ԿարևորՀասարակություն

«Կորոնակոռուպցիա»․ COVID-ը «պատժում» է պաշտոնյաների

Հակակոռուպցիոն կոմիտեի հարուցած քրեական վարույթի շրջանակում 11 պաշտոնյա արդեն ձերբակալվել է, հարցաքննվողների թվում նույնպես բազմաթիվ պաշտոնյաներ կան։ Այս օրերին խորհրդարանում ամենաշրջանառվող հարցերից մեկն այն է, թե արդյոք գլխավոր դատախազն անձեռնմխելիության հերթական միջնորդությամբ կգա Ազգային ժողով։

Ի տարբերություն նախորդ միջնորդությունների՝ այս դեպքում խոսքն արդեն  իշխանական թիմի ներկայացուցիչների մասին է․ քրեական գործն առնչվում է «COVID»–ի դեմ պայքարի արդյունավետությանը և ծախսված միջոցներին։ Այդ շրջանում առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանն այժմ պատգամավոր է։ Նրան դեռ չեն հարցաքննել, մինչդեռ նրա  նախկին տեղակալներից մեկը կալանավորվել է, մյուսը ՝ հարցաքննվել։

Հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնած քննության շրջանակում 11 անձի ձերբակալությունը, ապա նաև՝  նրանցից մեկի՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանավորումը կարող է դրական ազդել Հայաստանի իմիջի վրա, բայց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի համոզմամբ՝ միայն այդ գործողությունները բավարար չեն, որ կոռուպցիայի ընկալման համաթվում փոխվեն Հայաստանի վատթարացած դիրքերը։ Մի քանի շաբաթ առաջ  Հոկտանյանը հրավիրվել էր Կառավարություն և հենց նիստի ժամանակ փորձում էր գործադիրի անդամներին բացատրել, թե ինչու է կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը նահանջ արձանագրել։

«Ինչի՞ հետ է դա կապվում, շատ դժվար է ասել։ Եթե այս ամենը ունենա շարունակական բնույթ նշանակում է՝ կա ցանկություն կոռուպցիայի դեմ պայքարելու։ Այդ ամենը ձևական բնույթ կարող է կրել, եթե չլինի լուրջ պայքար։ Արդյո՞ք  սա լուրջ պայքարի սկիզբ է՝ ժամանակը ցույց կտա։ Առանձին վերցրած չի լավացնի իրավիճակը, ինչպես օրինակ, չլավացրեցին անցյալ և նախանցյալ տարի ապօրինի ծագում ունեցող գույքին առնչվող գործերը։ Գիտեք, բավական շատ դեպքեր եղան, բայց դրանք շատ չազդեցին կոռուպցիայի ընկալման վրա»։

Այն, ինչ հայտնի է հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից, հետևյալն է․ գործն առնչվում է «Քովիդ»–ի կանխարգելման, վերահսկման, բուժման համալիր միջոցառումների ծրագրին, որն իրականացվում էր պետբյուջեի միջոցներով։ Երկու ամսով կալանավորված փոխքաղաքապետը դիտարկվող ժամանակաշրջանում զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը, մյուս ձերբակալվածները նույնպես առողջապահության ոլորտից են։ Խոսքն, ընդհանուր առմամբ, խարդախության եղանակով հափշտակված  119 միլիոն դրամի մասին է։

Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի փաստաբանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը չի ընդունում, որ երբևէ պաշտոնեական դիրք է չարաշահել։  

Քրեական գործին ֆեյսբուքյան գրառումներով անդրադարձել է նաև առողջապահության նախկին նախարարը՝ հիշեցնելով, որ ամբողջ աշխարհում «Քովիդ»–ի դեմ պայքարի մեխանիզմ չի եղել։

«Չեմ զարմանա, եթե մեզ վաղը մեղադրեն Քովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ․ չէ՞ որ Քովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն»։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հերքում է այն տեղեկությունները, թե «Քովիդ»–ի գործի հիմքում նաև ներիշխանական հակասություններն են։  

«Ես համաձայն չեմ այդ տեսակետների հետ։ Յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր գործ, առնվազն մեկ տարի քննության է ենթարկվում։ 1.5–2 տարին նման ծավալի գործի համար, իհարկե, նորմալ ժամկետ է։ Ուղղակի ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ոչ մեկը մեղավոր չէ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ։ Հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը։ Ես միայն ուրախ եմ, որ նման քննարկումները կան, և նման քրեական վարույթներով ամբողջ պետական ապարատը, համայնքային աշխատողները, բոլորը հասկանում են, որ անզիջում պայքար է, չկա յուրային–ոչ յուրային, ու եթե մարդը կատարել է հանցագործություն, պատժվելու է»։

Արդարադատության նախարարը տեղեկություն չունի, թե արդյո՞ք դատախազությունը պատրաստվում է խորհրդարան գալ Արսեն Թորոսյանի անձեռնմխելիության հարցով։ Թորոսյանն ինքը ցանկություն հայտնել պատասխանել նախաքննության մարմնի հարցերին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն նման գործողություններ չի ձեռնարկել։ Գրիգոր Մինասյան․

«Կարծում եմ, դա իրավապահ համակարգին ուղղվելիք հարց է և յուրաքանչյուր քննիչ իր վարույթի շրջանակներում ինքն է որոշում կայացնում՝ որ ուղղությամբ տանի իր քննությունը։ Ենթադրում եմ, այս ուղղությունն է ընտրվել։ Եվ քանի որ ունենք 11 մեղադրյալ այս գործով, դա նշանակում է, որ քննությունը այն ճանապարհով է գնացել, որ քննիչը ունի վստահություն, որ ավելի կամ պակաս հարցաքննվողներ պետք չեն»։  

Գործի շրջանակում հարցաքննվողները քիչ չեն։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հաստատում է, որ հարցաքննվել է նաև իր տեղակալը։ Արտյոմ Սմբատյանը 2019–2021 թվականները զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը։ Բադասյանի խոսքով՝ իր տեղակալին հարցաքննել են վկայի կարգավիճակով։

«Գիտեմ, որ այդ գործով բազմաթիվ պաշտոնյաներ, ով ընդհանրապես առնչվել է պրոցեսին շատ շատերը հարցաքննվել են, ինքն էլ այդ շրջանակում վկայի կարգավիճակով հարցաքննվել է։ Ինչի՞ պետք է անհանգստանանք կամ ոչ։ Եթե իր մասով էլ լիներ հիմնավոր կասկածներ, արդեն կլիներ»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խուսափում են մեկնաբանել թիմակիցներին առնչվող քրեական վարույթը։ Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, օրինակ, կոչ է անում պահպանել անմեղության կանխավարկածը բոլորի դեպքում և սպասել օրինական վճռին։

Կարդացեք նաև

Back to top button