
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳՆ ղեկվարար Սերգեյ Լավրովը սկսել են բանակացությունները։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները, անկասկած, մնում են տարածաշրջանում տարբեր ոլորտներում իրավիճակի կայունացման բանալին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ երկուշաբթի օրը Մոսկվայում բացելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները։
«Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ [տարածաշրջանում] իրավիճակի կայունացման ապահովման՝ և՛ տնտեսական ոլորտում և՛ ռազմաքաղաքական ոլորտում, և՛ միջազգային իրավունքում»,- նշել է Լավրովը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին շեշտել է, որ ադրբեջանական կողմը խախտում է եռակողմ հայտարարության հնարավոր բոլոր կետերը տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու և իրավիճակն ապակայունացնելու համար ՝գերիների վերադարձից մինչև Լաչինի միջանցքի շրջափակում։
Նախարարները նախատեսում են համակողմանիորեն քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման մաս, որը համախմբում է երկկողմ համագործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։
Արտաքին գերատեսչության ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի համաձայնագրերի կատարման համատեքստում։
Դիտարկվելու են ընդհանուր` ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, ինտեգրացիոն միավորումներում համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում գործողությունների համակարգումը։
Բանակցություններին հաջորդելու է երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը:




