
ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձեւակերպելու բազմաթիվ դեպքեր, հայտնում են ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել եւ ներմուծվել Վրաստանից:
Ամիսներ շարունակ ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ եւ արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջ կողմից մշակվել եւ իրագործվել է հանցավոր սխեմա: Արդյունքում, ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
Մասնավորապես, տրանսպորտային միջոցը դատարկ վիճակում հատել է հայ-վրացական սահմանը, հետո՝ վրաց-ռուսական սահմանը, այնուհետեւ վերադարձել է ու նորից դատարկ վիճակում հատել ռուս-վրացական սահմանը: ՌԴ-ում կազմվել է ՌԴ ռեզիդենտից ապրանքների ձեռքբերման կեղծ հաշիվ-ապրանքագիր եւ տարանցիկ հայտարարագիր: Տրանսպորտային միջոցն այդ հայտարարագրով հատել է ՌԴ «Վերին Լարսի» սահմանային անցակետը, սակայն Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետում չի ներկայացրել ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրը եւ տարանցիկ հայտարարագիրը ու փաստացի Վրաստան է մուտք գործել դատարկ վիճակում: Այնուհետեւ Վրաստանում ֆիզիկական անձանց ու տրանսպորտային միջոցների վարորդների անուններով ձեռք են բերվել ապրանքներ, որոնք բեռնվել են տրանսպորտային միջոց: Նշված ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը հատել է Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետը` ձեւակերպվելով արտահանում Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն, սակայն հասնելով Հայաստանի «Բագրատաշենի» սահմանային անցակետ` Հայաստանի մաքսային մարմնին ներկայացվել է ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրն ու տարանցիկ հայտարարագիրը:
Նախորոք իմանալով Վրաստանում ձեռք բերվող ապրանքների տեսականին եւ քանակները` ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրում եւ տարանցիկ հայտարարագրում նշվել են ձեռքբերվող ապրանքների իրական տեսականին եւ քանակները, իսկ ապրանքների գները նշվել են մի քանի անգամ ցածր գնով:
Նկարագրված եղանակով շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում 72 դեպքով փաստացի Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական եւ այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձեւակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ:
Միաժամանակ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջը պատկանող ընկերություններից մեկը նկարագրված սխեմայով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ապրանքներ: Բեռը ներմուծող տրանսպորտային միջոցը Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո մուտք է գործել «Բագրատաշենի» սահմանային անցակետ: Վարորդի մոտից հայտնաբերվել են ներմուծված ապրանքների արտահանման փաստաթղթերը եւ նամակ, որով ՌԴ ապրանք մատակարարողը հայտնել է, որ իբրեւ սխալմամբ է ապրանքն ուղարկել Հայաստանի Հանրապետություն եւ պահանջել բեռը հետ վերադարձնել: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է ներմուծված բեռի արտահանումը Ռուսաստան: փաստացի հետազոտմամբ պարզվել է նաեւ, որ ներմուծված ապրանքների մակնշումները թուրքերեն լեզվով են:
Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Առերեւույթ, հանցագործության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Երեւան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ:
ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է՝ փաստացի երրորդ երկրներից ներմուծումները չձեւակերպել որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ:
Նմանօրինակ դեպքերը բացահայտելու համար ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում իրականացվում են ամենօրյա հսկողական աշխատանքներ՝ նման երեւույթները կանխարգելելու եւ բացահայտելու նպատակով:




