցել սիրիահայերին: Աջակցում է անվճար բուժօգնությամբ, նպաստում է ուսում ստանալուն, տրամադրում է բնակարաններ բավականին մատչելի գներով: Սիրիահայերի հիմնական խնդիրը, սակայն, շարունակում է մնալ աշխատանքը: Հայաստանում բնակվող 12000 սիրիահայերից այսօր աշխտանք ունեն 2000 -ը: Անդրանիկ Վարդանյանն, օրինակ, մասնագիտությամբ ծրագրավորող է, սակայն Հայաստանում նա աշխատել է ամենատարբեր մասնագիտություններով: Նա չի էլ դժգոհում աշխատանքի բնույթից, խնդիրը համապատասխան վարձատրության մեջ է:

«Ռադիոլուր»-ի հարցին, թե արդյոք նույն աշխատանքի դիմաց իրենք ավելի քիչ են վարձատրվում քան հայաստանցի հայերը, Անդրանիկ Վարդանյանը պատասխանեց, որ Հայաստանում աշխատանքի պայմանները նույնն են բոլորի համար, պարզապես իրենք սովոր չեն նման պայմաններում աշխատել, քանի որ Սիրայում անհամեմատ լավ էր:

Back to top button