ԿարևորՀասարակություն

Ալցհեյմերի հիվանդություն. Հայաստանում առաջին անգամ Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել

Հայաստանում տարեցների համար դեմենցիա հիվանդության կանխարգելման ազգային պլան է մշակվել։ Դրա շրջանակներում կվերապատրաստվեն ինչպես բուժաշխատողները, այնպես էլ՝ հիվանդների խնամակալները։ Դեմենցիան ծերունական թուլամտություն է, որն ազդում է հիշողության, մտածողության, վարքի և առօրյա գործողություններ կատարելու կարողության վրա։ Ներկայումս այն դասակարգվում է որպես հոգեկան հիվանդություն։

Աշխարհում, այդ թվում Հայաստանում, բնակչությունը ծերանում է։ Ըստ այդմ՝ ավելանում են նաև դեմենցիա ունեցող մարդիկ։ Դեմենցիան ծերունական և նախածերունական շրջանում հանդիպող հիվանդություն է, որը դասակարգվում է որպես հոգեկան խանգարում։ Հիվանդության տարածվածությունը մեծ է նաև Հայաստանում։ Ընդ որում՝ տարեցտարի դեմենցիա ունեցող մարդկանց թիվն էլ ավելի է մեծանում, նկատում է հոգեբուժության գծով առողջապահության նախարարի գլխավոր խորհրդական Գևորգ Փաշիկյանը։ Պատճառն, ըստ նրա, միայն բնակչության ծերացումը չէ, այլ տարբեր սոմատիկ հիվանդությունները, որոնք ուղեկցվում են քրոնիկ ընթացքով․

«Օրինակ՝ անոթային խնդիրները, զարկերակային գերճնշումը, որը չկառավարելու, չկորեկցելու արդյունքում առաջանում է դեմենցիա։ Դեմենցիան, ցավոք սրտի, չբուժվող հիվանդություն է։ Աստիճանաբար պրոգրեսիվում է, բայց պետությունը պետք է միջոցներ ձեռք առնի, որպեսզի այն կանխարգելի և հնարավորինս, այդ պրոգրեսիան դանդաղեցնի։ Ինչպես նաև կազմակերպի նման խնդիրներ ունեցող անձանց նորմալ ապրելակերպը, նորմալ, ադեկվատ բուժումը և արժանապատիվ ծերությունը»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև Ալցհեյմերի միջազգային կազմակերպությունը աջակցում են անդամ երկներին՝ մշակել ազգային դեմենցիայի պլանը, ինչն էլ Հայաստանի կառավարությունն այժմ անում է։ Հայաստանն այն քիչ երկրներից է, որոնց հաջողվել է մշակվել տարեցների ազգային պլան ու գործողությունների ծրագիր, որոնց նպատակն է՝ կանխարգելել և մեղմացմնել հվանդության հետևանքները։

ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանն ասում է, որ ծրագիրն ընդգրկված է Առողջապահության նախարարության 2023-2026 թթ ռազմավարության ծրագրում․

«Ազգային պլանում հիմնականում ներառված են  խնդիրներ, որոնք ուղղված են հիվանդության այս խնդրի տեսանելիության բարձրացմանը, որպեսզի հանրությունը ճանաչի այս խնդիրը։ Ճանաչելով խնդիրը, ժամանակին կդիմեն բժիշկի։ Դիմելուց հետո մեր մասնագետները ևս պետք է կարողություններ և գիտելիքներ ունենան նման հիվանդներին վարելու։ Մեր երկրորդ նպատակն այդ կարողությունների բարձրացումն է, ֆորմալ և ոչ ֆորմալ խնամատարների կարողությունների բարձրացումը։ Ոչ ֆորմալը՝ դա ընտանիքի անդամներն են, հարազատները, որովհետև առանց իրենց խնամքի,  հիվանդները չեն կարող գոյատևել։ Միայն բժիշկի խնամքով չի լինի»։ 

Ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ 50 միլիոն մարդ է տառապում թուլամտությամբ։ Նրանց գրեթե 60%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկներում: Տարեկան հիվանդանում է մոտ 10 միլիոն մարդ։ Հայաստանում ևս հիվանդության աճն անխուսափելի է, քանի որ բոլոր «նպաստավոր» պայմաններն առկա են դրա  տարածման համար, ասում է Քրիստինե Գալստյանը․

«Դա ծխելն է, կրթության ցածր մակարդակն է, սոցիալական անապահովվածությունն է»։ 

Տարեցների և այլ անձանց կոգնիտիվ ֆունկցիաների գնահատում Հայաստանում առաջին անգամ սկսել են իրականացնել անցյալ տարվանից։ Առաջին հետազոտությունները ապացուցեցին խնդրի լուծման հրատապությունն ու ազգային պլանի մշակման անհրաժեշտությունը, նկատում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը․

«Երևանում և հանրապետության բոլոր մարզերում իրականացված  հետազոտությունը, 40 և ավելի տարքի ունեցող անձանց  շրջանում, ցույց է տալիս, որ հետազոտվողների 35.7 տոկոսը  ունի այս կամ այն տեսակի կոգնիտիվ ֆունկցիայի խանգարում։ Եթե այդ մարդիկ այս փուլում դիմեն բժիշկի, հետազոտվեն, հասկանան, թե որ փուլում է գտնվում հիվանդությանը տրամադրվածությունը, նրանք կարող են իրավիճակն այնպես շտկել, որ  հնարավորինս ուշ զարգանա դեմենցիան»։

Դեմենցիան, կախված հիվանդության ազդեցությունից և նախքան հիվանդությունը մարդու ունեցած անհատական առանձնահատկություններից, տարբեր մարդկանց դեպքում տարբեր է դրսևորվում: Այդ հիվանդության նախանշաններն ու ախտանիշներն անցնում են զարգացման երեք փուլ՝ վաղ, միջին և ուշ։

Հայաստանում, որպես կանոն, մասնագետի են դիմում, երբ արդեն հիվանդության ուշ փուլն է լինում։ Քրիստինե Գալստյանը նշում է, որ Ազգային ծրագրում մեծ տեղ է հատկացված հենց իրազեկվածությանը, որ մարդիկ ժամանակին դիմեն մասնագիտական օգնության․

«Ցավոք սրտի՝ իրազեկվածությունը այնքան ցածր է, որ մարդիկ մտածում են՝ դե ծեր է, ծերունական փոփոխություններ են։ Այնինչ՝ սխալվում են։ Հիշողության թեստեր կան, որով հայտնաբերում են՝ որն է հիշողության խանգարումների նորմալ շեմը և որից հետո արժե անհանգստանալ և դիմել բժիշկի»։

Դեմենցիան կարող է խորը ազդեցություն ունենալ այդ հիվանդությամբ ապրող մարդկանց ընտանիքների և նրանց խնամողների վրա: Հետևաբար, խնամելու հմտությունները շատ կարևոր են, առաջին հերթին հենց ընտանիքի անդամների համար։ Ըստ Ազգային ծրագրի՝ վերապատրաստման կենտրոններ կստեղծվեն նաև ոչ ֆորմալ խնամատարների համար․

«Ինչ անի ընտանիքը։ Իրենց կառավարելը շատ դժվար է։ Իրենց վարքագիծը կտրուկ փոխվում է, իսկ ընտանիքի անդամները չեն կարողանում ճիշտ հարաբերույթուններ կառուցել այս խնդրով անձանց հետ։ Երբեմն այդ անիրազեկվածությունից հնարավոր են ագրեսիվ դրսևորումներ, բռնության կիրառում, ընդամենը անկաողության պատճառով»։ 

Նախատեսվում է ստեղծել նաև հիշողության ակումբներ, որտեղ այցելելով, տարեցները հնարավորություն կունենան շփվելու միմյանց հետ և հիշողության  վարժանքների միջոցով խթանելու  հիշողությունը։ Վաղ ախտորոշման և ճիշտ խնամքի դեպքում, թե՛ հիվանդությունն ավելի հեշտ կընթանա, թե՛ հարազատների համար ավելի հեշտ կլինի։ Մասնագետներն ասում են, որ առայժմ չկա որևէ բուժում, որը կարող է վերացնել դեմենցիան կամ փոխել դրա զարգացման ընթացքը: Ուսումնասիրվում են բազմաթիվ նոր դեղամիջոցներ, որոնք դեռևս կլինիկական փորձարկումների տարբեր փուլերում են:

Այնուամենայնիվ, շատ բան կարելի է անել` աջակցելու և բարելավելու դեմենցիայով ապրող մարդկանց, դյուրացնելու նրանց խնամողների և ընտանիքի կյանքը:Առողջապահության նախարարության ռազմավարությունը խոստանում է մինչև 2026 թվականը հիվանդության հայտնաբերման և կանխարգելման գործում  ընդգրկել ամբողջ համակարգը՝դրանով իսկ կատարելով ազգային պլանով ստանձնած պարտավորությունները։

Կարդացեք նաև

Back to top button