Լենա Բադեյան
«Ռադիլուր»
Խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը այսօր խորհրդակցություն են անցկացրել Աժ-ի քառօրյային ընդառաջ: Ինչպես արդեն ընդունված է, որոշել են ընդհանուր ռազմավարությունը հաջորդ շաբաթվա աշխատանքների համար: Սպասվածին հակառակ առաջիկա քառօրյայում ընդդիմությունը դեռեւս չի բարձրացնի Կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Փոխարենը` կնախաձեռնի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:
Հաջորդ շաբաթ մեկնարկող խորհրդարանի քառօրյայում ընդդիմությունը դեռ չի բարձրացնի Կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Սա որոշվել է խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի այսօրվա խորհրդակցության ժամանակ: Պատճառը նիստից հետո լրագրողներին փոխանցեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մինչ այդ հավելելով, որ փաստաթղթի վրա աշխատանքը դեռ շարունակվում է:
«Ակնհայտ է, որ հարցեր են ավելանում կառավարության անվստահության հարցով»:
Պատգամավորը դժվարացավ ժամկետ հստակեցնել, թե երբ է հասունանալու պահը: Ընդդիմադիրների խորհրդակցությանը քննարկվել է նաեւ գազի հետ կապված այն առաջարկը, որը կատարել է մեծամասնությունը: Ունեն որոշակի փոփոխությունների առաջարկ եւ դա կներկայացնեն մեծամասնությանը, բայց ընդհանրապես ողջունում են, որ նաեւ Կառավարությունն է որոշել ստեղծել մի հանձնաժողով` գազի կալորիականության խնդիրները ուսումնասիրելու համար: Թեեւ ընդդիմադիրների առաջարկից սա տարբերվում է, բայց Դաշնակցականները պատրաստ են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին: Սա որոշակիորեն նաեւ միասնական ընդդիմության հաղթանակն է, կարծում է Արմեն Ռուստամյանը:
Դաշնակցության առաջարկը` Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հետ կապված, թեեւ մերժվեց եւ չընդգրկվեց օրակարգ, բայց ամենայն հավանականությամբ կքննարկվի երեքշաբթի օրվա երկրորդ կեսին: Դաշնակցությունն օգտվելու է իր իրավունքից եւ հարցը ճանաչելու է անհետաձգելի: Այսօրվա խորհրդակցությանը ՀԱԿ խմբակցությունը տեղեկացրել է, որ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը ցանկանում է մտցնել օրակարգ: Դրա համար անհրաժեշտ է պատգամավորների անհրաժեշտ քանակի ստորագրություն եւ ընդդիմադիրները պայմանավորվել են ապահովել այն: