
«Քովիիդ գործով» առաջացած հարցերը պետք է պատասխան ստանան, հակառակ դեպքում կստացվի, որ ցանկացած պաշտոնյայի կարելի է դատել ինչ–որ բան չանելու համար, անկախ նրանից՝ նա այդ ինչ–որ բանը պետք է աներ, թե ոչ, ասել է Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Քովիդի գործում» իր հնարավոր ներգրավվածությանը․
«Այս ամեն ինչը, ընդհանրապես, իմ հետ կապ չունի։ Ես շատ հստակ իմ երկու հայտարարությունների մեջ կետերով նշել եմ պրոբելմների վերաբերյալ, և հույս ունեմ, որ էն մարմինները, որոնք դրանցով զբաղվում են, նաև իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել, և ի վերջո արդարադատությունը կհաղթի»։
Թորոսյանը հարցաքննության չի հրավիրվել, չնայած վաղուց է պատրաստակամություն հայտնել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս ամենևին չի մտահոգվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հարուցած քրեական գործը կառնչվի նաև իրեն։ Կոմիտեի՝ դեռ 2022-ի հունիսին հարուցած քրեական գործը նպատակ ունի պարզել՝ արդյո՞ք 2020-ին քովիդի համավարակի ժամանակ պետական միջոցներն արդյունավետ են ծախսվել։ Օրերս այդ գործով կալանավորվել էր «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը, նույն գործով ձերբակալվել է ևս 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, որը փոխնախարար էր եղել Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարար եղած ժամանակ։ Լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ըստ անհրաժեշտության, պատրաստ է հարցաքննության ենթարկվել․
«Եթե նախաքննությունը հարմար գտնի հարցաքննել (դա վերաբերում է ոչ միայն ինձ, այլ նաև որևէ անձի), ապա կհրավիրի ու կհարցաքննի։ Հարցաքննությունը ինտերվյու չի, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միանշանակ»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը, որ համավարակի ժամանակ զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, համարում է, որ հաշվեքննությունը իրականացվել է իր խոսքով՝ «ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, եզրակացություններ են արվել, որոնք որևէ քննադատութան չեն դիմանում»։
Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համավարակի ողջ ընթացքում ֆինանսական հատկացումներ եղել են Քովիդը սպասարկվող բոլոր բժշկական կենտրոններին։ Նա հորդորել է ժամանակից առաջ չընկնել․ Քովիդի շրջանում չարաշահումների մասին որևէ ապացույց դեռ չկա։
Գործադիրի նիստերի դահլիճից Ավանեսյանը գնաց օրենսդիրի դահլիճ՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի կառավարության հնգամյա ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու․
«Համեմատական եթե անցկացնենք՝ 2022 թվականին պետական պատվերի շրջանակներում փոխհատուցված՝ հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների, բժշկական օգնության ու սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 864։ 2018 թվականի համեմատ՝ սպասարկված դեպքերի թիվն աճել է 287 925–ով կամ 125%-ով»։
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ներկա նախարար Անահիտ Ավանեսյանի զեկույցի առողջապահական բաղադրիչին անդրադառնալուց առաջ մաթեմատիկական սխալ է գտնում․
«Եթե մենք 786-ից հանում ենք 287 ստացվում է 499, և աճը լինում է 57 տոկոս, ոչ թե 125 տոկոս։ Ես ենթադրում եմ, որ սա սխալ է, բայց կարևոր սխալ է, որովհետև չես հասկանում՝ ի վերջո 125 տոկոսով է, որը 2 և ավելի անգամ աճ է, թե ուրիշ աճ է»,- ասում է Թորոսյանը։
2022-ին շրջանառության մեջ են դրվել ոլորտի հնգամյա ռազմավարությունը և Համապարփակ առողջապահական ապահովագրության հայեցակարգը, որոնք ընդունվել են 2023 թվականի հունվարին: Զեկույցում արձանագրված է, որ ուռուցքաբանական հիվանդությունների վիրահատական և ոչ վիրահատական բժշկական օգնության ծառայություններ տրամադրելու շրջանակներում 2022 թվականին մատուցվել է վիրահատական 8826 և ոչ վիրահատական 43 193 ծառայություն: Սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրման շրջանակներում մատուցվել է 2443 ծառայություն։ Ավանեսյանը այլ թվեր ևս ներկայացնում է, սակայն հանձնաժողովի անդամներին հետաքրքրում է այն, ինչը ներառված չէ զեկույցում։ Օրինակ՝ ինչպե՞ս է լուծվելու գրանցված դեղորայքի սահմանափակ քանակի, շուկայում որոշ դեղերի դեֆիցիտի հարցը։
«Կան սրան հակազդելու կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ։ Կարճաժամկետներից մեկն այն է, որ մենք ըստ կարիքի, պահանջարկի, գնահատելով դեֆիցիտը երկրում, մշտապես հնարավորություն ենք տրամադրում եվրոպական երկրներից Հայաստան ներուծել դեղեր, որոնք չունեն գրանցում, բայց դրանց կարիքը կա։ Լուծումներից մեկն այն է, որ ֆիզիկական անձինք ևս կարող են իրենց համար բժիշկների կողմից դուրս գրված դեղերը պատվիրել կամ իրենց հետ բերել այլ երկրներից»
Հանձնաժողովում առարկում են՝ ֆիզիակական անձը դեղը Հայաստան հասցնելու համար երկար ժամանակ է ծախսելու, իսկ որոշ դեղեր հիվանդին պետք է հասնեն անհապաղ։ Սակայն այս հարցի շուրջ երկարաժամկետ լուծումներ գտնելն է՛լ ավելի դժվար է։ Ավանեսյանի խոսքով՝ մենք գործում ենք ԵԱՏՄ շրջանակում և պետք է հաշվի նստենք խաղի կանոնների հետ։
Այնուամենայնիվ նախարարը նշում է, որ կառավարությունը հեշտացրել է դեղերի գրանցման գործընթացը, այն այժմ ավելի արագ ու էժան կարող է կատարվել։ Սակայն դրանից ավելին ակնկալել այս պահին պետք չէ։




