
Առաջիկա 10-15 օրում պարզ կլինի, թե ով ու ինչ ժակետում կկառուցի Հայաստանի նոր քրեակատորողական հիմնարկը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը օրենսդիրին զեկուցում է՝ շատ վատ վիճակում գտնվող դատապարտյալների հիվանդանոցի, Երևանի, Վարդաշենի ու Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկների փոխարեն նոր ժամանակակից քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծահաշվարկային փուլն արդեն ընթացքի մեջ է։ Մինասյանն արձանագրում է՝ հաշվետու տարում վերանորոգվել ու վերազինվել են նաև մյուս քրեակատարողական հիմնարկները․
«2022 թ Աբովյան քրեակատարողական հիմնարկում մոտ 50 միլիոն դրամի շինարարություն ենք իրականացրել։ Բայց վերջերս նաև վարչապետն արձանագրեց, որ մոտ 300 միլիոն դրամի աշխատանք կարող ենք իրականացնել, ու ամպագորգոռ չհնչի, բայց կարծում եմ՝ Աբովյան քրեակատարողական հիմնարկն ամբողջությամբ կավարտենք։ Մինչ այս, շեշտը ամենակրիզիսային հատվածների վերանորոգման վրա էր, դրանք զուգարաններն են, բաղնիքներն են, բայց տեսնում էինք բաղնիք, որը վերանորգված էր, բայց կողքը անմխիթար վիճակում խուց էր։ Հիմա կոպտիմալացնենք շենքերը և ամբողջությամբ վերանորգված շենքերը կթողնենք»,– ասում է Գրիգոր Մինասյանը։
2022 թ պետական միջոցների հաշվին դատապարտյալներին հնարավորություն է տրվել նաև 19 տարեկանից հետո միջնակարգ կրթությունը շարունակելու։ Այս հնարավորությունից ավելի քան 8 տասնյակ դատապարտյալ է օգտվել՝ ընդգծում է արդարադատության նախարարը։
Ոլորտում կարևորում են նաև պրոբացիայի ծառայության բարեփոխումները, որոնցով դատապարտյալներին պատիժը կրելուց հետո վերասոցիալականացվելու ու նոր մասնագիտություն սովորելու հնարավորություն է տրվում․
«Առաջին անգամ Արարատի մարզի Արարատ քաղաքում մասնագիտական ուսուցման կենտրոն ենք բացել, որտեղ կրթություն են ստանալու պրոբացիայի շահառումները։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի մեր գործընկերների հետ, և հնարավորությւոն ենք ստեղծել, որ պատիժը կրող քաղաքացիները կահույքագործություն, վարսահարդարում, կարի արվեստ ուսումնասիրեն ու սովորեն։ Գնալով նաև շահառուները շատանում են, ինչը նշանակում է, որ ծրագիրն աշխատում է»,– մանրամասնում է նախարարը։

Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ծնողների հետ մինչև 3 տարեկան 2 երեխա է ապրում։ Արդարադատության նախարարն ասում է՝ նախատեսում են առաջիկայում նաև վերանորոգել այն խցերը, որտեղ ապրում են այդ երեխաները և նաև մեկ հղի դատապարտյալը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարինա Ղազարյանը հետաքրքրվում է՝ ինչ է անում պետությունը այդ երեխաների լիարժեք դաստիարակության համար․
«Ի վերջո, ինչն է ավելի կարևոր՝ հանցագործությունը, որը կատարվել է այդ կանանց կողմից, թե այն երեխան, որ մեղավոր չի, որ այդ պայմաններում է ծնվել։ Հարցս գուցե մի փոքր հռետորական է, բայց ուզում եմ հասկանալ՝ ինչ կարող ենք անել, որ այդ երեխաները այլ միջավայրում մեծանան։ Իհարկե, կա նաև մայրերից առանձնացնելու հարցը, բայց այդ միջավայրում մեծանալն էլ լավագույն տարբերակը չէ»։
2022-ին քրեակատարողական հիմնարկներում ներդրվել է նաև հոգեբանական ծառայություն։ Նախարարը վստահ է՝ սա վերասոցիալականացմանը ուղղված քայլ է։ Քրեակատարողական արդարադատության ոլորտի բարեփոխումները միակը չեն․ 2022-ի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն, ըստ նախարարի, պարեկային ծառայության բարեփոխումներն են ու այդ համատեքստում՝ նաև Ներքին գործերի նախարարության կազմավորումը։ Մինասյանն ընդգծում է՝ առաջնահերթություններից է նաև ընտրական իրավունքի յուրացումը․
«Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման ու վերացման գործընթացը։ Անդրադարձ է կատարվելու տեղամասային կենտրոնների ընտրության ու քվեարկության սենյակի կահավորության հարցերին, որպեսզի ավելի անխոչընդոտ իրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը։ Քննարկվում է նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար գործիքների նախատեսման հարցը»,– մանրամասնում է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Հաշվետու տարում Արդարադատության նախարարությունը ավարտել է Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ձևավորելու աշխատանքները։ Մինասյանն ընդգծում է՝ նախարարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է նաև դատարանների բեռնաթափման ու դատավորների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու ուղղությամբ։




