ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը մերժում է երկխոսության միջազգային մեխանիզմի առաջարկը ու Արցախի ներկայացուցիչներին Բաքու հրավիրում

Ադրբեջանը կրկին պնդում է՝ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը Բաքուն չի համաձայնի, իսկ Հայաստանի հետ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարց չի քննարկի։ Սրան զուգահեռ առաջարկ է հնչում Բաքվում երկրորդ հանդիպում կազմակերպելու մասին, Ալիևի աշխատակազմի տարածած հայտարարության ձևակերպմամբ, Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Այս հանդիպման առաջարկին պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի  արձագանքել։ Հարցի առնչությամբ  խորհրդարանում էլ միասնական դիրքորոշում դեռ չկա, բայց ընդդիմադիր խմբակցությունների համար հստակ է՝ Բաքվի միակ օրակարգը «ինտեգրումն է», ուստի նման շփումների պետք չէ մասնակցել։ Կա նաև տեսակետ, որ օրակարգը Բաքուն առաջ է քաշում միջազգային հանրությանը ցույց տալու, թե կա ինչ-որ գործընթաց՝ միջազգային ճնշումներից խուսափելու համար։  

Հերթական պնդումից հետո, թե «Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է ու այն չի քննարկվի երրորդ կողմի հետ», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը երկրորդ հանդիպման է հրավիրում, ինչպես ձևակերպված է Ադրբեջանի նախագահ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ, «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին»։ Նշվում է, թե նպատակը վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման  շուրջ իբրև թե շփումները շարունակելն է։

Առաջարկի վերաբերյալ  միասնական մոտեցում Արցախի խորհրդարանում դեռ չկա։ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պնդում է՝ Ադրբեջանի միակ օրակարգն ինտեգրման հարցն է, որը կար նաև առաջին հանդիպման  ժամանակ, հետևաբար, նման հանդիպումների մասնակցելն անիմաստ է։

«Առավել քան հստակ է, որ իրենք ունեն օրակարգում այդ հարցը և հետագայում շատ ավելի լուրջ ճնշումներ են գործադրելու, որ քննարկմանը արցախյան կողմը ներկայանա այդ օրակարգի շուրջ»։

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև, այսպես ասենք, «առաջին հանդիպումը» տեղի է ունեցել մարտի 1-ին, որի ժամանակ, ըստ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, քննարկվել են բացառապես էլեկտրամատակարարումը վերսկսելու և գազի անխափան մատակարարումն ապահովելու մասով հարցեր։ Այսպես կոչված «ինտեգրացիայի» մասին խոսք չի եղել՝ ըստ Արցախի նախագահի։ 

Բաքվում հանդիպելու առաջարկն արվում է այն բանից հետո, երբ Ադրբեջանն անընդունելի և վտանգավոր է համարում Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծումը։ Այս մասին նախօրեին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ շեշտելով, որ միջազգային նման մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ 

Հաջիևի հայտարարություններին պատասխանել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Թվիթերյան էջում արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնականին՝ Մարուքյանը գրել է.

«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն լինի. Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կրկին պետք է հիշեցնեմ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»։ 

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ-ի, Արցախի Ժողովրդավարական կուսակցության և «Արդարության» մոտեցումը նույնն է և չի փոխվել. Արցախը հայտնվել է փակուղում Հայաստանի և Արցախի իշխանությունների քաղաքականության հետևանքով՝ շեշտում է Հակոբյանը։

«Կարծես թե խոսում են Արցախի կարմիր գծերի մասին, խոսում են պայքարի մասին, սակայն շրջանցում են ամեն կերպ և, կարծես, կամքը չի հերիքում։ Արդեն իսկ հայտարարել ենք բազմիցս, թույլատրելի չէ գնալ որևէ հանդիպումների, երկխոսության կամ կոնտակտների՝ իբրև թե հումանիտար խնդիրների լուծման շուրջ։ Որովհետև դա բերելու է Ադրբեջանի կողմից ավելի մեծ պահանջների ու ավելի մեծ ճնշման»։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նկատում է, որ Բաքվի վրա կա ճնշում՝ Արցախի հայության հետ որոշակի գործընթաց սկսելու, իսկ Ալիևը փորձում է շփումներից խուսափելը հիմնավորել։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացած առաջին հանդիպումից հետո Ալիևն այն միջազգային հանրությանը փորձեց ներկայացնել իբրև ինտեգրացիոն գործընթաց, ինչը հերքեց պաշտոնական Ստեփանակերտը՝ հայտարարելով, որ օպերատիվ խնդիրներ լուծելու համար նման շփումները որևէ կերպ չի կարելի ներկայացնել որպես քաղաքական։ Արցախցի քաղաքագետը կարծում է, որ երկրորդ հանդիպման առաջարկը նույնպես Բաքուն փորձելու է նույն տրամաբանությամբ ներկայացնել՝ որպես ինտեգրացիոն գործընթաց։ 

«Կարծես թե փորձում են հետևողական քայլերով ստիպել, որ Արցախի իշխանությունները ընդունեն նրանց այդ թեզը՝ ինտեգրացիոն գործընթացի վերաբերյալ։ Եվ այս տրամաբանության մեջ չի բացառվում, որ լոկալ մակարդակում հարձակումներ իրականացնեն, նաև՝ ռազմական»։   

Տեսնում ենք, որ գործ ունենք հանցագործ վարչակարգի հետ ու պետք է նախապատրաստվել նույնիսկ ամենաանկանխատեսելի գործողությունների՝ կարծում է արցախցի քաղաքագետը։

«Կարողանանք դիմակայել դրան՝ չընդունելով որևէ կերպ նրանց կողմից առաջ քաշված այս թեզը, որովհետև իրականում ինքնին այդ թեզը շատ վտանգավոր է։ Ադրբեջանը փորձում է նման թեզով փակել հակամարտության կարգավորման հարցը և միջազգային հանրությանը ասել, որ նման հարց այլևս գոյություն չունի»։

Քաղաքագետի խոսքով՝ չնայած միջազգային հանրության կողմից չկան կոնկրետ գործողություններ, կոնկրետ քայլեր, բայց, այնուամենայնիվ, առանձին-առանձին ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այնպես էլ միջազգային տարբեր գործընկերներ ընդունում են, որ հակամարտությունը լուծված չէ, ու կա քաղաքական կարգավորման անհրաժեշտություն։   

Կարդացեք նաև

Back to top button