
Օրերս Լոս Անջելեսում կայացել է գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի նոր գրքի՝ «Փոս Փարիզի» շնորհանդեսը։ Թե ինչու «Փոս Փարիզ», հեղինակը «Ռադիոլուրի» հետ զրույցում է մանրամասնել․ Երևանում երկու փոս կար՝ մեկը Երրորդ մաս կոչվող թաղամասում, մյուսը՝ Չարբախում։ Հենց Չարբախի փոսում ապրողների մասին է գիրքը։
Գինու կաթիլները թափվում են «Փոս Փարիզի» վրա, այսինքն՝ Սպարտակ Ղարաբաղցյանի նոր գրքի շապիկին։ Լոս Անջելոսում կայացել է գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի նոր գրքի շնորհանդեսը։ Ղարաբաղցյանը համաձայն չէ շնորհանդես բառի հետ։ Ասում է՝ այն գրքի անցնելու ճանապարհն է։

Իսկ ինչո՞ւ «Փոս Փարիզ»։ Երևանում երկու փոս կար. մեկը` Երրորդ մաս կոչվող թաղամասում, մյուսը՝ Չարբախում։ Հենց Չարբախի փոսում ապրողների մասին է գիրքը։ Իսկ այնտեղ ապրողները, որ հիմնականում նորեկներ էին, հենց Փարիզից էին։

«Մեր տարիների Փարիզն աշխարհի մշակությային կենտրոնն էր։ Ու այդ անունը ուրիշներն էին կնքել, այն որ այստեղ ապրում են մարդիկ, որոնք կիրթ են, լեզու գիտեն, հավատարիմ են երկրին ու ընտանիքին։ Մեր թաղը հինգ լեզու գիտեր՝ հունարեն, արաբերեն, թուրքերեն ու հետաքրքիր կոլորիտ էր ստեղծում»։

Այդ կոլորիտային խճանկարից մեկ պատմություն է պատմում գրողը․
«Լևոն քեռի ունեինք, այն ժամանակ մեր արտաքնոցները դրսում էին, ու ես 10-11 տարեկան երեխա էի, նրան տեսա, ասեցի՝ բարև Լևոն քեռի, բարևս չառավ։ Հետո եկավ ու ասեց, եթե բարևեի, պիտի ասեի Աստծո բարև, բայց արտաքնոցի ճանապարհին Աստծո անունը չեն տալիս։ Ու իսկապես, առանց հավատք երկիրը, տունը արտաքնոցի է նման»։

Այս պատմվածքները գրելիս Ղարաբաղցյանի մտքում անընդհատ Շուշին է եղել։ Նախորդ՝ «Արևի բնակավայրը» գրքի շնորհանդեսը հենց Շուշիում է եղել, ինչպես ինքն է ասում՝ Հայաստանի Երուսաղեմում․
«Հետո եղավ Երուսաղեմում, հետո Հալեպում, քո արյան երակի կանչով անցավ բոլոր երկներերով»։

Կրկին վերադառնում ենք «Փոս Փարիզին»։ Այստեղ հերոսները մեր հարևաներն են, մեր կողքին ապրող մարդիկ։ Մարդիկ, որոնց հետ ապրել են մի ընտանիքի պես՝ ուշադիր ու հոգատար միմյանց նկատմամբ․
«Նայեք ձեր կողքերն ովքեր են ապրում, ու անտարբեր մի մնացեք այդ, անտարբերությունը մեր տունը քանդել է»։

Ավագ ընկեր Հարություն Հարությունյանը այսպես է բնութագրում Ղարաբաղցյանի գիրքը․ «Նրա գրչի ծայրին Հայաստանն է ու հայությունը, Արցախն է ու Շուշին, Հալեպն ու Բեյրութը, ողջ Միջին Արևելքը»։

«Գրողի համար նոր գիրքը երեխայի ծնունդ է, ու երբ գիրքը դառնում է հանրությանը, պատասխանատվությունը էլ ավելի է մեծանում»,-ասում է Սպարտակ Ղարբաղցյանը։
«Եթե դու հարգում ես ընթերցողին, նրան չպետք է հուսախաբ անես։ Պետք է լինես մաքսիմալ անկեղծ ու երկխոսես ընթերցողի հետ»։




