
Կարևորելով ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթի արժեքները՝ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը ներկայացնում է այս տարվա անելիքները՝ ավելի քան 20 միջոցառում Երևանում և մարզերում։ Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանկակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ։ Միջոցառումները կազմակերպում են Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը և ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ երկրների այլ դեսպանությունները, ինչպես նաև Հայաստանի մշակութային ու կրթական հաստատությունները։
Հայկական ասեղնագործության զարդանախշերը, անցնելով երգեհոնիկի կամ շարմանկայի ձայնային գեներատորներով, ստեղծում են «զարդ-ուրվականներ»։ Այս ինքնատիպ աշխատանքն ապրիլի 14-ից ավելի լավ է տեսնել, քան պատկերացնել։ Ալեքսիս Պոլի աշխատանքները ցուցադրվելու են Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի շրջանակում։
2014թ․-ից ի վեր Ալեքսիս Պոլն ուսումնասիրում և «վերստեղծում է» երգեհոնիկը՝ շարմանկան՝ շեղվելով դրա ավանդական կիրառությունից․ երաժշտական նոտագրությունը փոխարինվում է հայկական ասեղնագործության զարդանախշերի բազմազանությամբ ։ Նախշերն ուղղակիորեն կիրառելով երաժշտական քարտերի վրա և դրանք որպես ձայնային գեներատորներ օգտագործելով՝ ստեղծվում են զարդ-ուրվականներ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլե։
«Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հետ գործընկերությամբ տեսողական արվեստի ցուցահանդես տեղի կունենա։ Խոսքը երգոհոնիկի մասին է, նրա մեջ ծակոտաքարտերի ներդրմամբ ստեղծվող երաժշտության։ Դա շատ հին գործիք է, որն այժմ չի օգտագործվում և թանգարանային նմուշ է։ Խոսքը մի շատ ինքնատիպ ցուցադրության մասին է․ այդ քարտերի օգնությամբ ստեղծվում է նաև նկարներ, այսինքն՝ սա երաժշտության և նկարչության միաձուլում է»։
2022թ․-ին ստեղծված Հայաստանի ֆրանսիական ինստիտուտն այս տարի իր գործունեությւոնը հայ հանրության համար սկսում է երեք ուղղություններով․ լեզվի և վկայագրերի (DELF/DALF, TCF) կենտրոն, Campus France(Կամպուս Ֆրանս) տարածք, որն ուղղորդելու է հայ ուսանողներին ուսումը Ֆրանսիայում շարունակելու հարցում և մշակութային բաժին։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույո․
«Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը կրթական բաղադրիչ կունենա, որտեղ կդասավանդվի ֆրանսերենն անկախ տարիքից և մակարդակից, ինչպես չափահասներին այնպես էլ երեխաներին և պատանիներին։ Այտեղ կկարողանան միջազգային վկայագրերի համար ֆրանսերենի քննություններ հանձնել։ Կլինի նաև ֆրանսերենի մշակութային մի մեծ օջախ, որտեղ բազմաժանր մշակութային ծրագրեր կիրականացվեն»։

Հարուստ է նաև ծրագրի երաժշտական բաժինը։ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Կոմիտասի անվան ազգային քառյակի մասնակցությամբ կհնչեն Սեզար Ֆրանկի, Անրի Վիյոտանի, Մորիս Ռավելի և այլոց ստեղծագործությունները։
Մարտի 13-ից 25-ը Երևանում և Գյումրիում վարպետության դասեր կանցկացվեն՝ երկլեզու դրամատիկական արվեստանոցում ֆրանսիացի դերասան Էրիկ Լըկոնտի և պարուսույց Թիերի Թիու Նիանգի մասնակցությամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան․
«Շատ կարևորում եմ, որ բոլոր մարզերը ներգրավված են միջոցառումներին։ Վստահ եմ, որ բոլոր միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը։ Ուրախ եմ հայտնելու, որ 2023թ-ի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման կապակցությամբ մարտի 20-ին մեծ համերգ են ունենալու Արամ Խաչատրյանի համերգասրահում, ելույթ է ունելաու Հայաստանի ազգային նվագախումբը և համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Քամիլ Սենսանսի, Կլոդ Դեբյուսիի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները»։

«Ասա ինձ տասը բառ բոլոր ժամանակներում»․ այս խորագրով ապրիլի 6-ին կանցկացվի ֆրանսերենի իմացության մրցույթը։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրաց․
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի 54 անդամ երկիր, 7 ասոցիատիվ անդամ և 27 դիտորդ պետություն։ Ինչպես կարող եք նկատել այնտեղ ավելի շատ երկրներ են, քան ֆրանկոֆոն երկրներ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մի յուրահատուկ հարթակ է, որն ընդհանուր լեզվի միջոցով զարգացնում է իր անդամ պետությունների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը՝ ի նպաստ ժողովուրդների»։

Մարտի 18-ից Մոսկվա կինոթատրոնում կմեկնարկի Ֆրանկոֆոն կինոյի 6-րդ փառատոնը։ Միջոցառման կազմակերպիչը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն ու Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտն են ՝ Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ գործընկերությամբ։ Կցուցադրվի վերջին տարիներին արտադրված և Հայաստանում դեռևս չցուցադրված 9 ֆիլմ։
Ազգային գրադարանում էլ մարտի 28-ից կցուցադրվեն ավելի հին ֆիլմեր․ Ռոբեր Բրեսոնի «Հաջողություն, Բալթազար», Ժան-Պիեր Մելվիլի «Ստվերների բանակը» և Ժան Ռուշի «Ես՝ սևամորթ» ֆիլմերը։




