ԿարևորՀասարակություն

Բնապահպանական + անվտանգային․ ի՞նչ նոր ռիսկեր է պարունակում Ամուլսարի հանքի շահագործումը

 Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի եռակողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Եվրասիական զարգացման բանկի ու «Լիդիան Արմենիա»-ի հետ և հայտարարում է, որ Ամուլսարի հանքը կշահագործվի: Հնարավոր է արդյո՞ք զարգացնել հանքարդյունաբերությունը, հնարավորինս նվազեցնելով ռիսկերը, միաժամանակ ապահովելով աշխատատեղեր ու պետական բյուջեի եկամուտները։ Գործադիրում կարծում են՝ այո, բնապահապաններն ու Ամուլսարի շահագործման դեմ արտահայտվողները՝ ոչ։ Կշեռքի մի նժարին մարդկանց առողջությունն ու արդեն սահմանամերձ դարձած Ջերմուկի ապագան է, մյուսին՝ տնտեսական հաշվարկներն ու  օտարերկրյա ներդրողների մոտ Հայաստանի վարկանիշը։

 Ջերմուկ առողջարանային քաղաքից  մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի հանքավայրը կշահագործվի՝ անկախ մոտ տասը տարի հնչող բնապահպանական ռիսկերի մասին մտահոգություններից։ Ամուլսարի հանքավայրի շահագործման թեման ակտիվացավ, երբ փետրվարի 22–ին  Հայաստանի կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի ու «Լիդիան Արմենիա»-ի հետ եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեց, ազդարարելով հանքավայրի շահագործման մասին։  Ընդհանուր ներդրումային գումարը 250 միլիոն դոլար է կազմում։

 «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն ընդգծում է ՝ 2020թ սեպտեմբերի 27–ից ու հատկապես 2022–ի սեպտեմբերից հետո, երբ թշնամու թիրախում հենց Ջերմուկն էր, առողջարանային քաղաքը սահմանամերձ է դարձել, ուստի հանքավայրի շահագործման վտանգն ավելի է մեծացել։

 «Ջերմուկը դարձել է վտանգավոր ու սահմանամերձ, որտեղ կառավարությունը պետք է շատ մեծ ծրագրերով ամրապնդեր այդ անվտանգությունը։ Այդ ծրագրերը մենք չտեսանք, փոխարենը տեսանք մի ծրագիր, որով Ջերմուկն ավելի խոցելի կդառնա։ ՇՄԱԳ–ում նշված է, որ 800 աշխատատեղ է ստեղծվելու։ Դա նշանակում է, որ տարբեր շրջաններից են գալու՝ փոխարինելով տեղի բնաչությանը։ Տեղի բնակչությունը տասնյակ տարիներ առողջապահական սերվիսով է զբաղված, նրանք մասնագիտացել են ու իրենց մասնագիտությունը չեն փոխելու ավելի ծանր աշխատանքով»,–ասում է Ինգա Զարաֆյանը։

Արդյունքում՝ Ամուսլարի հանքավայրի շահագործումից հետո, Զարաֆյանի բնութագրմամբ, Ջերմուկը կդառնա  ուրվական բնակավայր, որտեղ քաղաքը կլինի, մարդիկ՝ ոչ։ «Լիդիան» ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք ստացել է 2012-ին, հանքի շահագործումը սկսել է 2016-ի օգոստոսին։ 2017-ին հայտնի էր դարձել, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա 2018-ին։ Այն ժամանակ «Լիդիան Արմենիա»–ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտնել էր, որ կապիտալ ներդրումները մինչև շինարարության ավարտը կկազմեն 370 միլիոն դոլար, իսկ հանքի շինարարության աշխատանքներում ներգրավված աշխատողների մեծ մասը կլինեն  Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները։

«Գնահատված է, որ «Լիդիան Արմենիա»–ի աշխատանքը Հայաստանի ՀՆԱ–ն կավելացնի մոտ 1 տոկոսով։ Իսկ սա արդեն բարձր ցուցանիշ է»,– վստահեցնում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյանը հիշեցնում է՝ 20–ից ավելի մետաղական հանքավայր կա Հայաստանում, որոնցից 7 խոշորները աշխատում են։ Տնտեսական օգուտների վերաբերյալ Վարդանյանն իր հաշվարկներն ունի․

«Վերջին 15–20 տարվա մեջ  ՀՆԱ–ում մետաղական հանքերը կազմում են 2․7 տոկոս։ Եթե 2․7 տոկոսը բաժանենք 7 մետաղական հանքերի վրա, որի մեջ Սոթքն է, որտեղ Ամուլսարից գրեթե 10 անգամ ավելի ոսկի կա, Քաջարանը, Զանգեզուրը, եթե նրանցից ամեն մեկը  թեկուզ 1 տոկոս ավելացրած լինեին, ՀՆԱ–ում նվազագույնը 7 տոկոս արդյունք պետք է ունենայինք, որն այսօր չունենք»։

Նազելի Վարդանյանը հիշեցնում է՝ 44–օրյա պատերազմի ժամանակ վտանգված էր Արծվանիկի պոչամբարը։ Նա «Գեոպրոմայնինգ» ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքավայրի ճակատագիրն է հիշեցնում, դրա մի մասն այժմ գտնվում է թշնամու ձեռքում։ Սրան ավելացել են նաև ՌԴ նկատմամբ Արևմուտքի  պատժամիջոցները․

«Ո՞նց կարող է սանկցիաների պայմաններում, ամերիկյան օֆշորներում գրանցված կազմակերպությունները աշխատեն ռուսական կապիտալով։ Եվրասիական բանկը հիմնականում ռուսական կապիտալի է, այն էլ՝ պետական, ռուսական կառավարության միջոցներով ստեղծված կապիտալ»։

Սրանից բացի, ըստ բնապահպանի, Ամուսլարի շահագործմամբ վտանգվելու է նաև Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսը։

Խնդրահարույց ոլորտում տնտեսական հաշվարկներն, ըստ մասնագետների, փոխվում  են։ Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն օրինակ վստահ է՝ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կավելանային, եթե Ամուլսարը շահագործվեր։ Էկոնոմիկայի նախարարն այլ ասելիք ունի․ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։

Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվողները ընդգծում են՝ ստորագրվածն ընդամենը մտադրությունների հուշագիր է։

Կարդացեք նաև

Back to top button