Շինարարական բումը՝ Երևանի կանաչ տարածքների հաշվին
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Երևանում առկա բնապահպանական շատ խնդիրներ տագնապալի են, շատ հաճախ դրանք սերտորեն փոխկապակցված են, ահազանգում են բնապահպանները: Ըստ նրանց փաստարկների, կանաչ տարածքների կտրուկ նվազման և շինարարական բումի արդյունքում մայրաքաղաքի հատկապես կենտրոնական մասը հայտնվել է ռիսկային գոտում:
Մայրաքաղաքում միայն 1984 – 2011 թվականների ընթացքում կանաչ տարածքները կրճատվել են ավելի քան 60 տոկոսով, դրա հաշվին վերելք է ապրել շինարարարությունը: Այս իրավիճակը մտահոգել է բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանին: Դանիելյանի գլխավորած Էկոլոգիական հասարակական հանձնաժողովի և Քաղաքաքաշինության նախարարության համատեղ ջանքերով և միևնույն ժամանակ փոխզիջումների շնորհիվ մշակվել է Երևանի կենտրոնի կլառուցապատման հետ կապված ուշացած օրենքի հայեցակարգ: Բնապահպանը կասկած հայտնեց, որ շարունակվող շինարարական բումը հնարավոր կլինի կանխել խիտ կառուցապատված փոքր կենտրոնում: Դրա վկայությունը ՝ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի նախօրեին կայացած ասուլիսն է:
Բակային տարածքներում բարձրահարկերի կետային կառուցումը` ի հաշիվ կանաչ տարածքների, սպանում է մայրաքաղաքը, ինչպես բնապահպանական, այնպես էլ քաղաքաշինական տեսանկյուններից, դժոխքի վերածելով տեղացի բնակիչների առօրյան, համոզմունք հայտնեց բնապահպանը:
Առկա սուր խնդիրներին կարող է նպաստել Երևանի անդամակցությունը «Տեղական ինքնակառավարման մարմինները ՝ հանուն կայունության» էկոլոգիական նախաձեռնության միջազգային ցանցում: Մեր մայրաքաղաքը անդամակցելու է ցանցի եվրոպական կոմիտեին՝ 38 երկրների 175 քաղաքների հետ միասին, հայտնեց Էկոլոգիական հասարակական հանձնաժողովի քարտուղար Դիանա Գրիգորյանը:
Բուսաբանների կողմից մշակվել է մայրաքաղաքի պայմաններին հարմար բուսատեսակների նոր ցանկը, որը ներկայացված է քաղաքապետարան, հայտնեց Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: Ըստ նրա, այսօր Երևանում առկա է 250 տարբեր ծառաթփատեսակներ, որոնց մի մասը չի համապատասխանում մայրաքաղաքի պայմաններին: Բուսաբանը հիշեցրեց, որ Երևանը գտնում է ծովի մակերեսից 900-ից մինչև 1400 մետր բարձրության վրա: Ելնելով այս յուրահատկությունից մշակվել է մի տեղեկատվական ցանկ, որում նշված են ամեն մի գոտու համար հարմար տեսակները:
Պարոն Վարդանյանը հավելեց, որ իրենց ձայնն արդեն լսելի է: Մնում է հուսալ քաղաքային իշխանությունները կհետևեն բնապահպանների բարձրացված խնդիրներին և կձեռնարկեն անհրաժեշտ համապատասխան քայլեր: