
Հաշվի առնելով ստեղծված վիճակը և տնտեսական շրջափակման հետևանքով շուկայում իրացվող ապրանքատեսակների սղությունն ու գնագոյացման հետ կապված խնդիրները, տնտեսվարող սուբյեկտների կողմից չարաշահման դեպքերը, մարտի 7-ին Արցախի Հանրապետության կողմից ընդունվել է ապրանքների շրջանառության հատուկ կարգ, որն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարող սուբյեկտները պետք է նախապես ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որոնք նախատեսում են իրացնել, հանձնաժողովը դրանց համար սահմանելու է շուկայում իրացման առավելագույն գին, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ մանրամասնելով, որ սահմանված գինը խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական տույժի՝ 500 հազարից -1 միլիոն դրամի չափով։
Գործընթացի նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու տեղական ինքնակառավարման մարմինների, վարչակազմերի ղեկավարների, Պետական եկամուտների կոմիտեի, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի և Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից։
Այսօր և վաղը կկազմակերպվի տնտեսվարող սուբյեկտներին իրազեկելու գործընթացը, որից հետո Կառավարության կողմից սահմանված կարգը կիրառության մեջ կմտնի։




