
Հայաստանը կկիրառի ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմներ՝ Արցախում էթնիկ զտումները կանխելու համար. վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ այդ կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել ԱԳՆ-ին։
«Ադրբեջանական պետական քարոզչությունը վաղուց տեղեկատվական ֆոն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակման համար, և էսկալացիայի միտումները տեսանելի են նաև գետնի վրա»,- ասել է վարչապետը։
«Մեր գնահատականը մնում է նույնը. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումների և ցեղասպանության։ Սա փաստացի ամրագրված է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրված է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը կարող է հանգեցնել անդառնալի մարդասիրական հետեւանքների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»,- ասաց նա։
Վարչապետը կարևորել է ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմների կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ «Ես նկատի ունեմ, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում առկա մեխանիզմները, և ես համապատասխան հանձնարարականներ եմ տվել արտաքին գործերի նախարարությանն այս առնչությամբ»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Նա կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ դա կարևոր է Ադրբեջանի անհիմն հայտարարություններն հասցեագրելու առումով։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը բանակ ունի Լեռնային Ղարաբաղում, և որ Հայաստանը ռազմական բեռներ է տեղափոխում Արցախ։
«Այդ պնդումներն անհիմն են, և Ադրբեջանը փորձում է դրանք օգտագործել որպես տարածաշրջանում ռազմական նոր էսկալացիայի պատրվակ։ Ուստի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք, այս առումով նույնպես անհրաժեշտություն է դառնում»,- ասել է նա։
«Արցախում կա Պաշտպանության բանակ, և դրա գոյությունն արդարացված է այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգի առաջ»,- նշել է վարչապետը։
Վարչապետ Փաշինյանը, սակայն, ընդգծել է, որ պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը կանխելու միակ մեխանիզմը չէ։ «Նման մեխանիզմներից մեկը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբն է»,- ասաց նա։




