ԿարևորՀասարակություն

Շառլ Ազնավուրի երևանյան հասցեն․ մասնագետները համաձայն չեն քաղաքապետարանի հետ

Երևանում առաջիկայում կտեղադրվի Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի արձանը։ Երևանի ավագանին նախորդ շաբաթ միաձայն որոշում ընդունեց այդ մասին։ Այն, որ մինչև մեծ երգչի ծննդյան 100–ամյակը Երևանը կունենա Ազնավուրի արձանը, արդեն հաստատված է, բայց ինչպիսին կլինի այն առայժմ պարզ չէ։ Ըստ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ արձանի համար էսքիզներ դեռ չկան։ Փոխարենը քաղաքապետարանն արձանը տեղադրելու վայրի հարցում հստակ կողմնորոշվել է։ Շառլ Ազնավուրի արձանը կտեղադրվի Սայաթ–Նովա – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Ֆրանսայի հրապարակի կենտրոնական մասում, այնտեղ, որտեղ այժմ Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժի» արձանն է։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ասում է, որ ավագանին այդպիսով միանգամից 2 հարց է լուծում:

«Նախնական քննարկումներում Ազնավուրի արձանի տեղադիրքը եղել է հենց Շառլ Ազնավուրի հրապարակը, սակայն, քանի որ մենք ունեինք նաև Ռոդենի քանդակը ավելի տեսանելի վայր տեղափոխելու խնդիր, այս երկու առաջարկությունները միաձուլել ենք մի առաջարկի մեջ և որոշել Շառլի արձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում, իսկ Ռոդենի «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանը տեղափոխել մայթեզրին ավելի մոտ հատված։ Այսպիսով հանրությունը ավելի մոտիկից կկարողանա տեսնել Ռոդենի ստեղծագործությունը»,– մանրամասնում է փոխքաղաքապետը։

Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանը Ֆրանսիայի հրապարակում

Որոշումը քննարկումների ու բանավեճերի տեղիք է տվել հատկապես ճարտարապետների ու արվեստաբանների շրջանում․ արդյո՞ք ընտրված վայրը լավագույնն է Ազնավուրի արձանի համար։ Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է՝ այն որ Շառլ Ազնավուրի արձանը մայրաքաղաքին ու հայ ժողովրդին պետք է, քննարկումից դուրս է, խնդիրն այն է, թե ինչպիսին կլինի արձանը և որտեղ․

«Ես շատ վախենում եմ, որ Շառլի կերպարը չի ստացվի, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, իսկ այդ դեպքում ավելի լավ է չունենալ, քան ունենալ վատ Շառլ Ազնավուր։ Բացի այդ կա նաև մասշտաբի հարցը․ այո, իհարկե, Շառլի արձանը պետք է Լըպաժից շատ ավելի մեծ լինի, սակայն, եթե այդ հանգույցում տեղադրվի որևէ մեծ ծավալ, դա արդեն կխախտի Մատենադարանի առանցքը․ չէ որ Մաշտոցի պողոտան նախագծված է որպես Երևանի գլխավոր մայրուղի, որը «հանգում է» Մատենադարանում, իսկ մեծ վերտիկալ ծավալը այդ մայրուղու վրա կխախտի այդ առանցքը․ դա բնավ այն տեղը չէ, որտեղ պետք է այդ մասշտաբի արձան տեղադրել»,– ասում է Լիլիթ Սարգսյանը։

Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում

Փոխարենը արվեստաբանն ընդգծում է՝ որոշումից կշահի Ռոդենի քանդակը, քանի որ այժմյան դիրքում այն նախ անհամապատասխան է հրապարակի մասշտաբներին, հետո նաև անցորդները հնարավորություն չունեն մոտենալ ու ուսումնասիրել հանրությանը ոչ այնքան հայտնի քանդակը։

Այս իմաստով՝ ընտրված տեղը հարմար չէ նաև Շառլ Ազնավուրի արձանի համար, նկատում է ճարտարապետ Լևոն Վարդանյանը։ Նա շեշտում է՝ հանրության սիրելի երգչի, արտիստի արձանին պետք է անարգել մոտենալու հնարավորություն լինի։

«Եթե նույնիսկ մոռանանք բոլոր քաղաքաշինական սկզբունքները, որոնք փաստում են, որ սխալ է արձանը այդ վայրում տեղադրելը, դա նաև Շառլի նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից է սխալ, անթույլատրելի է․ ստացվում է մենք «աքսորում» ենք Շառլին․ տեղադրում ենք մի խաչմերուկում, որտեղ որևէ մեկը չի կարող մոտենալ։ Շառլի քանդակը պետք է դրվի Շառլի հրապարակում, որ մարդիկ եթե ցանկանում են կարողանան, նստել, մտածել, ծաղիկ դնել և այլն»,– ասում է Վարդանյանը։ 

Շառլ Ազնավուրի հրապարակը Երևանում

Բացի այդ Ֆրանսիայի հրապարակի չորս կողմում հայ մի քանի մեծերի արձաններն են՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Վիլյան Սարոյան․․․ Ճարտարապետն ասում է՝ այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնել․ Լևոն Վարդանյանի կարծիքով՝ սխալ է առհասարակ նրանց կենտրոնում ինչ–որ մեկի արձանը տեղադրելը։

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը հիշում է՝ 2011-ին, երբ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվեց Ռոդենի քանդակը, դա քաղաքականության թելադրանք էր․ Երևանում էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին և ոչ ոք երկար չքննարկեց՝ որտեղ տեղադրել ֆրանսիացի պաշտոնյայի նվերը․

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Ռոդենի քանդակի բացման արարողությանը

«Խորհրդային ժամանակներում ապրած յուրաքանչյուր երևանցի կհիշի, որ Ֆրանսիայի հրապարակի այդ կլորի մեջ երբևիցե որևէ արձան չի տեղադրվել․ ի՞նչ եք կարծում խորհրդային իշխանությունները չէի՞ն կարող այդտեղ որևէ հեղափոխական կամ կուսակցական գործչի արձան տեղադրել, բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները կային, բայց դա չարվեց։ Փաստ է՝ այն ժամանակ պրոֆեսիոնալիզմ կար քաղաքի, քաղաքաշինության, արվեստի մեջ»,– եզրափակում է արվեստաբանը։

Բոլոր մտահոգությունները ու արձանի տեղադրմամբ պայմանավորված խնդիրները հաշվի են առնվելու, ու վերջնական էսքիզային տարբերակը կլինի հնարավոր լավագույնը՝ ավագանու նիստում վստահեցրել էր Երևանի փոխքաղաքապետը։ Նա չէր բացառել նաև, որ արձանի վրա կաշխատեն արտասահմանցի՝ գուցե ֆրանսիացի մասնագետներ։ Արձանի վերջնական տարբերակը կհամաձայնեցվի նաև «Շառլ Ազնավուր» հիմնադրամի ու Փարիզի քաղաքապետարանի հետ, քանի որ նմանօրինակ քանդակ տեղադրվելու է նաև Ազնավուրի երկրորդ հայրենիքում։

Back to top button