ԿարևորՀասարակություն

Դարձյալ վառարան ու ապրանքների պակաս․ 3 ամիս Արցախը շրջափակման մեջ է

Սադրանքներ, հրադադարի ռեժիմի խախտումներ, գազամատակարարման արգելափակում․ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու որոշումը, այլ շարունակում է սրել իրավիճակը։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝  ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Բացի այդ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արդեն երեք ամիս Արցախն ու 120 հազար հայեր շրջափակման մեջ են։ Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու որոշումից 17 օր անց Ադրբեջանը ոչ միայն չի կատարում դատարանի պահանջը, այլ ավելի ու ավելի է սրում իրավիճակը։ Մոտ մեկ շաբաթ առաջ թշնամու ահաբեկչությունից ԱՀ երեք ոստիկան զոհվեց։ Այս ընթացքում հաճախակիացել են նաև հրադադարի ռեժմի խախտման դեպքերը․

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։

Իսկ Արցախում կրկին խանութներում հերթեր են, ապրանքների սղություն՝ ասում է Ստեփանակերտի բնակչուհի Իրինա Առուստամյանը։ Մարտի 10-ից գազամատակարարումը կրկին անջատված է, իսկ դա ավելի է սրում իրավիճակը։ Շարունակվում են նաև հովհարային անջատումները։

«Որ գազը կար, մի տեսակ հանգիստ էինք, մանավանդ, որ երեխաներին դպրոց ենք ուղարկում։ Առավոտ արթնանում էինք, լույս չկար, բայց գազ ունեինք։ Երեկվանից կրկին անջատել են գազը։ Պետք է նորից անցնենք վառարանին, որ ջուր տաքացնենք, երեխաներին լողացնենք։ Մեծերն էլ կօգտվեն, ուրիշ ձև չունենք»,– ասում է Իրինա Առուստամյանը։

Հունվարի 9–ից վնասված է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ  էլեկտրագիծը։ Վթարն արձանագրվել է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգողական աշխատանքներ կազմակերպել։ Արցախում հովհարային անջատումները շարունակվում են՝ օրը վեց անգամ՝ մեկական ժամով։  44–օրյա պատերազմից հետո Արցախը 112,5 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-եր կորցրեց։ Այժմ հայկական վերահսկողության տակ են մնացել 34 ՀԷԿ-երից 6-ը։ Դրանցից հինգը փոքր ՀԷԿ-եր են, մեկը` խոշոր։ Այս կորուստներից հետո Հայաստանի և Արցախի էներգետիկ անվտանգության գնահատականներն արդեն հուսադրող չէին նույնիսկ մինչև շրջափակումը։  «Հայկական էներգետիկական ակադեմիա» ՀԿ նախագահ Ստեփան Պապիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ այժմ Արցախում նոր ՀԷԿ  է կառուցվում։ Փորձագետը Արցախում նաև փոքր հզորությամբ գազատուրբինային ՋԷԿ ունենալն է կարևորում․

«Մոտ 60 տոկոսով հնարավոր է բավարար Արցախի էներգետիկ պահանջարկը, մյուս 40 տոկոսը Արցախը ստանում է Հայաստանից՝ 110 կՎտ  լարմամբ բարձրավոլտ գծի միջոցով։ Այն ըստ պաշտոնական տեղեկատվության վթարված  է, ու հնարավոր չէ այն վերականգնել»։

Արցախում խանութները նորից սկսել են դատարկվել։ Տնտեսական ապրանքները քչացել են, հերթերը՝ շատացել, ասում է Իրինա Առուստամյանը․

«Խանութներում հիմնականում կտրոնով տրամադրվող ապրանքներն են։ Մեկ–մեկ երշիկեղեն են ստանում՝ շատ բարձր գներով։ Մի պահ ամեն ինչից քիչ–քիչ կար, բայց մարտի 5–ի ահաբեկչությունից հետո նորից ապրանքի պակասություն կա։ Հատկապես հիգիենիկ պարագաների, երեկ մի քանի ժամ հերթ եմ կանգնել, որ կարողանամ հիգիենիկ պարագաներ վերցնեմ»։

Արցախում առաջին անհրաժեշտության մի խումբ ապրանքներ ու բանջարեղենը  կտրոնով են վաճառվում։ Իրինան պատմում է՝ կտորնները ձեռքներին չեն կարողանում կարտոֆիլ, գազար, կաղամբ ու միրգ գնել․

«Այս պահի դրությամբ միրգ ու բանջարեղեն չկա։ Միրգը մի քանի անհատներ բերում են ու թանկ գնով վաճառում։ Կարտոֆիլ չկա։ Կտրոնները մարդկանց ձեռքին չենք կարողանում ծախսել, քանի որ ոչ մի բան չկա։

Խանութներում դատարկություն է։ Կտրոններով ամսվա ընթացքում երկու անգամ ենք կարողանում ապրանք ձեռք բերել։ Առաջին ժամկետը մարտի 7–ն էր, բայց մնացել են առանց գնման, քանի որ ապրանք չկա»։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին կտրոնային համակարգով  տրամադրելիս հաշվի չի առնվել գարնանացանի կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը: Հաշվի առնելով գարնանացանի կարևորությունը և հրատապությունը, պետության կողմից առաջնահերթությունը տրվել է դրան, այդ պատճառով երբեմն բանջարեղենի պակասորդ է արձանագրվում:

Հաշվարկված է նաև եռամսյա շրջափակման գինը՝ 160 մլն դոլարի վնաս կամ ՀՆԱ–ի կանխատեսված ցուցանիշից ավելի քան 17 տոկոսի չափով տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովում։

Կարդացեք նաև

Back to top button