
Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում համախմբվածության, ինքնակազմակերպման ու կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ: Ստեփանակերտից ու շրջաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից ստացված արձագանքները մեզ ոգևորում և նոր ուժ են հաղորդում, ֆեյսբուքի իր էջին գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Հասարակական հիմունքներով պետական ծրագրերի իրագործմանն աջակցելու խնդրանքիս ի պատասխան՝ արդեն մի քանի օր է, հարյուրավոր երիտասարդներ ընդգրկված են ամենատարբեր աշխատանքներում: Լիահույս եմ, որ նման կազմակերպվածությունն ու ջանքերի մեկտեղումը ի զորու է մեղմել, ապա նաև չեզոքացնել այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է 44-օրյա վերջին պատերազմից հետո:


Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երիտասարդներին, ուսանողներին, օրենսդիր ու գործադիր մարմինների բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր միասնականության կոչը անմիջապես վերածել են շոշափելի արդյունքների: Ահա գործնականի վերածված առաջին քայլերը, կամավորականները բեռնաթափում և աջակցում են գարնանացան սերմերի բաշխման աշխատանքներին», -ասված է գրառման մեջ։




