
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Վաշինգտոնի հայ համայնքի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է անվանի հայերի հետ հանդիպումների շարք, որի նպատակն է հաջողության հասած մարդկանց պատմություններով ոգեշնչել հատկապես երիտասարդներին։ Այս շարքի առաջին ընդունելությունը տեղի է ունեցել մարտի 12-ին՝ ի պատիվ առողջապահության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան միցանակակիր, հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանի։



Միջոցառմանը մասնակցել են ինչպես հայ համայնքի, այնպես էլ՝ ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմինների, դիվանագիտական կորպուսի, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, ԱՄՆ բուհերի ուսանողներ։
Ընդունելության պաշտոնական հատվածի բացումը կատարել է դեսպան Մակունցը՝ ներկայացնելով Արտեմ Փաթափությանի անցած ուղին: Դոկտոր Փաթափությանն իր խոսքում անդրադարձել է իր կյանքի պատմությանը, կիսվել է նվաճումներին հասնելու ճանապարհին հանդիպած դժվարություններով ու հաջողություններով, պատասխանել ներկաների հարցերին։



Միջոցառման ընթացքում Շամասյան քույրեր տրիոյի կատարմամբ հնչել են աշխարհահռչակ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։




