
Վրաստանում բազմահազարանոց ցույցերի առիթ դարձած օրենսդրական նախագիծը հետ է կանչվել։ Մարտի 7-ից վրացիները Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ պայքարում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենսդրական նախագծի դեմ։ Այս օրենքի ընդունվելու դեպքում օտարերկրյա ֆինանսավորում ստացող բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք համարվելու են օտարերկրյա գործակալներ։ Ինչպե՞ս են զարգանում իրադարձությունները Վրաստանում և ինչպե՞ս կարող դրանք անդրադառնալ Հայաստանի վրա։
- Օտարերկրյա գործակալ և 25 000 լարի տուգանք
Վրաստանի խորհրդարանը նախատեսել էր մարտի 9-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենսդրական նախագիծը, սակայն օրենքի հեղինակներն ստիպված եղան այն հետ կանչել։ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» և խորհրդարանի իշխող մեծամասնության անդամ մյուս կուսակցությունները տեղի տվեցին բազմամարդ բողոքի ակցիաներին։ Ցուցարարները օրենսդրական այդ նախագիծը «Պուտինի օրենք» էին որակում։

Օրենքը հեղինակած կուսակցությունները համատեղ հայտարարության մեջ նշել են․
«Ստի մեքենան կարողացել է օրենսդրական նախագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածի։ Օրենսդրական նախագծի վրա դաջվել էր «ռուսական օրենք» կեղծ պիտակը, իսկ առաջին ընթերցմամբ դրա ընդունումը հանրության շրջանում ներկայացվել է որպես եվրոպական ուղուց հեռացում։ Բացի այդ, արմատական ուժերին հաջողվել է երիտասարդության մի հատվածի ներգրավել հակաիրավական գործունեությանը»։
Խնդրահարույց նախագծի ընդունման դեպքում Վրաստանում ստեղծվելու է «օտարերկրյա գործակալների» ռեեստր։ Այստեղ պետք է ներառվեն այն բոլոր հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց տարեկան եկամուտների 20%-ից ավելին ձևավորվում է օտարերկրյա ֆինանսավորման միջոցով։ Դրանք որակվելու են որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ» կամ տուգանվելու են մինչև 25 000 լարի՝ մոտ 9400 դոլար։
Օրինագծի հեղինակ «Ժողովրդի իշխանություն» խումբը դա համարում է թափանցիկության սկզբունքների վրա հիմնված աշխատելաոճի խթանում։
- «Ինչի՞ մասին է հետկանչը» և «Պահանջում ենք ազատել 133-ին»
Նախագիծը հետ կանչելու մասին վրացագետ Վահե Սարգսյանը գրում է՝ խորհրդարանը մտածված, դիվանագիտական քայլ է կատարել․
«Դատելով համատեղ հայտարարության բովանդակության տողատակերից, Վրաստանի իշխանությունների այս նահանջը տակտիկական էր. օպերացիայով լավագույնս բացահայտեցին գործակալական ցանցի առավել վտանգավոր օջախները: Դրանից ելնելով, առաջիկայում կիրականացվեն դրանց չեզոքացման աշխատանքներ, որից հետո արդեն հեշտությամբ կընդունվեն գործակալական ցանցը վերահսկող և վտանգավոր բացիլներին արագորեն հայտնաբերող ու չեզոքացնող օրենսդրական գործիքները»:
Ի՞նչ ճակատագիր է ունենալու նախագիծը, այն հետ է կանչվել վերջնականապե՞ս, ժամանակավո՞ր, թե որոշակի փոփոխություններով նորից առաջարկվելու է։ Այս հարցերը հետաքրքրում են նաև վրացական ընդդիմությանը։ Պատասխաններ դեռ չկան։ Վրացական «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Ցոթնե Քոբերիձեն հայտնել է, որ ցույցերը շարունակվելու են։
Վրացական հատուկջոկատայինները մինչև նախագծի հետկանչը ցրել էին բողոքի ցույցը, կիրառելով ջրնետ մեքենաներ և արցունքաբեր գազ։ Վրաստանի ՆԳՆ փոխանցմամբ՝ 2 օրում 133 մարդ է ձերբակալվել։ Այժմ ցուցարարները պահանջում են հստակեցնել նախագծի հետկանչը և ազատ արձակել ձերբակալվածներին։
- Արևմտյան սանկցիայի և ռուսական նախատինքի մեջտեղում․ Հայաստանն ու վրացական «ագենտները»
Սա միայն Վրաստանի ներքաղաքական խնդիրը չէ՝ վստահ են հայ փորձագետները։ Կարեն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ Վրաստանում տեղի ունեցողի անուղղակի ազդեցությունը Հայաստանն է կրելու․
«Մենք գիտենք, որ տարածաշրջանային այս հակամարտությունների ժամանակաշրջանում, հատկապես Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում, կարծես թե Վրաստանը չեզոք դիրք է բռնել։ Հենց դա էլ թույլ է տալիս, որ թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը զերծ մնան որոշակի սահմանափակումներից։ Եթե այս գործողությունների արդյունքում խախտվի Վրաստանի արտաքին քաղաքականության բալանսը և Վրաստանը դուրս գա չեզոքության իր կարգավիճակից, չի բացառվում, որ Հայաստանը ևս դրանից կտուժի»։
Ընդգծված պրոռուսական դիրքորոշումը կարող է արևմտյան սանկցիաների, իսկ պրոարևմտյանը՝ ռուսական նախատինքի պատճառ դառնալ Վրաստանի համար։ Եվ քանի որ Հայաստանը աշխարհի հետ հաղորդակցվում է հիմնականում վրացական սահմանով, սահմանափակումները կարող են խոչընդոտել նաև Հայաստանին․
«Վրաստանն է Հայաստանին Արևմուտքի հետ աշխարհագրական, տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ենթակառուցվածքային և մի շարք այլ հարթություններում կապող հիմնական օղակը»․ սա հատված է անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի գրառումից։ Իսկ քաղաքական փորձագետ Հակոբ Բադալյանն էլ կարծում է, որ Վրաստանի կայունությունը Հայաստանի համար ունի ոչ միայն զուտ հաղորդակցային-ենթակառուցվածքային նշանակություն, այլ անմիջական անվտանգային։ Բադալյանը գրում է․
«Վրաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը կարող է էապես բարձրացնել ռեգիոնալ ապակայունացման ռիսկը: Հարց է առաջանում, թե ինչու՞ է Վրաստանի իշխանությունը տալիս ապակայունացման առիթ՝ նախաձեռնելով այդ օրենքը: Սա նշանակու՞մ է արդյոք, որ Թբիլիսիում վստահ էին, որ այսպես, թե այնպես, կա Վրաստանի ապակայունացման հասնելու խնդիր և, ըստ այդմ, փորձում են օրենքի ընդունումով բարձրացնել այդ հարցում իրավիճակի կառավարելիությունը, այսպես ասած, գնալ կանխարգելիչ ճանապարհով, թեկուզ լարվածության ու ապակայունացման գնով, բայց՝ հետագայում ավելի հիմնարար պրոցեսներ կանխելու նկատառումով»։
- Նախագահի կարծի՞ք, թե՞ խորհրդարանի որոշում
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը նախադեպային չէ․ 2012-ին Ռուսաստանն ընդունել է նմանօրինակ օրենք, որը որակվում է որպես լրատվամիջոցների ազատությունն ու այլախոհությունը ճնշելու գործիք։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբշիվիլին, որը մարտի 7-ին գտնվում էր ԱՄՆ-ում, չեղարկել է Նյու Յորքում նախատեսված հանդիպումները և ուղերձով դիմել Վրաստանի քաղաքացիներին: Այդ ուղերձում նա հայտարարել է, որ օրինագիծը Ռուսաստանի պատվերն է, որ այն չպետք է ընդունվի որևէ կերպ և դրա դեմ կանգնած քաղաքացիները կանգնած են ազատ Վրաստանի համար, որին ոչ ոք չի կարող շեղել եվրոպական ուղղուց:
Վրաստանի նախագահը հայտնել է, որ վետո է դնելու օրենսդրական այդ նախաձեռնությունների վրա։ Սակայն նախագահի լիազորությունները սահմանափակ են, ուստի խորհրդարանական մեծամասնությունը կարող էր շրջանցել նախագահական վետոն։






