ԿարևորՀասարակություն

Տեխնոհամայնքի նորություններ ու այցելուների չդադարող հոսք. այս տարվա «Դիջիթեքն» ամենամեծն է

Երևանում ընթանում է տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեքը»։ 17-րդ ամենամյա ցուցահանդեսին, որը բաց կլինի մինչև մարտի12-ը, մասնակցում է տարբեր երկրների 120 ընկերություն։ Տաղավարներ են հատկացվել նորաստեղծ ստարտափերին, ինժեներական ու ռազմաարդյունաբերական ընկերություններին։ «ԴիջիԹեքի» շրջանակում տեխնոհամայնքը ներկայանում է իր նորություններով, ցուցադրում կարողություններն ու աշխարհին հայտնում իր հավակնությունների մասին։

«Հայաստանի համար նման կարևոր պայմաններում շատ անհրաժեշտ է, բացի ԱԹՍ–ներ ունենալուց, դրանց կիրառողներն էլ ունենալ։ 10-ից ավելի ընկերություններ կան այժմ, որոնք չունեն մասնագետներ, որոնք կկարողանան իրենց սարքերը կիրառել անգամ բանակում»։

«Արմաթի» մեծ թիմի անդամ, խմբավար  Հայկ Կարապետյանն այս տարի «Դիջիթեքին» մասնակցում  է իր անհատական տաղավարով։ Նա ներկայացնում է հայկական դրոնների մրցավազքի համայնքը, որն առաջինն է Հայաստանում։ Միջազգային սպորտաձևը, որը փորձում է նաև մեր երկրում զարգացնել, նպաստելու է նաև համապատասխան կադրերի պատրաստմանը․

«Խնդիրը, որը դրել եմ իմ առջև, այն է, որ եթե տվյալ ընկերություները զբաղված են սարքեր արտադրելով, ես էլ մասնագետներ եմ պատրաստում, որոնք կկարողանան իրենք էլ պատրաստել, վերանորոգել, այսինքն՝ մասնագետ, որը հասկանալու է ամեն ինչից։ Եթե 14 տարեկան երեխան երեք կամ չորս տարի փորձի տիրապետել այս հմտություններին, 18 տարեկանում պատրաստի կադր է բանակում այս գիտելիքները կիրառելու համար»։

«ԴիջիԹեքի» շրջանակում այս օրերին տեխնոհամայնքը ներկայանում է իր նորություններով, ցուցադրում կարողություններն ու աշխարհին հայտնում իր հավակնությունների մասին։

Տաղավարներից մեկը «Zoomerang»-ինն է։ Այդ հավելվածով կարելի է եզակի և ոգեշնչող կարճ տեսանյութեր պատրաստել TikTok-ի, Instagram Reels-ի, YouTube Shorts-ի և այլ հարթակների համար։

«Zoomerang»–ը 2-րդ անգամ է մասնակցում «Դիջիթեքին»։ Ընկերության տաղավարն այցելուներին է ներկայացնում տեսակաղապարների խոշորագույն խանութ, որի հիմնական օգտատերերը գործարար աշխարհի ներկայացուցիչներն են։ Այն այդ ոլորտի թիվ 1 շուկան է՝ ունի ավելի քան 10 միլիոն տեսակաղապարներ և ավելի քան 30 միլիոն օգտվողներ ամբողջ աշխարհում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Գրիգորյանը պատմում է իրենց գործունեության մասին։

«Պրոդուկտն իրենից  ներկայացնում է խանութ, որտեղ բիզնեսներն ու անհատ ստեղծողները կարող են գտնել կաղապարներ սոցիալական հարթակներում տեսանյութեր ստեղծելու համար։ Օգտագործելով այս կաղապարները, րոպեների ընթացքում ստեղծում են քոնթենթ, որը կարող են օգտագործել իրենց Ինստագրամում կամ Տիկտոկում կամ ֆեյսբուքում»։

Արթուր Սիմոնյանն էլ «TEAM systems» ընկերությունն է ներկայացնում։ Ընկերությունն այս տարի նորույթ ունի։ Արևային և մեքենաների լիցքավորման կայանների տեղադրմամբ են որոշել զբաղվել։ Նախատեսում են մինչև տարեվերջ ամբողջ հանրապետության տարածքում 100 կմ–ը մեկ կայանք տեղադրել․

«Երկու տեսակի լիցքավորման կայաններ կան՝ արագ և դանդաղ։ Արագ կայանքները տալու են 60 կվ/ժ հզորություն, դանդաղները՝ 7,14  և 22 կվ/ժ արագությամբ։ Հիմնականում դանդաղները տեղադրում ենք ժամանց անցկացնելու կենտրոնների մոտ, որտեղ մարդիկ կարող են մի քանի ժամ թողնել մեքենան լիցքավորման, իսկ արագները՝ մայրուղիներին մոտ, որ մեքենաները կարողանան արագ կանգնել, լիցքավորվել ու շարժվել»։

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանն էլ ներկայացնում է, թե ինչ ծրագրեր ունեն Հայաստանը Մարսի հետազոտական կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Առաքելությունն իրագործելու համար Ավստրիական Տիեզերական Ֆորումն ընտրում է երկիրը, որի տարածքում ենթադրյալ վեց տիեզերագնացների անձնակազմը մասնակցում է դեպի Մարս թռիչքի և Կարմիր մոլորակի վրա վայրէջքի փորձարկմանը:

«Մարտի սկզբին հայտարարեցին, որ ուզում են 2024 թվականի գարնանը Հայաստանում իրականացնել այս ծրագիրը։ Այժմ մենք նախապատրաստական փուլն անցնում ենք իրենց հետ։ Հետո արդեն պետական կառույցների հետ միասին այդ ծրագիրը լայնամասշտապ  կիրականացնենք Հայաստանում»։

Առաքելության առաջնային նպատակը գիտական հետազոտությունն է, իսկ երկրորդը՝ գիտության հանրայնացումը: Կազմակերպիչները հավատում են, որ 2024թ. Մարսյան առաքելությունը կդառնա ևս մեկ լրացուցիչ արագացնող գործոն,

որը կարող է ոգեշնչել Հայաստանի ոչ միայն գիտնականներին և հետազոտողներին, այլև գիտությունից հեռու կանգնած մարդկանց:      

«Դիջիթեք» 17-րդ ամենամյա ցուցահանդեսին, որը կընթանա մինչև մարտի 12-ը, մասնակցում է տարբեր երկրների 120 ընկերություն։ Տաղավարներից յուրաքանչյուրը ժամանակակից լուծումներով փորձում է գրավել այցելուների ուշադրությունը։ Կազմակերպիչները փաստում են՝ «Դիջիթեքն» այս տարի ամենամեծն էր ։ 

Կարդացեք նաև

Back to top button