ԿարևորՄշակույթ

Թբիլիսում կկայանան Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներ

Մարտի 23-24-ին Թբիլիսում կկայանան մեծանուն գրող Հովհաննե Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներ։

«Լոռվա բնաշխարհում ծնված հայ մեծ մտածող Հովհաննես Թումանյանը վաղ պատանեկան հասակից մինչ իր կյանքի վերջին օրերը ապրեց և  ստեղծագործեց Թիֆլիս քաղաքում:
Մշակութային այս խոշոր կենտրոնում էր, որ նա ծավալեց իր բազմաբեղուն գրական ու հան­րային գործունեու­թյունը՝ մշտապես ունենալով հումանիստ մտածողի լայն աշխարհընկալում: Այստեղ նա կազմեց իր ընտանիքն ու ընկերական լայն միջավայրը: Վրաց ժողովրդի, նրա գրականության ու մշակույթի հանդեպ Թումանյանի հետաքրքրությունն ու հարգանքը, վրաց գրողների, արվեստի ու գիտության գործիչների կողմից փոխադարձ անկեղծ սիրո ու հարգանքի, բարոյական բարձր ըմբռնումների հուշագրությունն է  «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսի հիմքու»,- նշում են Հովհ.Թումանյանի թանգարանից։

Բանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում կարելի է ծանոթանալ թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումներին՝ մարդկային հարաբերություններից մինչեւ գրական պոռթկումներ:

Ցուցահանդեսը տեղի կունենա Գ. Լեոնիձեի անվ. վրացական գրականության թանգարանում
/Վրաստան, ք. Թբիլիսի / Գ.  Ճանտուրիայի 8/ մարտի 23-ին: Ցուցահանդեսը բաց է մինչ ապրիլի 13-ը:

Մարտի 24-ին տեղի կունենա Հիշատակի համերգային երեկո՝ Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում, որտեղ  ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով:

Կազմակերպիչներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Հովհ. Թումանյանի թանգարանը /Երևան/, «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, «Հայարտուն» մշակութային կենտրոնը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը /Երևան/։ 

Կարդացեք նաև

Back to top button